ՓՈՔՐ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐՆԵՐ․ ԱՄՆ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐԸ
Փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) թեմային անդրադարձել եմ այս տարվա մարտին՝ «Փոքր ռեակտորի մեծ խնդիրները» հոդվածում։ Այնտեղ քննության եմ առել նման նախագծերի տեխնոլոգիական և տնտեսական անորոշությունները, ինչպես նաև վառելիքի մատակարարման և ռադիոակտիվ թափոնների կառավարման խնդիրները։
Թեմային կրկին անդրադառնալու առիթը օգոստոսի 18-ին Financial Times-ում հրապարակված՝ ՓՄՌ մշակող ամերիկյան առաջատար ընկերությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը նվիրված հոդվածն է։
Ըստ աղբյուրի՝ ոլորտի զարգացման շուրջ ձևավորված ակնկալիքները հեռու են արդյունաբերական մասշտաբով կենսունակ նախագծեր իրականացնելու իրական հնարավորություններից։ Այս հանգամանքը գործնական նշանակություն ունի Հայաստանի համար, որի կառավարությունն ամերիկյան տեխնոլոգիայի հիման վրա մոդուլային միջուկային էներգետիկայի զարգացումը սահմանել է որպես էներգետիկ քաղաքականության առաջնային ուղղություն։
Սպասելիքներ և իրականություն
ՓՄՌ-ի հզորությունը սովորաբար չի գերազանցում 300 Մեգավատտը, նախատեսվում է հիմնական բաղադրիչներն արտադրել գործարաններում, ապա տեղափոխել և մոնտաժել շահագործման վայրում, ինչը պետք է կրճատի կառուցման ժամկետները և ծախսերը։ Սակայն այդ սպասումներն ի դերև ելան, ինչի մասին է վկայում ամերիկյան ֆոնդային բորսայում համապատասխան ընկերությունների բաժնետոմսերի գների դինամիկան։
2025թ. հոկտեմբերին գրանցված առավելագույն մակարդակից հետո NuScale Power, Nano Nuclear և Oklo ամերիկյան ընկերությունների շուկայական կապիտալացումը օրերս կտրուկ նվազեց 30 մլրդ դոլարով։ Փորձագետների գնահատմամբ, խոսքը ոչ թե շուկայի տատանումների, այլ նոր տեխնոլոգիայի շուրջ ձևավորված ակնկալիքների և դրա առևտրային կիրառման հնարավորությունների անհամապատասխանության մասին է։ Ընկերություններն աշխատում են վնասով և կարիք ունեն լրացուցիչ ներդրումների։
Սակայն ոլորտի բուն խնդիրները միայն դրանով չեն պայմանավորված. առկա են տեխնոլոգիական դժվարություններ, արտադրական շղթաները ձևավորված չեն, իսկ միջուկային վառելիքի մատակարարումները երաշխավորված չեն։ Թեև ֆրանսիական EDF-ը և բրիտանական Rolls-Royce-ը մոդուլային ռեակտորների մշակման հարցում նախընտրել են խոշոր ջրա-ջրային ռեակտորների արդեն իսկ յուրացված տեխնոլոգիաները, սակայն նույնիսկ դա չի երաշխավորում նախագծերի տնտեսական կենսունակությունը։
Առավել խոսուն է NuScale-ի օրինակը․ չնայած ԱՄՆ կարգավորող մարմնի կողմից նրա ռեակտորի նախագծի հաստատմանը և 1,36 մլրդ դոլար պետական աջակցությանից մոտ 183 մլն դոլարի հատկացմանը՝ ընկերության առաջին նախագիծը դադարեցվել է։
Ընտրություն՝ առանց փորձագիտական ուսումնասիրության
Հայկական ԱԷԿ-ի փոխարինումն ազգային անվտանգության խնդիր է և չի կարող պայմանավորված լինել ո՜չ տեխնոլոգիական նորաձևությամբ, ո՜չ էլ փոփոխվող քաղաքական նպատակահարմարությամբ։ Գործող՝ 416 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկը 2025-ին ապահովել է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 30%-ը։ ՀՀ կառավարությունը որոշել է գործող ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգել մինչև 2036 թվական:
Սակայն, ինչպես ընդգծում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, կայանի հետագա շահագործումը հնարավոր է միայն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունների հիման վրա դրա անվտանգությունը հաստատելու դեպքում։ Լրացուցիչ գործոն է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը, որոնք ձգտում են կայանի հնարավորինս արագ փակմանը։
Այս ֆոնին ՀՀ կառավարությունը 2026թ. մարտի 10-ին հայտարարեց մոդուլային միջուկային էներգետիկան զարգացնելու մասին։ Ուշագրավ և տարակուսելի է, որ ապագա ատոմակայանի տեխնոլոգիական տեսակն արդեն հայտարարվել է ընտրված, մինչդեռ կոնկրետ նախագծի, մատակարարի, պայմանների և շինարարության ժամկետների շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել։ Հարց է առաջանում՝ համեմատական ի՞նչ վերլուծության հիման վրա են բացառվել այլ տարբերակները։

Ընթացիկ տարվա մայիսին ամերիկյան Sargent & Lundy ընկերությունն ավարտեց ՀԱԷԿ-ի փոխարինման հնարավորության նախնական գնահատումը և հետագա դիտարկման արժանի նկատեց ամերիկյան ՓՄՌ-ների չորս տեխնոլոգիա։ Ամերիկյան ընկերության իրականացրած և բացառապես ամերիկյան տեխնոլոգիաներով սահմանափակված ուսումնասիրությունը չի կարող համարվել բոլոր հնարավոր տարբերակների անկողմնակալ և համապարփակ գնահատում ու ծառայել ռազմավարական որոշման հիմք։
Առավել ևս, որ հանրությանը դեռևս չեն ներկայացվել դիտարկվող նախագծերի ընտրության չափանիշները, իրականացման ժամկետները, ամբողջական արժեքը և ֆինանսավորման պայմանները։
Նման որոշումը պահանջում է բոլոր հասանելի տարբերակների, դրանց անվտանգության, տեխնոլոգիական հասունության, տնտեսական արդյունավետության և ՀՀ էներգետիկ համակարգի համար հետևանքների համակողմանի վերլուծություն։
Կասկած են հարուցում նաև որոշ պաշտոնական հայտարարություններ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ տեխնոլոգիայի վերջնական ընտրությունը կարող է հետաձգվել մինչև 2027 թվականը, երբ որոշ երկրներում նախատեսվում է շահագործման հանձնել մոդուլային կայաններ։ Սակայն արևմտյան առավել առաջադեմ ՓՄՌ-ի գործարկումը նախատեսում է միայն 2030թ. վերջին։ Հետևաբար՝ նախարարի հայտարարությունն առնվազն վիճահարույց է․ եթե մինչ իր նշած ժամկետը նախատեսված չէ որևէ ՓՄՌ առևտրական շահագործման հանձնել, ապա ի՞նչ փաստացի արդյունքների հիման վրա է կառավարությունը պատրաստվում վերջնական որոշում կայացնել։
9 մլրդ դոլար․ ոչ թե օտարերկրյա ներդրում, այլ ծախս
2026թ. փետրվարի 9-ին ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարություն։ Վենսը հիշատակել էր մինչև 5 միլիարդ դոլարի հնարավոր ամերիկյան արտահանման, ինչպես նաև սպասարկման երկարաժամկետ պայմանագրերի համար ևս 4 միլիարդ դոլարի մասին։ Հայտնի է, որ խոսքը ո՛չ ամերիկյան ուղղակի ներդրումների և, առավել ևս, ո՛չ ֆինանսական օգնության մասին է։ Նշված թվերն ամերիկյան մատակարարումների և ծառայությունների ենթադրյալ արժեքն են։
Ամերիկյան ընկերությունների համար դրանք ապագա եկամուտներ են, իսկ Հայաստանի համար՝ ծախսեր, որոնց ֆինանսավորման աղբյուրները դեռ որոշված չեն։ Հնարավոր նախագծի ծավալը պատկերացնելու համար նշենք, որ ԱՄՀ-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարում կկազմի շուրջ 32 միլիարդ դոլար և, հետևաբար, 5 մլրդ դոլար նախնական մատակարարումների ենթադրյալ արժեքը համադրելի է ՀՆԱ-ի մոտ 16%-ի հետ։
Նախագծի ծավալն ու ռազմավարական նշանակությունը պահանջում են հստակ պատասխաններ հետևյալ հարցերին․ ինչպե՞ս է նախատեսվում ապահովել դրա ֆինանսավորումը, ո՞վ է ստանձնելու շինարարության հնարավոր թանկացման ռիսկը, ինչպե՞ս է նոր տեխնոլոգիան անդրադառնալու էլեկտրաէներգիայի սակագների դինամիկայի վրա։
Գնահատման ենթակա է կայանի ամբողջ կենսացիկլի արժեքը՝ ներառյալ նախագծումը, շինարարությունը, սեյսմիկ անվտանգության ապահովումը, ցանցին միացումը, մասնագետների պատրաստումը, վառելիքի մատակարարումը և թափոնների կառավարումը։ Միաժամանակ պետք է հիշել, որ մոդուլային ռեակտորների ենթադրվող էժանությունը պայմանավորված է սերիական արտադրությամբ, և գնելով առաջին ՓՄՌ-ներից մեկը՝ Հայաստանը կվճարի ոչ թե հասուն տեխնոլոգիայի առավելությունների, այլ դրա կայացման ծախսերի և ռիսկերի համար։
Դիվերսիֆիկացում՝ առանց նոր կախվածության
ՓՄՌ-ների կողմնակիցները դրանց ներդրումը հիմնավորում են նաև արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ։ Սակայն մատակարարի փոփոխությունը դեռ չի նշանակում կախվածության վերացում։ Միջուկային էներգետիկան ենթադրում է վառելիքի մատակարարման, տեխնոլոգիաների ու սարքավորումների փոխանցման, դրանց սպասարկման, անձնակազմի պատրաստման և թափոնների կառավարման երկարատև հանձառություններ։ ՓՄՌ-ները պահանջում են HALEU տիպի միջուկային վառելիք, որի արտադրության առևտրային ենթակառուցվածքը ձևավորման փուլում է դեռ։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ դրա պակասը կհետաձգի նոր ռեակտորների ներդրումը։
Ուստի, անհրաժեշտ է գնահատել տեխնոլոգիայի շահագործման ամբողջ համակարգի կայունությունը և արդյունավետությունը։ Եթե ամբողջ տեխնոլոգիական ցիկլը կախված է միակ մատակարարից, ներկայիս կախվածությունը պարզապես կփոխարինվի մեկ այլով։
Հարկ է հաշվի առնել նաև տվյալների մշակման կենտրոնների (ՏՄԿ) պահանջարկը։ Firebird-ի գնահատմամբ՝ հայկական առաջին հարթակը պահանջում է 15 ՄՎտ հզորության, իսկ հաջորդ փուլը՝ 125 ՄՎտ։ Եթե համապատասխան պահանջարկը ձևավորվի նոր ռեակտորի գործարկումից առաջ, ծանրաբեռնվածությունը կընկնի գործող էներգահամակարգի վրա։ Հետևաբար, ՏՄԿ-ի զարգացումը պահանջում է նախապես որոշել անցումային շրջանում դրանց կայուն էներգամատակարարման աղբյուրները և գնահատել լրացուցիչ ծանրաբեռնվածության հետևանքները մյուս սպառողների համար։
Ռացիոնալ վերլուծությունը չի հիմնավորում ՓՄՌ-ի կանխորոշված ընտրությունը՝ որպես ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հիմնարար բաղադրիչ։ Անհրաժեշտ է բոլոր հնարավոր լուծումները ենթարկել անկախ և քաղաքական ազդեցությունից զերծ փորձագիտական գնահատման։
ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, ՌԴ-ի և Հարավային Կորեայի նման երկրների համար ՓՄՌ-ի վրա խարսխված նախագծի ձախողումը հղի է ֆինանսական կորուստներով և ժամկետների հետաձգմամբ։
Հայաստանի համար նման սխալը կարող է լինել կործանարար և հանգեցնել էներգետիկ հզորությունների պակասուրդի, սակագների և պարտքային բեռի աճի և տնտեսության մրցակցության անկման և նոր ռազմավարական կախվածության։ Հայաստանի էներգետիկայի զարգացման ուղղությունները պետք է ընտրվեն հստակ և ստուգելի չափանիշներով՝ տեխնոլոգիայի ապացուցված անվտանգություն և հասունություն, տնտեսական կենսունակություն և սակագնային մատչելիություն, վառելիքի և սպասարկման հուսալի ապահովում, հզորությունների ժամանակին գործարկում, էլեկտրամատակարարման անխափանություն և արտաքին կախվածության նվազեցում։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

