«Իրանն ու ԱՄՆ-ը չեն զիջում դիրքերը, սա խիստ մտահոգիչ է ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համար». Արարատ Կոստանյան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացրել։ Նա նշել է, որ միջնորդները՝ ինչպես Կատարը, այնպես էլ՝ Պակիստանը, հաղորդագրություններ են փոխանակում և կապ պահպանում Թեհրանի հետ։

«Բայց դա ամենևին բանակցություններ չի նշանակում»,- ընդգծել է իրանցի նախարարը։

Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին էլ անդրադարձել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը, շեշտելով, որ  Հորմուզի նեղուցը փակելու կամ բացելու որոշումը կարող է կայացնել միայն Թեհրանը։

«Նեղուցը «չի կարելի գրավել ոչ թվիթով, ոչ էլ ավիակրով, ոչ հրամանով, ոչ էլ նախընտրական ճառով»,- ընդգծելով, որ Իրանը չի վախենում «ոչ սպառնալիքներից, ոչ էլ ուժի ցուցադրումից»՝ X սոցիալական ցանցում գրել է Ղարիբաբադին։

Կարդացեք նաև

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է ռազմավարական ջրային ուղին հայտարարել ամերիկյան տարածք։

Միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանը խոսելով Իրան-ԱՄՆ հակամարտության, հնարավոր զարգացումների և առհասարակ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին, նախ ասաց՝ որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի ջանքերը Միացյալ Նահանգների և Իրանի միջև բախումը կանգնեցնելու ուղղությամբ՝ առայժմ արդյունքի չհասան։ Փորձեր արվեցին գոնե որոշակիորեն մեղմելու լարվածությունը կամ դադար վերցնելու՝ բանակցությունների անցնելու և պատերազմական իրավիճակն Իրանում ու Մերձավոր Արևելքում կանգնեցնելու համար։

«Անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է, հատկապես, երբ նկատում ենք, թե ինչպես տարածաշրջանի արաբական հարևան երկրները ևս ներքաշվեցին այս պատերազմի մեջ այն պահից, երբ Իրանը հարվածեց ամերիկյան կենտրոններին։ Վերջին օրերին իրավիճակն առավել սաստկացավ, Միացյալ Նահանգների հայտարարություններն ավելի կոշտ են՝ հատկապես նկատի ունենալով Դոնալդ Թրամփի հայտարարությունները։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա  իշխանությունները կարծես թե իրավիճակը մեղմելու կամ Միացյալ Նահանգների պայմաններով կապիտուլյացիայի գնալու այդ հայտարարություններին չեն արձագանքում հետքայլով։ Նրանց տակտիկական գործողություններից երևում է, որ շարունակելու միտում ունեն։ Այսինքն՝ երկու կողմն էլ ներկա պահին չեն զիջում դիրքերը։ Սա խիստ մտահոգիչ է ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգության համար»,- 168.am հետ զրույցում ասաց Արարատ Կոստանյանը։

Ըստ մեր զրուցակցի, մտահոգիչ իրավիճակը ներկայումս դրսևորվում է նաև Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև ստեղծված անվտանգային ուղղվածությամբ համագործակցության մեջ։ Առաջին հերթին սա այդ պետությունների կողմից հայտարարություն է, որ տարածաշրջանն այլևս անվտանգ չէ, և նրանք չեն տեսնում նախկինում գոյություն ունեցած Միացյալ Նահանգների անվտանգության հովանոցը, որն առկա էր 1990-ականների վերջից ի վեր։ Ուստի նրանք փորձում են սեփական միջոցներով ապահովել իրենց անվտանգությունը։

«Սա վկայում է փոքր և միջին պետությունների շրջանում առկա մտահոգության մասին, որոնք փորձում են սեպարատ քայլեր ձեռնարկել։ Կան նաև խոսակցություններ, որ գործընթացում կարող են ներառվել նաև այլ պետություններ։ Թուրքիան հստակորեն արտահայտեց, որ ցանկանում է դիմել Եգիպտոսին՝ հնարավորություն տալով վերջինիս միանալ տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորելու այս նախաձեռնությանը։ Սա Մերձավոր Արևելքում քաղաքական կշիռ ունեցող պետություններին ներգրավելու Թուրքիայի ձգտումն է։

Այդ իմաստով կարող է թվալ, թե տարածաշրջանում այլևս չկա անվտանգություն ապահովող գերհզոր պետություն, և երկրները փորձում են ինքնուրույն նախաձեռնել սեփական անվտանգության ապահովումը։

Թեև Սիրիայի շուրջ իրավիճակը որոշ չափով մեղմվեց, տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը հակառակ միտումն ունի։ Անվտանգության տեսանկյունից իրավիճակը մտահոգիչ է, մանավանդ որ, Լիբանանում ևս փորձեր արվեցին Իսրայելի հետ լեզու գտնելու և պաշտոնապես հարթելու իրավիճակը»,- հավելեց միջազգայնագետը։

Շարունակելով, Արարատ Կոստանյանը նկատեց՝ այնտեղ նույնպես կա խնդիր․ Իսրայելի նկրտումները Լիբանանում միտված են հակառակորդների դեմ գործողությունների վերսկսմանը։ Այդ մտավախությունն առկա է, ինչը նշանակում է, որ Լիբանանում՝ հատկապես հարավային հատվածում, կարող է նոր բախում սկսվել։ Այդ իսկ պատճառով մոտ ապագայում այնտեղ հստակ խաղաղություն հնարավոր չէ ակնկալել։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Իսրայելն այլև չի համագործակցում ԱՄՆ-ի հետ Իրանի հարցում, Արարատ Կոստանյանը նշեց, թե չի կարծում, որ Իսրայելն ամբողջությամբ ունի այդ ուժը։ Չնայած այսօր նա որոշակի առավելություն ունի տարածաշրջանում,  քանի որ իր հիմնական հակառակորդը՝ տարածաշրջանային ուժ ներկայացնող Սիրիան, այլևս վտանգ չի ներկայացնում, և Իսրայելն իրեն ավելի անկաշկանդ է զգում՝ հաղթական դիրքերից ելնելով։ Սակայն հստակ է, որ Միացյալ Նահանգներն իր դերն ամբողջությամբ Իսրայելին չի վերագրել։

«Եթե նկատենք, Դոնալդ Թրամփը ժամանակ առ ժամանակ սաստում է Բենիամին Նեթանյահուին, ինչը ցույց է տալիս, որ Իսրայելը լիովին անկախ և անսահմանափակ գործելու հնարավորություն չունի։ Միացյալ Նահանգներն էլ, բնականաբար, ունի սեփական հաշվարկները։ Այս պատերազմում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավումը միաժամանակ նպատակ ունի ցուցադրելու հենց ամերիկյան դերը։

Ինչպես հայտնի է, գիտական ու քաղաքական շրջանակներում արդեն տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ համաշխարհային մակարդակում որոշիչը կամ մեկ ուժը չէ, այլ կան տարբեր ազդեցիկ ուժեր՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակում, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և այլն։ Այս գործողությամբ Միացյալ Նահանգները նաև փորձում է ուղերձ հղել, որ ունի սեփական քաղաքականությունը, ստրատեգիան և ներկայությունը։

Հատկապես Հորմուզի նեղուցի հարցում Միացյալ Նահանգներն ունի ուղղակի շահագրգռվածություն. գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական նպատակներից է նավթի անխափան տեղափոխման և այդ ռազմավարական նեղուցների նկատմամբ լիակատար հսկողության ապահովումը կամ տեղի պետությունների հետ այնպիսի պայմանավորվածությունների ձեռքբերումը, որոնք բխում են ամերիկյան շահերից։

Այդ իմաստով ԱՄՆ-ի դերը որոշիչ է, և դաշնակիցների հետ հարաբերություններում բնավ էլ այնպես չէ, թե Միացյալ Նահանգները պարզապես դիտորդի կարգավիճակում է և Մերձավոր Արևելքի ամբողջ փաթեթը հանձնել է Իսրայելին»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրան-ԱՄՆ առճակատման շարունակությունը Հայաստանի վրա՝ տնտեսական, քաղաքական և անվտանգային տեսանկյունից, Արարատ Կոստանյանը պատասխանեց՝ նախևառաջ սա մտահոգիչ է այն պարզ պատճառով, որ Իրանը Հայաստանի անմիջական հարևանն է։ Եթե առճակատումը վերաճի ավելի լուրջ պատերազմական փուլի՝ ինչը դեռ հստակ չէ, բայց ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածք զորք մտցնելու պարագայում կդառնա կատաստրոֆիկ, անխուսափելիորեն կառաջանա փախստականների հարց, որոնց ընդունելու խնդիրը կանգնելու է Հայաստանի առջև։

«Թեև սա դեռ հստակեցված չէ, բայց լրջորեն մտահոգիչ է։ Մենք պետք է պատրաստակամություն ունենանք Իրանից եկողներին Հայաստանում անվտանգ ապաստան տալ. սա համամարդկային պարտականություն է, և մենք չենք կարող փակել սահմանները կամ անտեսել դա։

Անվտանգության տեսանկյունից՝ թեև ուղղակի սպառնալիքներ առայժմ չկան, սակայն հաշվի առնելով, որ հարևան պետությունների հետ մեր հարաբերությունները դեռևս հարթված չեն, շատ հնարավոր է, որ Ադրբեջանը փորձի օգտվել ստեղծված իրավիճակից և նոր նկրտումներ ցուցաբերել։ Այսինքն՝ երբ տարածաշրջանում խաթարվում է Իրանի շուրջ հավասարակշռությունը, Ադրբեջանը կարող է հարմար պահ գտնել սեփական նպատակներն առաջ մղելու համար»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մյուս կողմից, պետք է հաշվի առնել Չինաստանի և Միացյալ Նահանգների աճող հետաքրքրությունը տարածաշրջանում, ինչը որոշակիորեն դրական ազդեցություն ունի Ադրբեջանի նկրտումները սանձելու հարցում։

«Եթե հաշվի առնենք Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որի միջոցով Բեյնջինը հայտնեց տարածաշրջանում ավելի ակտիվանալու ցանկության մասին Երկրորդ Արցախյան պատերազմից հետո, և Ռուսաստանի անվտանգային ու տնտեսական դերը, ապա այս երեք խոշոր կամ տարածաշրջանային պետությունների շահերի խաչաձևումը որոշ չափով կզսպի Ադրբեջանին։ Այդուհանդերձ մենք պետք է հզորացնենք մեր պաշտպանական դիրքերը և հզորացնենք բանակը զարգացնելու գործընթացը։

Տնտեսական առումով, ինչպես նախկինում արդեն տեսել ենք, հնարավոր է նավթի և գազի համաշխարհային գների բարձրացում։ Բայց ընդհանուր առմամբ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանի, տարածաշրջանի և գերտերությունների ակտիվությունը նաև զսպող դեր կխաղա»,- ընդգծեց Արարատ Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31