«Իրականությունից չես փախչի, ունենք խնդիր և այդ խնդիրը պետք է լուծում ունենա». Տիգրանաշենի ղեկավար
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև լրագրողներից մեկի՝ Տիգրանաշենի վերաբերյալ հարցին։ Լրագրողը Նիկոլ Փաշինյանից մասնավորապես հետաքրքրվեց՝ Տիգրանաշենը համարո՞ւմ է հայկական տարածք։
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց.
«Մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման պահին Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և հենց այդ քարտեզներով ենք Կիրանցի հատվածում իրականացրել սահմանազատումը։ Ըմբռնումն այն է, որ հենց այդ քարտեզներով էլ պետք է շարունակենք սահմանազատման գործընթացը։ Հիմա, այդ քարտեզների համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բարխուդարլուն և Ասկիպարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Հիմա մեր ընկալումն ինչպիսի՞ն է. արդյոք այս հարցը պետք է լուծվի՞, թե՞ ոչ։
Այո՛, այս հարցը պետք է լուծվի։ Արդյոք կա՞ տարբերակ այս հարցերը ռազմական ճանապարհով լուծելու համար. ոչ, չկա՛ այդպիսի տարբերակ։
Հարցերը ռազմական ճանապարհով լուծելն անցյալում է և փակված էջ։ 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է։ Այդ 29,743 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը ներառված է՝ բնականաբար, որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող ադրբեջանական անկլավները ներառված չեն, հետևաբար՝ այդ տարածքները դուրս են այդ 29,743 քառակուսի կիլոմետրի հաշվարկից, բայց սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»։
168.am-ը Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանից հետաքրքրվեց՝ անձամբ Տիգրանաշենը համարո՞ւմ է հայկական տարածք և ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Պատասխանելով հարցին՝ Լյուդվիգ Ստեփանյանը հակիրճ ասաց.
«Չեմ կարծում, որ այս հարցը մակերեսային կերպով խոսելու հարց է, շատ նուրբ հարց է։ Հեռախոսով չեմ կարող պատասխանել։
Նիկոլ Փաշինյանն ինչ ասել է, ես դրա շուրջ չեմ ուզում մեկնաբանություններ անել, բայց իրականում ունենք այն, ինչ ունենք, անկախ նրանից, թե այդ ամենն ով ինչ առիթով կօգտագործի ու ինչ դիվիդենտներ կշահի։ Նկատի ունեմ, թե ինչպես կփորձեն ընկալել Նիկոլ Փաշինյանի ասածը կամ ինչպես կներկայացնեն։
Ինքս ունեմ կարծիք, գիտեմ նաև, որ իրականությունից չես փախչի, ունենք խնդիր և այդ խնդիրը պետք է լուծում ունենա։ Չեմ ասում ինչ տեսակի լուծում, բայց որևէ լուծում պետք է ունենա»։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի մայիսին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրի մեջ ներառված են նաև ադրբեջանական անկլավները, որովհետև 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը նույնպես մտնում է»։
«86.600-ն առանձին է, բայց փաթեթի մեջ է՝ 29.800-ի մեջ: 29.800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, իսկ 86.600-ի մեջ մտնում են նաև անկլավները: Սա քաղաքական դիրքորոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել:
Սահմանագծի հետ կապված՝ հստակ ասում եմ՝ ինչ տարբերակ կա: Անկլավների թեմայի հետ կապված տարբերակները մի քանիսն են. դրանցից մեկը կարող է լինել, եթե այդպիսի համաձայնություն ձեռք բերվի, որ գծի երկու կողմում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որում գտնվում են, տարածքների համաչափության կամ նույնականացման ձևով, այսինքն՝ կիլոմետր քառակուսիների ճշգրտումով, օրինակ՝ չափել՝ Արծվաշենի տարածքն ինչքան է, մյուսների տարածքն ինչքան է, և ըստ այդմ՝ այնպես անել, որ ամեն ինչ լինի հավասարության սկզբունքի հիման վրա:
Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո այդ տարածքները լինեն համապատասխան՝ Արծվաշենը վերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո, այն մյուս տարածքները, որոնք դե յուրե կհիմնավորվեն, վերադառնան»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր Նիկոլ Փաշինյանը։

