Դիմում են վարչական դատարան` գազի գինը վերանայելու պահանջով

Մինչ Հայաստանում շատերը բանավիճում են՝ արդյոք պետք է միանալ Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական մեծությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր ընտրությունը արել է և միացել է եվրասիական տնտեսական տարածքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության ակտիվիստ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով, երբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գազի սակագինը վերանայելու հայտով դիմել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողին, ներկայացված փաստաթղթերի մի մասը եղել է ռուսերեն լեզվով: Անդրիաս Ղուկասյանը որպես օրինակ ներկայացրեց հանձնաժողովին«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից ընկերության աշխատակիցների մասին ներկայացված փաստաթուղթը:  «Սա վկայում է, որ նրանք չեն պահպանել լեզվի մասին օրենքի դրույթները»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ նախաձեռնության անդամները բազմաթիվ անգամներ դիմել են հանձաժողովին, սակայն այն այդպես էլ չի տրամադրել տեղեկություններ սահմանի վրա գազի վաճառքի գնի մասին: Նախաձեռնության անդամներից մեկն էլ՝ Արամ Գրիգորյանը, ասաց, որ ոստիկանության միջոցով արգելվել է հասարակության մասնակցությունը հանձնաժողովի նիստին: Նրա խոսքով՝ այս ամենը հիմք է հանդիսացել, որ իրենք հայցով դիմեն վարչական դատարան՝ պահանջելով, որ այն հանձնաժողովին պարտավորեցնի նոր որոշում կայացնել գազի սակագնի վերաբերյալ:

Արամ Գրիգորյանը մտահոգություն հայտնեց այն մասին, որ մամուլում տարածված լուրերը, թե «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը ևս վաճառվելու է ռուսական կողմին, համապատասխանում են իրականությանը, և գործարքն արդեն կայացել է: Նա առաջարկեց այդ 20 տոկոսը տրամադրել հանրությանը: Լրագրողների այն դիտարկմանը, որ այդ բաժնետոմսերը կարող են գնել նաև օլիգարխներ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ շատ ավելի լավ կլինի, եթե դա գնի հայ օլիգարխ, քան ռուսական պետությունը: «Ավելի լավ է Սամվել Ալեքսանյանը լինի դրա տերը, քան ռուսական պետությունը».- ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ այս քայլով իրենք բոլոր հանրային ուժերին հնարավորություն են տալիս միավորվել, պայքարել, մարդիկ հասկանան, որ իրենց դիրքորոշումից կախված է շատ բան:  «Ամեն ինչ կախված կլինի հանրության արձագանքից»,- նշեց նա: Նա հայտարարեց նաև, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կան մեծ կոռուպցիոն ռիսկեր:

Պատասխանելով հարցին՝ ինչու գազի գնի թանկացման պայմաններում կամ սոցիալական դրության վատացման պայմաններում սոցիալական բունտ չի հասունանում, Արամ Գրիգորյանն ասաց, որ բունտն ունի տարբեր դրսևորումներ, իսկ Հայաստանում դա դրսևորվում է արտագաղթի տեսքով:

Տեսանյութեր

Լրահոս