Լավրովը՝ Եվրոպային. «Պատրաստ ենք եվրոպացի ներկայացուցիչներին ընդունել Մոսկվայում»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վեդոմոստի» թերթում նոյեմբերի 30-ին հրապարակված հոդվածում անդրադարձել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, եվրոպական երկրների դերակատարմանը և հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Նա քննադատել է Եվրոպայի քաղաքականությունը, անդրադարձել Մինսկի և Ստամբուլի բանակցություններին, ինչպես նաև ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող գործընթացներին՝ հայտարարելով, որ Մոսկվան պատրաստ է եվրոպացի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների։

«Եվրոպան և ուկրաինական հակամարտության կարգավորումը»
Եվրոպայի կործանարար դերի մասին՝ Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված ճգնաժամի հրահրման գործում, առիթ ունեցել ենք խոսելու բազմիցս։ Այդուհանդերձ, հաշվի առնելով եվրոպական մայրաքաղաքներից և ԵՄ-ի բրյուսելյան կառույցներից վերջերս հնչող հայտարարությունները՝ հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման ջանքերին հնարավոր միանալու մասին, ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնել մեր արևմտյան հարևանների անցած ճանապարհն ու նրանց գործողությունների պատմությունը։

Եվրոպայի դերը ուկրաինական ճգնաժամի հրահրման գործում
Անկախություն ձեռք բերելուց անմիջապես հետո Ուկրաինան եվրոպական վերնախավերի կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դեմ ուղղված կարևոր հենակետ։ Դա հանգեցրեց դեռևս 2004 թվականին այսպես կոչված «նարնջագույն հեղափոխության» (ըստ էության՝ պետական հեղաշրջման) կազմակերպմանը։ Այդ ժամանակ Բրյուսելը, իր թեկնածուին իշխանության բերելու նպատակով, Կիևին պարտադրեց նախագահական ընտրությունների ապօրինի երրորդ փուլ անցկացնել։ Ուկրաինացիներից հրապարակայնորեն պահանջում էին հստակ կողմնորոշվել՝ ո՞ւմ հետ են՝ Ռուսաստանի՞, թե՞ Եվրոպայի, և ընտրություն կատարել «կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ» սկզբունքով։ Հետագայում ևս մեր արևմտյան հարևաններն առաջնորդվում էին հենց այսպիսի առճակատման տրամաբանությամբ։

Ինը տարի անց՝ 2013 թվականին, Եվրամիությունը մերժեց փոխընդունելի փոխզիջում գտնելու բուն գաղափարը՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այդ համաձայնագիրը հակասում էր ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակում Կիևի ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորություններին։ Երբ Ուկրաինայի օրինական ճանապարհով ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկեց որոշ ժամանակով հետաձգել համաձայնագրի ստորագրումը, եվրոպացիներն անմիջապես Կիևում զանգվածային անկարգություններ կազմակերպեցին՝ փողոց դուրս բերելով ծայրահեղ ազգայնականների, ուկրաինացի նեոնացիստների և ռուսատյացների, որոնց տարիներ շարունակ իրենք էին սնել ու հովանավորել։

Կարդացեք նաև

Մայդանում բողոքի ակցիաները սկսվեցին 2013 թվականի նոյեմբերին։ Իսկ 2014 թվականի փետրվարին եվրոպացիները, ստանձնելով նախագահի և ընդդիմության միջև բանակցությունների միջնորդությունը, հասան ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագրի կնքմանը։ Այն նախատեսում էր ազգային միասնության կառավարության ձևավորում՝ արտահերթ նախագահական ընտրություններ նախապատրաստելու նպատակով, ինչպես նաև իշխանությունների և ընդդիմության պարտավորությունը՝ հրաժարվել ցանկացած բռնությունից։ Փաստաթուղթը ստորագրվեց 2014 թվականի փետրվարի 21-ին՝ Գերմանիայի (ներկայիս նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր), Լեհաստանի (ներկայիս արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկի) և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների պաշտոնական երաշխիքներով։

Սակայն արդեն փետրվարի 22-ի գիշերը ընդդիմությունը, կոպիտ ասած, արհամարհեց այդ «երաշխավորներին», ուժով գրավեց կառավարական շենքերը և հայտարարեց ոչ թե «ազգային միասնության կառավարության», այլ «հաղթողների կառավարության» ստեղծման մասին։ Ինչպես ասում են՝ զգացեք տարբերությունը։ Ընդ որում, եվրոպացիները չվրդովվեցին իրենց ստորագրությունների նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքից, այլ բացահայտորեն աջակցեցին իշխանությունը զավթածներին։

Արդեն փետրվարի 23-ին Փարիզում միանգամայն լուրջ տոնով հայտարարեցին, թե «սկսվող ժողովրդավարական անցումը համապատասխանում է ուկրաինացի ժողովրդի ձգտումներին»։ Իսկ մարտի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուղիղ հայտարարեց. «Մենք պետք է ամեն կերպ աջակցենք ուկրաինացիներին՝ ազատության և ժողովրդավարության հասնելու նրանց կամքի ու ձգտման մեջ»։

Բրիտանացիներն էլ անմասն չմնացին։ Ինչպե՞ս կարող էին առանց նրանց։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը փետրվարի 22-ին հայտարարեց. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ուկրաինացիները ցանկանում են շարժվել դեպի այլ ապագա»։

Եվրոպացիները պետք է ոչ թե կեղծավորություն անեին ու խարդախեին, այլ ստիպեին Կիևում իրենց հովանավորյալներին կատարել 2014 թվականի փետրվարին ստորագրված համաձայնագիրը։ Այդ դեպքում հնարավոր կլիներ պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի սահմաններում, որոնց վերականգնման մասին այսօր երազում են Վլադիմիր Զելենսկին և նրա արևմտյան հովանավորները։ Սակայն նրանք նախընտրեցին աչք փակել ծայրահեղականների գործողությունների վրա և թույլ տալ, որ իրավիճակն ընթանա իր հունով։

Կիևում ինքնահռչակված «իշխանությունների» առաջին քայլը Ուկրաինայի ամբողջ տարածքում ռուսաց լեզուն արգելելու մտադրության մասին հայտարարելն էր։ Երբ Ղրիմի և Դոնբասի միլիոնավոր բնակիչներ հրաժարվեցին ճանաչել իշխանության եկած ուժերի լեգիտիմությունը, նրանց ահաբեկիչ հռչակեցին և նրանց դեմ դուրս բերեցին զինված խմբավորումներ ու կանոնավոր բանակի ստորաբաժանումներ՝ կիրառելով նաև հրետանի և ավիացիա։

Ի պատասխան՝ 2014 թվականի մարտին Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչներն ազատ կամարտահայտության միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքին համապատասխան, քվեարկեցին անկախության և Ռուսաստանին վերամիավորվելու օգտին։ Որոշ ժամանակ անց նմանատիպ հանրաքվեներ անցկացվեցին նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։

Մինսկից մինչև Ստամբուլ․ Եվրոպայի երկերեսանիությունը՝ իր ողջ տգեղությամբ
Չնայած Ուկրաինայում ժողովրդավարության պաշտպանությամբ հանդես եկող եվրոպացիների աղաղակող ինքնախոստովանությանը, դիվանագիտության դուռը դեռ բաց էր մնում։

2015 թվականի փետրվարի 12-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները ստորագրեցին Մինսկի «Միջոցառումների համալիրը»։ Դրան համառորեն ձգտում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Փաստաթուղթը նախատեսում էր Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսություն, Ուկրաինայի Սահմանադրությամբ Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակի ամրագրում, ինչպես նաև Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչների՝ ռուսերեն օգտագործելու և տեղական ինքնակառավարում իրականացնելու իրավունքների ապահովում։

Ընդամենը հինգ օր անց՝ փետրվարի 17-ին, Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի պայմանավորվածությունները միաձայն հավանության արժանացան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ դառնալով ժամանակակից միջազգային իրավունքի անբաժանելի մասը։ Դրանց կատարումը պարտադիր էր՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Սակայն Պյոտր Պորոշենկոյի գլխավորած ուկրաինական իշխանություններն ակնհայտորեն խուսափում էին ստանձնած պարտավորությունների կատարումից։

2019 թվականի դեկտեմբերին Մինսկի համաձայնությունները վերահաստատվեցին Փարիզում կայացած՝ նույն «քառյակի» ձևաչափով գագաթնաժողովում։ Հանդիպումը նախաձեռնել էր իր պաշտոնը վերջերս ստանձնած Էմանուել Մակրոնը։ Դրան մասնակցում էին Անգելա Մերկելը, Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին, որը դրանից ոչ շատ առաջ Ուկրաինայի նախագահ էր ընտրվել՝ պատերազմը դադարեցնելու, խաղաղության հասնելու և ռուսաց լեզուն պաշտպանելու խոստումներով։

Սակայն ո՛չ Կիևի իշխանությունները, ո՛չ էլ Բեռլինում ու Փարիզում նրանց «ավագ գործընկերները» մտադիր չէին կատարել ստանձնած պարտավորությունները։ Դիվանագիտությունը նրանց պետք էր ընդամենը որպես քող՝ ժամանակ շահելու և Ուկրաինայի ռազմական ներուժն ամրապնդելու համար։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Անգելա Մերկելը, Ֆրանսուա Օլանդն ու Պյոտր Պորոշենկոն այդ մասին բացահայտորեն և ցինիկաբար խոստովանեցին՝ նույնիսկ հպարտանալով դրանով։

Եթե Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվեին, Ուկրաինան դարձյալ կպահպաներ 1991 թվականի սահմանները՝ բացառությամբ, իհարկե, Ղրիմի և Սևաստոպոլի։

Այդուհանդերձ, նույնիսկ այն բանից հետո, երբ Կիևն ու նրա եվրոպացի հովանավորները տապալեցին Մինսկի «Միջոցառումների համալիրի» իրականացումը, հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը դեռ պահպանվում էր։
2021 թվականի վերջին մենք Արևմուտքին առաջարկեցինք խաղաղ ճանապարհով կարգավորել իր իսկ հրահրած ճգնաժամը՝ հիմնվելով շահերի փոխադարձ հարգանքի և հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքի վրա։ Վերջինս ամրագրված էր ԵԱՀԿ-ի փաստաթղթերում՝ ամենաբարձր մակարդակով, և մենք առաջարկում էինք դրան տալ իրավական պարտադիր ուժ։ Հրապարակային բնույթ ունեցող և որևէ թաքնված նպատակ չպարունակող Ռուսաստանի առաջարկները մեծամտորեն մերժվեցին թե՛ Ջո Բայդենի վարչակազմի, թե՛ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների կողմից։

Միևնույն ժամանակ, նույն այդ եվրոպացիները հետևողականորեն նախապատրաստում էին Կիևին Դոնբասի «հարցը» ռազմական ուժով լուծելուն։ Այս արյունալի սցենարի իրականացումը ենթադրում էր Ուկրաինայի հարավ-արևելքի ռուս և ռուսախոս բնակչության զանգվածային ոչնչացում։ Այդ ողբերգությունը կանխելու նպատակով Մոսկվան ճանաչեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը և, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված անհատական ու հավաքական ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա, այդ հանրապետությունների դիմումին ընդառաջ սկսեց հատուկ ռազմական գործողությունը։

Մեկ շաբաթ անց ուկրաինական կողմը բանակցություններ սկսելու խնդրանքով դիմեց մեզ։ Մենք համաձայնեցինք։ Բելառուսում և Ստամբուլում բանակցությունների մի քանի փուլերից հետո ուկրաինական կողմն առաջարկեց կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք ընդունվեցին մեր բանակցողների կողմից։

Դրանց առանցքում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ամրագրումն էր, տեղում ստեղծված իրողությունների ճանաչումը, ինչպես նաև անվտանգության փոխադարձ երաշխիքների միասնական համակարգի ձևավորումը, որը պետք է հուսալիորեն կանխեր ուժային սադրանքների և ագրեսիայի փորձերի կրկնությունը։

Փաստաթուղթը նախաստորագրվեց Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների ղեկավարների կողմից։ Սակայն Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ մեկնեց Կիև և արգելեց ուկրաինական կողմին իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր կնքել՝ հրահանգելով շարունակել պատերազմը։ Եվրոպական մյուս երկրները համաձայնեցին Լոնդոնի դիրքորոշման հետ։

Եթե այդ նախաստորագրված պայմանավորվածությունն ամրագրվեր համապատասխան պայմանագրով և կյանքի կոչվեր, ապա Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, դարձյալ կպահպաներ 1991 թվականի սահմանները, սակայն արդեն առանց Ղրիմի և Դոնբասի մի մասի։

Կիևի ռեժիմը՝ Եվրոպայի հովանավորությամբ․ նեոնացիզմը՝ պետական քաղաքականություն
Հատուկ ռազմական գործողության խնդիրներից մեկը, բացի Ռուսաստանի անվտանգության շահերի անվերապահ ապահովումից, նաև ռուսների և ռուսախոս բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանությունն է։ Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք հայտնվել են Կիևում իշխանությունը զավթած ուկրաինացի ազգայնականների հարվածների տակ։ Եվ ոչ միայն Ղրիմում, Դոնբասում ու Նովոռոսիայում, այլև հենց Ուկրաինայի տարածքում, որտեղ Արևմուտքի լուռ հավանությամբ գործում են օրենքներ, որոնք համընդհանուր արգելք են սահմանում ռուսաց լեզվի օգտագործման նկատմամբ կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթության, լրատվամիջոցների, մշակույթի և առօրյա կյանքում։ Արգելքներ են սահմանված նաև կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեության նկատմամբ։ Այս օրենքներն սկսել են ընդունվել դեռևս հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ՝ 2017 թվականից։

Միաժամանակ օրենսդրորեն ամրագրվում էր նացիստական գաղափարախոսության և գործելակերպի խրախուսումը։ Ուկրաինայի նացիստականացման գագաթնակետը դարձավ Վլադիմիր Զելենսկու և նրա վարչակազմի այլ ներկայացուցիչների՝ Հիտլերի գործակիցների աճյունների առջև ծնկի գալը։ Այդ աճյունները Եվրոպայից Կիև էին տեղափոխվել՝ վերաթաղման համար, արքայական պատիվներով։ Ընդ որում, այդպիսի սատանայական գերեզմաններից նախատեսում են ստեղծել «Ուկրաինայի հերոսների պանթեոն»՝ բոլոր ուղղափառների համար սրբազան Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում։ Ցավալի է, որ հակահիտլերյան կոալիցիայի մեր նախկին դաշնակիցները աչք են փակում նացիզմի զոհերի հիշատակի նկատմամբ նման սրբապղծության վրա։

Արևմուտքը և առաջին հերթին Եվրամիությունը սիրում են խոսել մարդու իրավունքների մասին։ Սակայն Կիևի ռեժիմի պարագայում այդ արտահայտությունը չենք լսում։ Ռուսաստանը պնդում է ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի խստագույնս պահպանման անհրաժեշտությունը, որը բոլոր պետություններից պահանջում է հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ առանց ռասայական, սեռային, լեզվական կամ կրոնական խտրականության։

Երբ մենք բարձրացնում ենք ռուսաց լեզվի և Ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելման անընդունելիության հարցը, լավագույն դեպքում մեզ պատասխանում են, թե համապարփակ կարգավորման հասնելուց հետո այդ հարցն էլ հաշվի կառնվի՝ ընդհանուր «փաթեթի» շրջանակում։ Սակայն ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները սակարկության առարկա չեն կարող լինել։ Դրանք պետք է կատարվեն անվերապահորեն՝ առանց որևէ այլ հարցի հետ կապելու։ Իսկ նրանք, ովքեր հովանավորում են Կիևի ռեժիմին, պարտավոր են ապահովել այդ պահանջների կատարումը։

Իրականում, սակայն, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրյուսելի և եվրոպական այլ մայրաքաղաքների ներկայացուցիչները մեծ պաթոսով հայտարարում են, թե Ուկրաինան շարժվում է դեպի Եվրամիություն, և անհրաժեշտ է շարունակել նրան աջակցել ֆինանսապես ու զենքով, քանի որ «Ուկրաինան պաշտպանում է եվրոպական արժեքները»։ Ստացվում է, որ ռասիզմը, եկեղեցու նկատմամբ հալածանքները և նացիզմի հերոսացումը հենց այն «արժեքներն» են, որոնց վրա այսօր հիմնված է Եվրամիությունը։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը վերջերս նոստալգիկ խոստովանություն արեց. «Այսօր մենք Ուկրաինայից ավելի շատ բան ենք սովորում, քան Ուկրաինան՝ մեզնից»։

Աշխարհի ոչ մի այլ երկրում, բացի Ուկրաինայից, մի ամբողջ լեզու արգելված չէ։ Էլ չենք խոսում այն մասին, որ ռուսերենը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից մեկն է։ Իսրայելում կարելի է խոսել արաբերեն և պարսկերեն, ցանկացած արաբական երկրում և Իրանում՝ եբրայերեն, ընդ որում՝ Իրանում կա հրեական համայնք՝ իր սինագոգներով։ Նույնիսկ Իռլանդիայում կարելի է խոսել անգլերեն։ Իսկ Ուկրաինայում ռուսերենն արգելված է, և, ինչպես հասկանում ենք, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին դա միանգամայն ձեռնտու է։ Ավելին՝ նրանք օրինակ են վերցնում Վլադիմիր Զելենսկուց, ինչպես դա անում են մերձբալթյան երկրները։

Կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ կոնսենսուսով ընդունած «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրի» վրա, որը վերաբերում է պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։

1970 թվականին՝ տասնամյակ տևած խորհրդակցություններից հետո, հաստատված այս փաստաթղթում ամրագրված է, որ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները կիրառելի են այն պետությունների նկատմամբ, որոնք հարգում են ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքները և, հետևաբար, ունեն տվյալ տարածքում բնակվող ամբողջ ժողովրդին ներկայացնող կառավարություն՝ անկախ ռասայական պատկանելությունից, դավանանքից կամ մաշկի գույնից։

Ակնհայտ է, որ Կիևի ներկայիս ռեժիմը չի կարող համարվել Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչների շահերը ներկայացնող կառավարություն։ Չէ՞ որ հենց այդ մարդկանց է այն «ահաբեկիչ», «անմարդ» և «արարած» անվանել։

Ներկա փուլը․ շփումները Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և Եվրոպայի ապակառուցողական դերը
Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո կրկին հույսի «շողեր» ի հայտ եկան, որ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ ԱՄՆ նախագահն ակտիվորեն ձեռնամուխ եղավ ուկրաինական հարցի քննարկմանը՝ փորձելով խորությամբ հասկանալ իրավիճակը և պարզել ճգնաժամի առաջացման բուն պատճառները։

2025 թվականի օգոստոսին Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Վաշինգտոնի առաջարկները, որոնք որոշակի փոխզիջումային դրույթներ էին պարունակում։ Սկզբունքային համաձայնության ձեռքբերման մասին հստակ հայտարարվեց Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ Անքորիջում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, ինչպես նաև դրան հաջորդած օրերին Դոնալդ Թրամփի արած հայտարարություններում։

Մասնավորապես, ինչպես նշել էր ԱՄՆ նախագահը, բոլորը համաձայն են, որ պետք է ձգտել ոչ թե հրադադարի մասին համաձայնագրի, այլ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, որը վերջնականապես և հուսալիորեն վերջ կդնի պատերազմին։

Այս զարգացումից անհանգստացած Եվրոպան անմիջապես ձեռնամուխ եղավ ԱՄՆ նախագահին սեփական նախաձեռնությունից հետ պահելուն։ Նույն կերպ, ինչպես Բորիս Ջոնսոնը ժամանակին ստիպեց ուկրաինացիներին հետ կանգնել Ստամբուլում իրենց իսկ ներկայացրած առաջարկներից։ Եվրոպական պատվիրակությունն անմիջապես մեկնեց Վաշինգտոն, և ամեն ինչ արվեց, որպեսզի Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման ուղղությամբ հետագա աշխատանքները կանգ առնեն։

Արդյունքում՝ 2026 թվականի ամռանը Էվիանում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում և Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Էմանուել Մակրոնը և արևմտյան մյուս առաջնորդները հպարտությամբ հայտարարեցին, որ իրենք «թաղել են Անքորիջը», և այժմ, իբր, Միացյալ Նահանգները հաստատակամորեն կանգնած է Ուկրաինայի կողքին։

Բարձր ենք գնահատում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ջանքերը։ Չնայած եվրոպական մայրաքաղաքների «սադրիչ գործողություններին»՝ նրանք շարունակում են ձգտել նպաստել խաղաղության հաստատմանը։

Ամերիկյան և ուկրաինական կողմերի հետ նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում կայացած եռակողմ շփումների ընթացքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հումանիտար ոլորտում, առաջին հերթին՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման հարցում։ Ուկրաինական կողմին առաջարկել ենք ևս մեկ հումանիտար նախաձեռնություն իրականացնել, այս անգամ՝ ԴԺՀ-ի Կոնստանտինովկա քաղաքում՝ Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքից խաղաղ բնակչության տարհանման օրինակով։

Կրկին ընդգծեմ՝ Ռուսաստանը, ինչպես բազմիցս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ է բանակցությունների՝ կայուն և արդար խաղաղության հասնելու նպատակով։ Այդ նպատակին հասնելու համար լուծման ենթակա խնդիրները համակողմանիորեն ներկայացվել են պետության ղեկավարի՝ 2024 թվականի հունիսին ունեցած ծրագրային ելույթում։

Սակայն, անցյալի դառը փորձից դասեր քաղելով, մենք բանակցությունների որևէ ձևաչափի ընթացքում դադար չենք տալու հատուկ ռազմական գործողությանը։ Ակնհայտ է, որ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների վերջնագրային պահանջով առաջ մղվող հրադադարը, որի պայմաններում մյուս բոլոր հարցերի լուծումը հետաձգվում է, ընդամենը հնարավորություն կտա Կիևի ռեժիմին համալրել իր սպառված ռազմական պաշարները։ Այդ ռեժիմը, ելնելով անելանելի վիճակից, վաղուց արդեն անցել է ահաբեկչական բացահայտ մեթոդների կիրառմանը։

Եվրոպայի երկիմաստ «ներդրումը» խաղաղության ջանքերում
Այսօր եվրոպացիները համառորեն փորձում են տեղ զբաղեցնել բանակցությունների սեղանի շուրջ՝ կարծես ցանկանալով «վերջին պահին ցատկել հեռացող գնացքի վերջին վագոնը»։ Սակայն դրա համար նախ պետք է հստակեցնել իրենց դիրքորոշումը և բացատրել, թե ինչ նպատակներ են հետապնդում։

Եթե նրանք մտադիր են շարունակել հրապարակայնորեն հայտարարված այն քաղաքականությունը, որը ենթադրում է Կիևի նեոնացիստական ռեժիմին անվերապահ աջակցություն և Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ սկսված բանակցային գործընթացի խափանում, ապա այդպիսի «մեգաֆոնային դիվանագիտությունը» միայն մեկ բան է վկայում․ եվրոպացիները ցանկանում են շարունակել բարձրացնել հակամարտության շուրջ լարվածության աստիճանը։

Բավական է հիշել, թե ինչ որոշումներ ընդունեց այսպես կոչված «կամավորների կոալիցիան» Աբու Դաբիում բանակցությունների հերթական փուլի նախօրեին։ Խոսքը նոյեմբերի 9-ից 22-ը Ուկրաինայի համար նախատեսված «բազմազգ ուժերի» ինչ-որ զորախմբի զորավարժություններ սկսելու որոշման մասին է։ Դրան գումարվեց նաև ԵՄ խորհրդի որոշումը՝ Ուկրաինայի տարածքում տեղակայել ԵՄ ռազմական աջակցության գործող առաքելության անձնակազմի մի մասին։

Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի կանոնավոր ուժերի պաշտոնական ներկայությունն Ուկրաինայում էապես կմեծացնի դաշինքի և Ռուսաստանի միջև անմիջական ռազմական բախման վտանգը։

Եվրոպայում բացահայտորեն կանխատեսում են, իսկ ոմանք նույնիսկ ծրագրում են առաջիկա երեքից հինգ տարվա ընթացքում մեր երկրի հետ զինված հակամարտություն։ Ռազմավարական ու հայեցակարգային փաստաթղթերում Ռուսաստանը բնութագրվում է որպես «հիմնական, անմիջական և երկարաժամկետ սպառնալիք»։ Շարունակվում է արագացված ռազմականացումը․ մի շարք երկրներում վերականգնվում է պարտադիր զինվորական ծառայությունը, տրանսպորտային ենթակառուցվածքները հարմարեցվում են ռազմական կարիքներին, աշխատանքներ են տարվում «ռազմական շարժունակության» միջանցքներ ստեղծելու և արևելյան թևում պաշտպանական ամրություններ կառուցելու ուղղությամբ։

Հիշենք նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ լայն արձագանք գտած հայտարարությունը, թե անհրաժեշտ է «կրկին» գերմանական ցամաքային բանակը դարձնել Եվրոպայի ամենահզորը։ Ըստ երևույթին, ցանկանում են ևս մեկ անգամ փորձել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 23-ին Բեռլինում՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, հայտարարեց, որ դաշինքի երկրները պետք է ողջ հասարակությանը նախապատրաստեն «պատերազմի»։ Սա կատարյալ խելագարություն է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ մենք ոչ մեկին չենք սպառնում և որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք։ Սակայն ուղղակի ագրեսիայի դեպքում պատասխան կտանք։ Եվ այդ ժամանակ պատերազմն այլ բնույթ կունենա՝ շատ կարճ կտևի։

Հատկանշական է, որ ԵՄ-ում շարունակում են պնդել, որ Ռուսաստանը պետք է դուրս մնա տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործընթացից։ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի կարծիքով՝ «եվրոպական անվտանգության ճարտարապետությունն» արդեն գոյություն ունի․ դա ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունն են։

Այժմ խնդիրը Ուկրաինային այդ «ճարտարապետության» մեջ ներառելն է և թույլ չտալը, որ հաշվի առնվեն Ռուսաստանի շահերը։

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն ավելի անկեղծ է արտահայտվել. «Մենք պետք է ընդունենք, որ Եվրոպայում խաղաղություն և կայունություն հնարավոր են միայն Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե Ռուսաստանի հետ»։ Եվ այս մարդիկ դեռ ձգտում են նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ավելի լավ է՝ զբաղվեն իրենց ներքին խնդիրներով։

Մոլեգին ռուսատյացությունը թանկ է նստում եվրոպացի հարկատուների վրա։ Բավական է դիտարկել, թե ինչ տնտեսական կորուստներ է կրել Եվրամիությունը՝ ռուսական էներգակիրների գնումներից հրաժարվելու քաղաքականության հետևանքով։

ԵՄ վիճակագրության համաձայն՝ միայն 2022 թվականին անդամ երկրների էներգակիրների ներմուծման ծախսերը հասել են ռեկորդային՝ 604 միլիարդ եվրոյի, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության համաձայն՝ 2026 թվականի սկզբից Եվրամիությունը հանածո վառելիքի համար «127 միլիարդ եվրոյով ավելի է վճարել»։

Ռազմական բյուջեների ավելացման, տնտեսությունը «ռազմական ռելսերի» վրա դնելու և կոռումպացված Կիևի ռեժիմին հսկայական ֆինանսական միջոցներ տրամադրելու հետևանքով կրճատվում են սոցիալական ոլորտի, առողջապահության և կրթության ծախսերը։

Պատժամիջոցները հանգեցրել են հիմնական ապրանքների և ծառայությունների գների բարձրացման, գործազրկության աճի և մի շարք երկրներում բնակչության կենսամակարդակի անկման։ Շարունակվում է ձեռնարկությունների զանգվածային փակումը և արտադրությունների տեղափոխումը երրորդ երկրներ՝ առաջին հերթին քիմիական արդյունաբերության, պողպատաձուլության և ավտոմոբիլաշինության ոլորտներում։

Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ՝ Գերմանիան կորցրել է «արդյունաբերական գերտերության» իր կարգավիճակը։ Եվրոպացի ռազմավարները, ըստ էության, պատժում են հենց իրենց՝ ավելի ճիշտ՝ սեփական քաղաքացիներին։

Եզրափակման փոխարեն
Հաշվի առնելով վերը նշված բոլոր հանգամանքները՝ ցանկանում ենք հստակեցնել, թե այս անգամ ինչ դիրքորոշմամբ են եվրոպացիները ցանկանում միանալ բանակցություններին և արդյոք դասեր քաղել են վերջին տասնամյակների ընթացքում Ուկրաինայի նկատմամբ իրենց վարած քաղաքականության վնասակար հետևանքներից։ Պատրաստ ենք նրանց ներկայացուցիչներին ընդունել Մոսկվայում՝ խորհրդակցություններ անցկացնելու համար։

Մենք չենք հրաժարվում երկխոսությունից, որը դիվանագիտության հիմնարար բաղադրիչն է։ Սակայն այդ երկխոսությունը պետք է լինի մասնագիտական և միտված՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կայուն կարգավորմանը՝ ճգնաժամի բուն պատճառները վերացնելու միջոցով։

Ռուսաստանի անվտանգությունը նրա արևմտյան սահմաններում, ինչպես նաև ռուսների և ռուսախոս բնակչության իրավունքները պետք է հուսալիորեն ապահովված լինեն, իսկ Կիևի ռեժիմից և նրա արևմտյան հովանավորներից բխող սպառնալիքը՝ վերացված։

Որքան շուտ Եվրոպայում վերջապես գիտակցեն այս ամենը, այնքան լավ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30