«Մենք ունենք համապատասխան հեռահարությամբ հրթիռա-հրետանային միջոցներ, որոնցով կարող ենք ճնշել ու ոչնչացնել հակառակորդի Սմերչ կայանքները». փորձագետ
Փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը ֆեյսբուքի իր էջում գրելէ.
«Հաշվի առնելով սմերչասարսափը, որ տիրում է տեղեկատվական դաշտում չկարողացա լռել…
ԲՄ-40 կամ որ ավելի հայտնի է լայն հասարակությանը ՍՄԵՐՉ անվանումով հանդիսանում է համազարկային կրակի ռեակտիվ հերտանային կայանք, որը նախատեսված է բաց տեղանքում կենդանի ուժի և թեթև զարահապատ տեխնիկայի խոցման համար: Ահա այստեղ է, որ մենք հիմնականում շեղվում ենք բուն թեմայից և հիմնականում ռուսական զորավարժաարաններում նկարահանված գովազդային տեսահոլովակները հիմք ընդունելով Սմերչը համարում ենք ատոմային ռումբից հետո ամենասարսափելի զենքը (ըստ որոշ լրատվամիջոցների բնութագրման): Նույնիսկ որոշ կարծիքներում Սմերչը սկսեցին անվանել զանգվածային ոչնչացման զենք ԶՈԶ, սակայն իրականում Սմերչը ոչ մի կապ չունի ԶՈԶ-ի հետ: Իզուր չէ որ ամենասկզբում ես բերեցի ԲՄ-40-ի նշանակությունը: Այնտեղ ոչ մի միտք չի կարող բերել նրան, որ Սմերչը ԶՈԶ է հանդիսանում: Զանգվածային ոչնչացման զենքերը դասակարգվում են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական և որոշ դեպքերում հրկիզող զենքերի, իսկ Սմերչը դրանցից որևէ մեկի մեջ չի մտնում:
Մի փոքր ավելի մանրամասնելով ասեմ, որ նախ և առաջ նրա կրակի առավելագույն հեռավորությունը 70 կմ է, այլ ոչ թե 90 կմ: 90 կմ հեռահարությամբ ստեղծվել են որոշ փորձնական հրթիռներ, սակայն դրանց սերիական արտադրությունը չկա: Հաջորդ կարևոր հանգամանքը նրանում է, որ արտահայտվում է միտք, թե մեկ հրթիռը ծածկում է մոտ 60-70 հեկտար տարածք, որը նույնպես թյուրիմացություն է: Սմերչի մեկ կայանքի արձակած հրթիռները ցրվում են 60-70 հեկտար տարածքով, մեկ հրթիռ իրականում ծածկում է ընդամենը 1 հեկտար տարածք (տեսականորեն միայն), այսինքն եթե 8 հրթիռի մասին խոսենք ապա պարզ երևում է, որ մեկ համազարկով 60-70 հեկտար տարածքում ծածկվում է մոտ 8 հեկտար տարածք: Այս փաստը միանգամից ի հայտ է բերում ևս մեկ էական թերություն: Եթե մենք վերցնեում ենք ցրման կենտրոնը և նայում թե ինչպիսի ցրում են տալիս ապա տեսնում ենք, որ հրթիռները ընկնելու են իրարից հազարավոր մետրեր հեռու, այսինքն ԲՄ-40 չունի այնպիսի ճշգրտություն, ինչպիսին գովազդում են ռուսները: Այ ուրիշ բան, եթե դրանց ցրման խտությունը լիներ ասենք գոնե 25 հեկտարի վրա ապա կարելի էր արդեն խոսել Սմերչի մեծ վտանգավորություն ներկայացնելու մասին, սակայն այս դեպում այն իրենց մեծ վտանգ չի ներկայացնում, քանի որ պաշտպանողական մարտակարգը բավականին ապակենտրոնացված է, իսկ բնակավայրում էլ, եթե մարդիկ գտնվում են թաքստոցներում, ապա հուսալիորեն պաշտպանված կլինեն հակառակորդի հրետակոծությունից:
Հիմա փորձեմ մեկ այլ տեսակյունից նաև ի հայտ բերել ԲՄ-40-ի թերությունները: 70 կմ հեռահարությունը, որը տալիս է դրա մարտատեխնիկական բնութագիրը, դա զորավարժարանի հեռահարությունն է, իսկ մենք պարտավոր ենք հաշվել դրա մարտադաշտի հեռահարությունը: Պետք է հստակ հասկանանք, որ մարտադաշտում դրանց համազարկերի տեղերը պիտի առաջնային գծից լինեն այնպիսի հեռավորության վրա, որ հակառակորդի դաշտային հերտանին չկարողանա այդ հեռավորության վրա խոցի: Եթե տարրական վերլուծություն կատարենք հայակական կողմի ունեցած դաշտային և ռեակտիվ հրետանու հնարավորությունները, ապա կարող ենք ասել, որ հակառակորդը իր ԲՄ-40-ները ճակատի գծից առնվազն 30-40 կմ հետ պիտի տեղադրի, ինչով նրա հեռահարությունը կկազմի 40-30 կիլոմետր: Սրանով մենք արդեն իսկ վերացնում ենք այն վտանգը, որ հակառակորդը կարող է իր Սմերչերով հրետակոծության ենթարկել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հաջորդը հարցը նույնպես վերաբերվում է դրանց օպերատիվ կիրառմանը: Ադրբեջանը իր ունեցած Սմերչ համակարգերը թողել է կենտրոնական հրամանատարության ենթակայության տակ և դրանց ցանկացած շարժ, ցանկացած ուղղության վրա միանգամից ի հայտ է բերվելու և մենք պատրաստ ենք լինելու դրանց գործողություններին: Իսկ մենք ունենք համապատասխան հեռահարությամբ հրթիռա-հրետանային միջոցներ, որոնցով կարող ենք ճնշել ու ոչնչացնել հակառակորդի Սմերչ կայանքները: Ընդ որում մեր հետախուզական միջոցները հնարավորություն են տալիս ճշգրտորեն պարզել դրանց տեղերը և կետային հարվածներ հասցնել:
Այս փոքրիկ վերլուծությամբ ցանկանում եմ ցույց տալ, որ ինչպես ցանկացած ռազմական տեխնիկա ԲՄ-40 (Смерч) կայանքները հանդիսանում են մահաբեր միջոցներ ինչպես զինված ուժերի, այնպես էլ քաղաքացիական բնակչության համար, սակայն դրանք չեն կարող համարվել ատոմային ռումբից հետո ամենահզոր զենքը կամ ԶՈԶ միջոց, որից մենք պիտի սարսափահար լինենք»: