Դիվանագիտական մանևրների ավարտը. Պուտինը Երևանի առաջ հանրաքվեի կոշտ պայման է դնում
Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից մեկուկես ամիս անց կայացավ Փաշինյանի հեռախոսային շփումը Վլադիմիր Պուտինի հետ։ Սա դարձավ ընտրություններից հետո հաջողված երկրորդ հեռախոսազանգը Ռուսաստանի Դաշնություն, որոնցից առաջինն ուղղված էր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որին հաջորդեց նաև Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպումը Միշուստինի հետ։
Ըստ գնահատականների, Փաշինյանին ՌԴ-ում ջերմ չընդունեցին, և դեռևս նախընտրական շրջանում սկիզբ առած տնտեսական խնդիրները չլուծվեցին։ Դրա ապացույցն էր նաև թերևս այն, որ օրերս ռուսական կողմն արգելափակեց նաև հայկական կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա։
Եվ փաստորեն, այս ջանքերից հետո Փաշինյանը նախաձեռնում է զանգ ՌԴ նախագահին։ Ըստ ռուսական պաշտոնական Կրեմլինի, հեռախոսազանգը եղել է Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ արձակուրդում գտնվող Փաշինյանը հուլիսի 22-ին՝ Իլհամ Ալիևի Գերմանիա կատարած այցից հետո, հեռախոսազրույց ունեցավ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ապա հուլիսի 25-ին՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, իսկ հուլիսի 27-ին՝ Վլադիմիր Պուտինի հետ։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, Փաշինյանն ու Պուտինը մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։
Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը»,- ասված էր հաղորդագրությունում։
Կրեմլինի հաղորդագրությում չկար զրույցի ոչ մի այլ մանրամասն, Փաշինյանի խոսքի որևէ հիշատակում, կար միայն ՀՀ-ին ուղղված վերջնագիր։
Ըստ Կրեմլինի՝ Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերին։
«Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ընդգծել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- ասված էր ռուսական պաշտոնական հաղորդագրությունում։ Այս հեռախոսազրույցին այսօր հաջորդեց Ռուսական արտաքին հետախուզության հաղորդագրությունն այն մասին, որ ԵՄ-ն Փաշինյանի կառավարությունից պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում և խզել հումանիտար կապերը ՌԴ-ի հետ։
Ասվում է, որ ԵՄ-ն նախատեսում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը՝ վիզաների ազատականացման հեռանկարները շահարկելու հաշվին, եվրոպական շատ երկրներ արդեն ահազանգել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար։
«ԵՄ աճող տնտեսական խնդիրները նրան հնարավորություն չեն տա փոխհատուցել Երևանին ԵԱՏՄ-ից դուրս գալու ծախսերը»,- ասվում է ՌԴ արտաքին հետախուզության տարածած տեքստում։ Դրանում նշվում է նաև, որ Բրյուսելը չպետք է հույս ունենա, որ «ԵԱՏՄ երկրները թույլ չեն տա, որ Երևանի քաղաքական անձնակազմը խեղդվի, նրան կպահեն ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ»։
Վերադառնալով Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությանը, հարկ է նշել՝ պաշտոնական հաղորդագրությունները զուտ տեղեկատվական բնույթի հայտարարություններ չեն, այլ գործում են՝ որպես կողմերի իրական օրակարգն ու քաղաքական նպատակները բացահայտող, թելադրող գործիք։
Կոնկրետ այս ձևակերպումն ուղղակիորեն բացահայտում է Մոսկվայի կոշտ վերաբերմունքը և Ռուսաստանի իշխանությունների բացահայտ վերջնագիրը Հայաստանի ղեկավարությանը՝ ստիպելով հստակեցնել երկրի արտաքին քաղաքական վեկտորը։
Ի դեպ, ինչպես կարելի է հասկանալ երկու հաղորդագրություններից, ռուսական կողմը հանրաքվեն նպատակահարմար է համարում հնարավորինս շուտ, իսկ հայկական կողմը գտնում է, որ այն չպետք է իրականացվի հիմա, այլ միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ն ներկայացնի ԵՄ անդամակցության հայտ, սակայն, թե ՀՀ-ն ե՞րբ նման հայտ կներկայացնի, ևս հայտնի չէ։
Այս տարաձայնությունը ցույց է տալիս, որ կողմերը փորձում են թելադրել սեփական ժամանակացույցը և գործընթացի տրամաբանությունը։
Մինչ Մոսկվան ձգտում է արագացնել հանգուցալուծումը և Հայաստանին կանգնեցնել կոշտ երկընտրանքի առաջ՝ պահանջելով հստակեցնել վեկտորը հիմա, Երևանը նախընտրում է մանևրելու տարածք պահպանել՝ գործընթացը կապելով իրավական ու դիվանագիտական հաջորդ քայլերի՝ մասնավորապես ԵՄ-ին պաշտոնական դիմում ներկայացնելու հետ։
Սակայն հարցն այն է, որ ԵՄ-ն ՀՀ-ին անդամակցության հեռանկար չի տրամադրում, և ՀՀ իշխանություններն այդ մասին ամենալավը գիտեն, ուստի, գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ ՀՀ իշխանությունները հակված էին նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական շփումների մակարդակը, սակայն չլքել ԵԱՏՄ-ն, չդադարեցնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունն այնքան, որքան հնարավոր է՝ մինչ ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացիայի օրակարգի համար որոշ հնարավորությունների ստեղծումը։ Սակայն Ռուսաստանը մերժում է այս օրակարգը:
Ի դեպ, սա նորություն էլ չէ ռուսական կողմի համար, որը վերջին տարիներին ԵԱՏՄ նիստերի ընթացքում Փաշինյանից պարբերաբար լսում էր հետևյալ պնդումը․ «Եվրասիական տնտեսական միությունը պետք է մնա բացառապես տնտեսական միավորում»։ Եվ ռուսական կողմն այս փուլում այլևս չի հանդուրժում այս քաղաքականությունը և ներկայացրել է վերջնագիր՝ առանց պահպանելու դաշնակցային հարաբերությունների շղարշը, առանց պահպանելու հարաբերությունների անհրաժեշտ արարողակարգը, առանց շնորհավորելու Փաշինյանին ընտրություններից հետո։
Եվ ըստ էության, ՀՀ իշխանություններին ժամանակ է տրված մինչև դեկտեմբեր ամիսը։ Հայտնի է, որ ԵԱՏՄ 4 նախագահները Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքները կքննարկեն դեկտեմբերին։ ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարներն Աստանայում ընդունած հայտարարությամբ արձանագրել էին՝ «կիսում են Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը», որ ավելի վաղ արտահայտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վերջնարդյունքում, այս հեռախոսազանգը ոչ թե առկա խնդիրների կարգավորման, այլ կողմերի միջև սպասվող բարդ դիմակայության հերթական արձանագրումն էր։
Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ նախօրեին Փաշինյանի հետ զրույցից հետո այսօր ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել է Իլհամ Ալիևին։
«Երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը քննարկելուց հետո առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը»,- ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ։
Պուտինը և Ալիևը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։

