Նման հայտարարություն չեմ արել․․․ Ինձ վրա ոչ մեկն էլ ճնշում չի գործադրել․ Կոռնիձորի վարչական ղեկավար

«Այդ իմ հայտարարությունը ձևափոխած է․ նման հայտարարություն ես չեմ արել,- 168am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ և Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանը և հավելեց,- Ես ասել եմ, որ սրանից մի 4 տարի առաջ Հակարիի կամրջի մոտ նման փորձ է եղել, սաստել են, բայց 4 տարի է` ոչ մի կրակոց էլ չկա, սահմանապահներն իրենց տեղում են, իրենք` իրենց տեղում։ Մենք էլ մեզ համար աշխատում ենք․ խաղաղություն է»։

Իսկ խոսքն «Առավոտ» կայքում «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է» վերնագրով հոդվածում տեղ գտած հայտարարությունների մասին է, որից հետո նախ Տեղի համայնքապետարանն էր շտապել հերքել Ամարյանի հայտարարությունը՝ նշելով, որ պարոն Ամարյանը լրագրողներին հստակ ասել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել, ապա նաև՝ ինքը՝ Ամարյանը։

Նկատենք, սակայն, ձայնագրության մեջ Սուրեն Ամարյանը «4 տարի» արտահայտությունը կիրառում է կրակոցներ չլինելու կոնտեքստում։

Հարցին՝ արդյո՞ք նրա վրա ճնշում է եղել իր հարցազրույցից հետո, կամ՝ գուցե այդ հայտարարությունը պարզաբանելու համար զա՞նգ է ստացել ԱԱԾ-ից, ՊՆ-ից, Կոռնիձորի վարչական ղեկավարը պատասխանեց․ «Ինձ վրա ոչ մեկն էլ ճնշում չի գործադրել։ Ինձնից հարցում են արել, ես իրականությունն ասել եմ, ուղղակի իմ բառերը ձևափոխած են ներկայացրել»։

Կարդացեք նաև

Նկատառմանը, որ կայքը նաև ձայնագրություն է հրապարակել այդ զրույցից, Կոռնիձորի վարչական ղեկավարը կրկնեց․ «Ես նշել եմ՝ նախկինում նման փորձ եղել է, բայց 4 տարի է,  ինչ սահմանապահներն այստեղ են, մեր գյուղը խաղաղ ապրում է, այ դա իրենք չեն ձայնագրել»։

«Առավոտ»-ը հանրայնացրել է այդ զրույցի ձայնագրությունը, որում, մասնավորապես, հետևյալ հարցուպատասխանն է․

«Հարց․ -Մենք գիտենք, որ Տեղ գյուղի հողերի մի մասն էլ է օկուպացված․  քանի տարի առաջ գյուղացիներն արթնացել-տեսել էին՝ ադրբեջանցիները նստած են իրանց հանդերի մեջ։ Հիմա ի՞նչ իրավիճակ է, այդ մարդիկ իրենց հողերը չե՞ն․․․

Պատասխան․ -Կոռնիձորում սահմանային ոչ մի խնդիր չկա։ 4 տարի է՝ մեզ մոտ սահմանները պահում է սահմանապահ զորքը։ Կրակոցներ չկան ո՛չ Ադրբեջանի կողմից, ո՛չ մեր կողմից։ Խաղաղ է, մարդիկ աշխատում, իրենց համար ստեղծագործում։

Հարց․ -Իսկ Տեղ համայնքո՞ւմ․․․

Պատասխան․ -Տեղ համայնքում պետք է լինի սահմանազատում, որի ժամանակ կճշտվի՝ իրե՞նք են մեր սահմանն անցել, թե՞ մենք՝ իրենցը։

Հարց․ -Իսկ ե՞րբ է լինելու, ինչ-որ տեղեկություններ ունե՞ք։

Պատասխան․ -Առայժմ տեղեկություններ չկան․ Կոռնիձորի հատվածում՝ Հակարիի կամրջի մոտ էլի սահմանազատման պրոբլեմ կա, որ այդ ժամանակ պետք է ճշտվի։

Հարց․ -Իրե՞նք են առաջացել։

Պատասխան․ -Չէ՛, առայժմ իրենք չեն․ ուզում են՝ մենք չենք թողնում։ ․․․Իրենք ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է։ Առայժմ այդպես էլ մնում է։

Հարց․ – Իսկ որ ասում եք՝ չենք թողնում, դա ի՞նչ մակարդակում է կարգավորվում։

Պատասխան․ -Սահմանապահ զորքը․ մենք չենք խառնվում, բնակիչները չեն խառնվում։ Սահմանապահը կանգնած է։ Հայաստանի Հանրապետության ամենամեծ սահմանը Ադրբեջանի հետ ունի Կոռնիձոր գյուղը՝ 18 կիլոմետր։ Ոչ մի տեղ, ոչ մի գյուղում, ոչ մի բնակավայրում այդքան երկար սահման չկա։ Մեզ մոտ հես ա 4 տարուց ավել է՝ սահմանապահ զորքերն են կանգնած։ Մեզ համար խաղաղություն է։

Հարց․ –Դա խաղաղությո՞ւն է, որ թշնամին ուզում է գա առաջ։ Այսինքն՝ իրենք միտվա՞ծ են խաղաղության։

Պատասխան․ -Դե, հիմա իրենք ձգտում են, մենք էլ ենք ձգտում։ Դե, բայց, փաստորեն, առանց կրակոցների, առանց որևէ հարցի, մենակ լեզվակռիվ է։․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930