«Դիվերսիֆիկացիա»՝ հայկական ձևով. ռուսական ընկերությունները՝ հարվածի տակ

«Հայաստանում ռուսական ընկերությունների շահերի խախտումն առանց պատասխանի չի մնա»,- հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է իրավիճակին, և ռուսական ընկերությունների իրավունքների ոտնահարումը կվնասի հանրապետության ներդրումային մթնոլորտին։

«Ռուսական ներդրումների անվտանգության մասին Փաշինյանի կառավարության հայտարարություններն ամեն ինչում չէ, որ համընկնում են իրականության հետ»,- համոզված են ՌԴ ԱԳՆ-ում։ Գալուզինի խոսքով՝ փորձագետները քաղաքական դրդապատճառներով «սեփականության վերաբաշխման» նշաններ են տեսնում։ Օրինակներից մեկը  տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացումն է։ Ռուս դիվանագետը կասկածի տակ է դրել պաշտոնական բացատրությունները և տեղի ունեցածն անվանել «քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար մրցակցի նկատմամբ»։

Հիշեցնենք՝ «ՀԷՑ»-ից զրկելու գործընթացը մեկնարկել էր ավելի քան մեկ տարի առաջ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ որպես տարբերակներից մեկը՝ չի բացառվում հայկական էլեկտրաէներգետիկական ընկերության փոխանցումը Թուրքիային, սակայն հնարավոր է, որ ներկայումս դիտարկվում են նաև այլ սցենարներ։ Առայժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է դրել (մինչև 2026 թվականի սեպտեմբերի 24-ը) «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագիծը։

Խոսելով «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը վաճառելու մասին Երևանի հայտարարություններից, որոնք հաջորդել են Փաշինյանի վերջին հարցազրույցին (որտեղ առաջարկվում է քննարկել կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը)՝ Գալուզինը չի բացառում, որ դրա հիմքում ընկած է երկաթուղիներն այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շահերից ելնելով փոխանցելու մտադրությունը։ Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականի սկզբին ստորագրված համաձայնագրով, որով հայկական երկաթուղին 30 տարի ժամկետով հանձնվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը։

Կարդացեք նաև

Երկար տարիներ ռուսական ընկերությունը ստացված եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, նորացման և զարգացման մեջ։ 2008 թվականից ի վեր ներդրումները կազմել են 30 միլիարդ ռուբլի (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 388 միլիոն դոլար), մինչդեռ վճարվել է 15 միլիարդ ռուբլիի (մոտ 194 միլիոն դոլար) հարկ։ «ՀԿԵ» ՓԲԸ-ի շահագործման տակ գտնվող 700 կմ երկաթգծից վերանորոգվել է ավելի քան 520 կմ-ը։ Փոխարինվել է կոճերի 50 տոկոսը, վերանորոգվել և վերակառուցվել է ավելի քան 50 կառույց, այդ թվում՝ 38 կամուրջ և երկու թունել։ Ընկերությունը՝ որպես գործատու, ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդու զբաղվածություն։

Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիրը տեսնում է այն բանում, որ «Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները շատ լարված են. մենք տեսնում ենք գործընթացներ, որոնք տանում են նրան, որ այս անգամ Հայաստանը փաստացի կրկին կշրջանցեն։ Այսինքն՝ երկաթգիծը Հայաստան կմտնի Նռնաձորի կողմից (Ադրբեջանի հիմնական տարածքի կողմից,- խմբ.), դուրս կգա Ագարակով (դեպի Նախիջևան), և հիմնական միջազգային հոսքերը ոչ թե Հայաստանով կգնան Թուրքիա, այլ… ուղիղ դեպի Թուրքիա։ Եվ հիմա շատ ինտենսիվ կառուցվում է Կարս-Դիլուջու երկաթուղին։

Այս երկաթուղին, այսպես թե այնպես, կկառուցվի։ Մենք չենք կարող և չունենք լեգիտիմություն որևէ ձևով խոչընդոտելու այդ երկաթուղու կառուցմանը։ Բայց մենք պետք է իրավունք ունենանք մրցակցելու այդ երկաթուղու հետ։ Եվ այս պայմաններում մենք տեսնում ենք, որ չենք կարող մրցակցել։ Մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք, բացարձակապես ոչ մի խնդիր չունենք այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կոնցեսիոն կառավարման ներքո։ Մենք դրա հետ ընդհանրապես խնդիր չունենք։

Մեր խնդիրն այլ է. Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պատճառով Հայաստանը կրկին ռիսկի է դիմում դուրս մնալ այն նախագծից, որն ինքն է նախաձեռնել։ Եվ հենց այդ մասին ենք մենք խնդրում մեր ռուս գործընկերներին՝ լուծել այդ հարցը»։ Այսպիսով, խոսքը Փաշինյանի կառավարության՝ ադրբեջանա-թուրքական տարանցմանն ավելի ակտիվ ներգրավվելու ձգտման մասին է։ «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման օգտին, որն Ադրբեջանում կոչվում է «Զանգեզուրի միջանցք», բազմիցս հանդես են եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և իշխող թիմի այլ ներկայացուցիչներ։

Վիճահարույց հարցերը կառուցողականորեն քննարկելու և փոխզիջում փնտրելու փոխարեն՝ Փաշինյանի կառավարությունն ընդլայնում է հարձակումների ճակատը, որոնց թիրախ այժմ կարող են դառնալ նաև Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտները։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի խոսքով՝ տեղեկատվական տիրույթում տարածվում են այդ ձեռնարկությունների թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, նրանց գործունեությունից բնապահպանական վնասների ու աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին պատմությունները.

«Դա արվում է այն բանի համար, որպեսզի արժեզրկվեն ռուսական ակտիվները և ստիպեն սեփականատերերին ազատվել դրանցից»։ «Իսկ ռեյդերական զավթում հիշեցնող բացահայտ «երկակի ստանդարտներ» են դրսևորվում Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Մինչդեռ Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցչի և «Ռուսական արտահանման կենտրոնի» ներկայացուցչության ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ՝ հանրապետության հանքարդյունաբերության ոլորտի առաջատար ձեռնարկություններ, որոնք աշխատում են ռուսական կապիտալով։ Նրանց կողմից իրականացվող նախագծերն ուղղված են արտադրության ծավալների ավելացմանը և շրջակա միջավայրի անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Դեսպանին տեղեկացրել են նաև տարածաշրջանի սոցիալական ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ աշխատանքների մասին։

Հավանաբար, Փաշինյանն ու իր թիմը փորձում են ջղաձգորեն գոնե ինչ-որ «հաղթաթուղթ» կորզել Մոսկվայի հետ առաջիկա երկխոսության համար, սակայն դա, մեղմ ասած, հղի է ծանր հետևանքներով։ Հայաստանը կարող է բախվել «ապոկալիպտիկ սցենարի», եթե Ռուսաստանը բարձրացնի երկիր մատակարարվող բնական գազի գինը, վերջերս նախազգուշացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Գնաճը կարագանա, իսկ տնտեսական աճը կդանդաղի։

Գազի գնի աճը կարող է լրացուցիչ ճնշում գործադրել սպառողական գների վրա, ինչպես նաև ավելացնել ձեռնարկությունների և տնային տնտեսությունների ծախսերը, և սրանք դեռ բոլոր բացասական հետևանքները չեն, որոնցով հղի է ռուս-հայկական համագործակցության հետագա դեգրադացիան՝ այս անգամ արդեն գազի ոլորտում։ «Գազպրոմ»-ի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է, և դեկտեմբերին պետք է բանակցություններ սկսվեն դրա երկարաձգման շուրջ։ Երևանում չեն բացառում, որ «օրակարգում կլինի գազի գնի բարձրացման հարցը, ինչը կուժեղացնի տնտեսական ճնշումը Հայաստանի վրա»։

«Բանակցություններ են ընթանում բոլոր հնարավոր երկրների հետ, այդ թվում՝ գազի ներկրման և այլ հարցերի շուրջ»,- հայտարարել է Փաշինյանը՝ մեկնաբանելով Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի հնարավոր վերանայման, ինչպես նաև այլընտրանքային աղբյուրներից գազի հնարավոր գնման թեման։ Հավանական  գործընկերների թվում հիշատակվում են Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանը և նույնիսկ Թուրքիան, սակայն Բաքվի հետ բանավեճը նկատելիորեն սրվել է Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների պատվիրակության Ղարաբաղ այցի, ինչպես նաև հնագույն քրիստոնեական վանքերի պատմական պատկանելության և երկրամասի պատմամշակութային ժառանգության մասին վաղեմի բանավեճի խորապատկերին։

Ներկայումս Իրանին բաժին է ընկնում Հայաստան կապույտ վառելիքի մատակարարման շուրջ 15 տոկոսը («գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով), սակայն այդ մասնաբաժնի ավելացման շուրջ բանակցությունները կարող են բախվել ենթակառուցվածքային սահմանափակումների։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը նամակ էր ուղարկել Երևան, որում չէր բացառել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին 2013 թվականի համաձայնագրի միակողմանի կասեցումը կամ չեղյալ հայտարարումը, եթե հանրապետությունը չդադարեցնի շարժվել դեպի ԵՄ։ Ռուսաստանը չէր ցանկանա «վճարել Եվրամիությանն անդամակցելու կամ անդամակցության նախապատրաստվելու համար» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում Երևանի ստացած արտոնությունների հաշվին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել գազային և այլ հարցեր «հանգիստ աշխատանքային մթնոլորտում», սակայն ընթացիկ հայտարարությունները և, ամենակարևորը՝ գործնական քայլերը կամ դրանց բացակայությունը վկայում են ճիշտ հակառակ մոտեցման մասին, այնպես որ, առաջիկա երկխոսությունն ակնհայտորեն հեշտ չի լինելու։

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930