Անտեսված ահազանգեր. ե՞րբ է երեխան դառնում բուլինգի զոհ

Բուլինգ նկատվում է դպրոցական երեխաների մոտ։ Ագրեսորը փնտրում է իր զոհին, վերջինս էլ ենթարկվում է նրան։ Բուլինգի տեսակների, պատճառների ու ելքերի մասին 168 TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։

– Մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Երեխաներից շատերը, պայմանավորված երկար ամառային արձակուրդով, չեն ցանկանում հաճախել դպրոց, ոմանց դեպքում էլ պատճառը բուլինգն է: Ի՞նչ է այն։

– Բուլինգը դա մի երևույթ է, երբ պարբերաբար հետապնդման կամ ծաղրանքի են ենթարկվում մի խումբ անձանց կամ մեկ հոգու կողմից։ Բուլինգը լինում է ֆիզիկական, հոգեբանական, ագրեսիվ և խոսքային։ Կա նաև կիբերբուլինգ, որն արդեն կապված է սոցիալական ցանցերի հետ։

Կարդացեք նաև

Պատահում է, որ անգամ ամռանն եմ աշխատում երեխաների հետ, ովքեր նախորդ տարի ունեցել են խնդիր, փորձում են այն լուծել, որպեսզի սեպտեմբերին ավելի հանգիստ մտնեն ուսումնական գործընթացի մեջ։

Երեխաներն ինքնուրո՞ւյն պետք է լուծեն իրենց «հարցերը», թե՞ պետք է միջամտեն մեծահասակները։

– Չկա հստակ օրինաչափություն։ Որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն լուծել իրենց հարցերը՝ պետք է աճեն դրա համար։ Քանի որ երեխաների մոտ դեռևս չկա հաղորդակցման հմտությունը, հաղթահարման շատ միջոցներ դեռևս զարգացած չեն, խնդիրների լուծման տարբերակները քիչ են, դրա համար կարևոր է, որ մեծահասակներն օգնեն այնպես, որ բուլինգը չդառնա կրկնակի, եռակի կամ ավելի մեծ խնդիր առաջացնի։

Սովորաբար ինչպիսի՞ երեխաներն են ենթարկվում բուլինգի։

– Տարբեր երեխաներ կարող են ենթարկվել։ Հիմնականում այն երեխաները, ովքեր ավելի լռակյաց, իրենք իրենց մեջ պարփակված են, կամ կարող է՝ ագրեսիվ վարք չեն կարողանում դրսևորել, մարդկանց վիրավորելու հակում չունեն, ու անգամ, երբ իրենց վիրավորում են, իրենք չգիտեն՝ ինչպես վարվել։ Թույլ օղակներ են գտնում մի քիչ ճարպիկ երեխաները կամ սովորութային, այդպիսի վարքագիծ ունեցող երեխաները։ Անգամ բուլինգի ենթարկող երեխաները պարտադիր չէ, որ փորձում են իրենց ուժը ցույց տալ։ Դա կարող է կախված լինել նրանից, որ չգիտեն՝ ինչպես հաղորդակցվել։ Այսինքն, դրա պակասը կարող է բերել այդպիսի վարքագծի։

– Փաստորեն, կարող են լինել խնդիրներ, բարդույթներ, որ բուլերին դրդում են բուլինգի։

– Այո։ Մենք հաճախ ամենամեծ շեշադրումը դնում ենք հենց բուլինգի ենթարկված երեխայի վերականգնման համար, բայց շատ կարևոր է բուլինգ իրականացնող երեխային հավասարաչափ ուշադրություն դարձնելը, որովհետև հենց այնպես չէ երեխան սկսում ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Կարևոր է ուսումնասիրել նրա կյանքը, այն, թե ընտանիքում ի՞նչ իրավիճակ է, հաղորդակցման ի՞նչ սովորույթներ կան, ինչպիսի՞ դիրքորոշումներ ունեն ծնողները՝ հարաբերությունները հարթելու համար։ Կարող է նաև երեխայի մոտ լինել ինչ-որ ճգնաժամային փուլ, երբ ոչ ծնողին է կարողանում դիմել, ոչ ուսուցիչներին, և մնալով միայնակ՝ կարող է այդպիսի վարքագիծ դրսևորել։

Այսինքն, այստեղ պետք է ուշադիր լինեն ծնողները։

– Բոլորը պետք է ուշադիր լինեն, որովհետև երեխան ապրում է համակարգի մեջ, ու դա միայն ընտանիքը չէ։ Առաջ ընդունված էր ասել, որ երեխան ընտանիքի հայելին է, հիմա փոխվել է իրավիճակը։ Աշխարհը մատչելի է երեխայի համար, նրանք բազմազան ինֆորմացիա են ստանում, որը հեշտ ընկալվում է, ու այդ բազմաշերտության մեջ չենք կարող ասել, որ մեծամասամբ ընտանիքի խնդիրն է։ Այստեղ կարևոր են դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ երեխան օրվա մեծ մասն է անցկացնում։ Դրա համար միայն ծնողների վրա թողնելը, կարծում եմ՝ սխալ է։ Պետությունը պետք է իր ֆունկցիան կատարի, օգնի ծնողներին։

Վերջերս Աշխատանքի և բարեկեցության հարցերի նախարարությունը (նախկին Աշխատանքի և սոցիալական հարցերի) քննարկման է ներկայացրել նախագիծ՝ բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության վերաբերյալ։ Սա որքանո՞վ կնպաստի բուլինգի կանխմանը։

Նախաձեռնությունը կարևոր է։ Բայց ունե՞նք մասնագետներ, ովքե՞ր են նախապատրաստելու, բոլոր դպրոցներում հնարավո՞ր է դա իրականացնել, որովհետև բուլինգի ենթարկված երեխայի և միջավայրի հետ աշխատանքը յուրահատուկ նրբություն է պահանջում։ Պահանջում է աշխատանք ուսուցիչների, ծնողների, նաև բուլինգի ենթարկած երեխայի հետ, քանի որ նա ևս ունի օգնության կարիք։

Պետք է գործընթացի մեջ ներառվեն ծնողները, քանի որ չգիտեն՝ բուլինգի դեպքում ի՞նչ անեն։ Պատահում է, որ անգամ ծնողը գիտի՝ երեխային հոգեբանական կամ ֆիզիկական բռնության են ենթարկել, սակայն չգիտի՝ ի՞նչ անել, որովհետև վախենում է գնալ այդ ճանապարհով։ Ու մնում է դպրոցների, ուսուցիչների ուսերին։

Նախագծում կարծես չկար նշված, թե ինչպե՞ս են հետևելու մանկավարժների վարքագծին, որովհետև պատահում է, որ մանկավարժը կարող է անգամ կատակով երեխային ինչ-որ մի բառ ասել ՝ չմտածելով, որ դա երեխաների մոտ կհասունանա ու կդառնա բուլինգի թեմա։

Նախագծում կետ կար, որի հիմքում ոչ միայն բուլինգի, այլև ընտանեկան բռնության բացահայտումն էր։ Այս դեպքում ծնողները կհամագործակցե՞ն դպրոցի հետ։

– Բարդ է այդ համագործակցությունը ստեղծել, երբ ընտանիքում կա բռնություն։ Չնայած վերջերս մանկավարժները հետամուտ էին եղել ու բացահայտել էին բավականին ծանր հանցանք։

Սովորաբար բուլինգի ենթարկվում են ինքնամփոփ երեխաները, բայց գուցե դա մարդու բնույթն է։

– Բոլոր ինքնամփոփ երեխաները չէ, որ ենթարկվում են բուլինգի։ Հնարավոր է, որ աշխույժ երեխան նույնպես ենթարկվի բուլինգի։ Դրա համար կարևոր է ուշադիր լինել երեխաների վարքագծային կամ հուզական փոփոխություներին։ Երկա՞ր է տևում դա, թե՞ մեկ օրում անցավ։ Մանկավարժները հայացքով հետևելով՝ շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում։ Դրա համար չենք կարող ասել, որ միայն ինքնամփոփ երեխաներին պետք է ուշադրություն դարձնեն։ Բոլորն էլ կարող են ենթարկվել բուլինգի։

– Տեսակետ կա, որ այն դասարանում, որտեղ չի զգացվում ուսուցչի ուժը, բուլինգի դեպքերը շատ են։ Այդպե՞ս է։

– Կարծում եմ՝ այո։ Այսինքն, ուժը դիտարկել որպես կարգապահություն, խստապահանջություն, որը համակցված է դրական, ջերմ հարաբերություններով, այս դասարաններում միանշանակ ավելի հեշտ է հարթել խնդիրները, քան, երբ ուսուցիչը չգիտի՝ ինչպես վարվել նման դեպքերում, կամ բարկանում է, երբ նկատում է նման խնդիրներ։

– Բուլինգը կարո՞ղ է հանգեցնել ինքնասպանությունների կամ սպանությունների։

– Կարող է։

– Ծնողն ինչպե՞ս հասկանա, որ երեխան դպրոցում բուլինգի է ենթարկվում։

Երբ փոխվում է երեխայի վարքագիծը։ Օրինակ, եթե երեխան դպրոցից պարբերաբար տխուր է վերադառնում, իսկ երբ խնդրում է պատմել՝ ի՞նչ է եղել, խուսափում է։ Պետք է ուշադիր լինել, եթե իրավիճակը մի փոքր երկարաձգվի՝ խոսել ուսուցչի հետ, որպեսզի ուշադիր լինի, և տեսնեն, թե ի՞նչ է կատարվում։ Շատ կարևոր են հուզական ոլորտի տատանումները։ Ուզո՞ւմ է դպրոց գնալ, թե՞ չի ուզում, ընկերներ կարողանո՞ւմ է ձեռք բերել, թե՞ մեկ էլ՝ ընկերները չկան։ Այսինքն, այն փոփոխությունները, որոնք հարցեր են առաջացնում, հետամուտ լինի ու հասկանա պատճառը։

Եթե խոսում եք ընկերներից, դպրոցում հաճախ է պատահում, որ այն երեխան, որր լավ է սովորում կամ համեմատաբար ավելի գեղեցիկ է՝ ըստ իրենց պատկերացումների, աշխատում են նրան ավելի շատ վնասել կամ նրանից հեռու են մնում։

– Դա հոգեբանական բուլինգն է, երբ մեկուսացնում են երեխային, որպեսզի իրենցից հեռացնեն, իրենց կարծիքով՝ իրենցից ուժեղին։

– Դպրոցը փոխելն այս դեպքում ե՞լք է համարվում։

– Միշտ չէ, ոչ դպրոցը փոխելը ելք է, որովհետև հաճախ հենց տեղում երեխան հաղթահարում է խնդիրը, որն ամրացնում է իր դիրքն այդ նույն տարածքում և երեխան հասկանում է, թե ինչպե՞ս կարող է իր հարցերը լուծել հենց նույն մարդկանց հետ։ Բայց երբեմն պատահում են դեպքեր, որ լավագույն տարբերակը դպրոց փոխելն է։ Դրանք ոչ թե կոնկրետ այդ երեխայի, այլև այլ խնդիրների հետ են կապված լինում, երբ երեխան օգնություն չի ստանում մանկավարժի կամ ընկերների կողմից։ Բայց եթե մանկավարժն օգնում է՝ դա ավելի հեշտ է լինում։

Գոյություն ունի մանկական տրավմա, որը մարդուն հետապնդում է ամբողջ կյանքում։ Եվ եթե երեխան բուլինգի է ենթարկվել՝ պե՞տք է դիմել հոգեբանի, թե՞ ծնողի օգնությամբ կարող է հաղթահարել։

– Կարծում եմ՝ պետք է։ Իհարկե, նայած՝ ի՞նչ է կատարվել։ Եթե հոգեբանական աշխատանք իրականացնելու խնդիր չի լինի, հոգեբանը չի աշխատի։

Բայց մոռանալ լինո՞ւմ է։

– Մենք ոչինչ չենք մոռանում։ Արխիվներում «նստած» է, ու երբ ժամանակը գալիս է, դուռը թակում են, գալիս ներկա։ Դրա համար հոգեբանի հետ աշխատելը կարևոր է, որովհետև հարցեր կան, որոնց պատասխանը երեխան պետք է գտնի, վերականգնի իր հավատը շրջապատի, ընկերների, ուսուցչի, ծնողի հանդեպ, որպեսզի հետագայում խնդիրների դեպքում ունենա պրակտիկ հաղթահարման փորձ։

Իսկ ինչպե՞ս օգնել բուլինգ իրականացնողներին։

– Նույն կերպ։ Հոգեբանի մոտ տանելով, հոգատարություն ցուցաբերելով։ Սա շատ նուրբ աշխատանք է, մասնագետի և երեխայի, ծնողների հետ համագործակցության միջոցով է հնարավոր երեխային դուրս հանել այդ վիճակից, որ հասկանան պատճառն ի՞նչն է։

Որո՞նք են հիմնական պատճառները։

– Կարող են լինել նեղ միջավայրում ընդունված կանոնները, «խփիր, քանի չեն խփելը», որի տակ վախն է։ Այսինքն, երեխան կամ ծնողը վախենում է , որ եթե ինքը չխփի՝ իրեն ավելի շուտ կխփեն։ Սա մանկուց եկած վախ է, որը երեխային կարող է տանել ագրեսիվ վարքի։ Ծնողն իր պատկերացումը կամ որոշակի խնդիրների հաղթահարման իր մեթոդը փոխանցում է երեխային, բայց հնարավոր է, որ ծնողը դա չի սովորեցնում, իսկ երեխայի մոտ այնպիսի հոգեվիճակ է, որ ագրեսիվ վարքագիծ է դրսևորում։ Պետք է պատճառահետևանքային կապերը հասկանալ, որոնք բազմաթիվ են։

– Վերջերս մի դեպքի ականատես եղաերբ երեխային հարցեցին, թե՝ ի՞նչ ես ուզում դառնալ, պատասխանեց՝ խոհարար, տատիկը լսելով՝ շատ զայրացավ ու ասաց, որ՝ եթե ծնողներդ այդ մասին իմանան՝ տես քեզ ինչ կանեն։ Սա բուլի՞նգ է։

– Իհարկե, սպառնալիք է։ Միգուցե դա տատիկի միտքն էր, ու ծնողները ոչինչ չէին անի։ Տատիկի ասելն արդեն երեխայի մոտ որպես սպառնալիք կընկալվի։ Այստեղ կարևոր է այն, թե երեխան ինչպե՞ս է ընկալում։ Գուցե որպես կատակ կամ լուրջ, կամ մտածում է, թե հետո ի՞նչ կանեն իր հետ։ Սա արդեն բերում է ծանր ապրումների։ Պետք է թողնեն՝ երեխան մեծանա, ու միգուցե շատ լավ խոհարար դառնա, և դա ուղղակի հրաշալի է։ Բայց յուրաքանչյուրը չէ, որ սպասելու է՝ երեխան մեծանա ու ինքնուրույն մասնագիտություն ընտրի, որովհետև ունի իր բերած պատմությունը, որ երեխան այն շարունակի, որը նույնպես խնդիր է արդեն դառնում տվյալ երեխայի համար, եթե պարբերաբար ստիպում են։

– Եթե ծնողը բացահայտել է, որ երեխան ենթարկվում է բուլինգի, պե՞տք է տեղեկացնի դասղեկին, տնօրենին, թե՞ միասին կհաղթահարեն, հարցերը կլուծեն։

– Կարծում եմ՝ դասղեկին պարտադիր պետք է ասել, որովհետև մանկավարժը կարգավորող առաջին օղակն է։ Եթե չի ստացվում՝ համագործակցել տնօրենի հետ։ Երեխային այդ վիճակում չի կարելի թողնել։ Մեծավարի պետք է գնալ ու լուծել հարցերը։ Լինում են դեպքեր, որ ծնողներն են սկսում իրար բուլինգի ենթարկել ու երեխաները շարունակում են այդ նույն գործընթացը, որովհետև տեսնում են դա դպրոցում։ Կան դեպքեր, որ ծնողները խոսում են իրար հետ, ու հարցերը լուծվում են։

– Բուլինգ կատարողը և՞ս կարող է զոհ լինել։

– Իհարկե կարող է։ Ագրեսորը կարող է նաև զոհ լինել։

Ո՞ր տարիքի երեխաներն են նման խնդիրների առջև կանգնում՝ բուլինգի ենթարկվում։

– Հիմնականում ընդունված է ասել՝ դեռահասները, որոնք ավելի ակտիվ են սկսում ապրել, ու դա ակնառու է դառնում, բայց միգուցե փոքրիկները շատ չեն պատմում կամ չգիտեն՝ ինչպես ներկայացնել։ Նաև չեն հասկանում, որ դա բռնություն է, չնայած գուցե դա իրենց դուր չգա։

Բուլինգի մի քանի օրինակներ կարո՞ղ եք թվարկել, որոնք կօգնեն և՛ ծնողներին, և՛ երեխաներին։

– Օրինակ, կսմթելը, հրելը, խփելը, խոսքային ագրեսիան՝ վիրավորող բառերը։ Հոգեբանականն այն է, երբ մեկուսացնում են երեխային, այնպես են անում, որ չշփվեն նրա հետ։ Ճնշման են ենթարկում, որ իրեն նսեմացած զգա։ Օրինակ, դասարանական չաթում կարող են մեկին ծաղրել կամ մեկի հարցերին միշտ չպատասխանել։ Ասենք՝ խնդրում է հիշեցնել հանձնարարված դասը, ու ոչ ոք չի պատասխանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930