Բաժիններ՝

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ»-ը ցանկանում է հարկային արտոնություն ստանալ

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությունն ակնկալում է ՀՀ կառավարությունից աջակցություն ստանալ: Ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում` ոսկու և արծաթի ստացման համար: Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում կկառուցվի բազմամետաղների վերամշակման արտադրամաս:

Ընկերությունը ներմուծում է գործարանի աշխատանքների համար անհրաժեշտ լրացուցիչ ապրանքներ: Օգոստոսի 15-ին կառվարության նիստում նախատեսվում է լրացում կատարել մայիսին ընդունված որոշումներից մեկում և ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով հետաձգել:

Սպասվում է, որ արտադրական համալիրը թույլ կտա 2013 թ-ին թողարկել շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ դրամ: Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊ և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲ ընկերությունների կողմից, որոնք «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊ ընկերության բաժնետերերն են:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ընկերությունը նախատեսում է այս տարի ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի:

Սակայն Պետական եկամուտների կոմիտեն որոշ առարկություններ է ներկայացրել այս որոշման դեմ: Մասնավորապես, ըստ ՊԵԿ-ի, այս կազ­մա­կեր­պության կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել շուրջ 1 ամիս առաջ և ներկայումս սարքավորումների առաջարկվող ցանկը ներկայացված չի եղել ներ­դրու­մա­յին ծրագրի շրջանակներում: Ուստի նշված սարքավորումների ՀՀ կառավարության հա­մա­պա­տասխան որոշման մեջ ընդգրկելու հրատապությունը հիմնավորման անհրաժեշտություն ունի (ինչը տվյալ պարագայում բացակայում է):

Նշենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից 2 տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս