Մոռացված հունիսի 29-ը. Ինչո՞ւ անհայտ կորած անձանց թիվն ավելացրած իշխանությունն այն չի հիշում, արդյո՞ք հայկական կողմն «օգտվում» է Արմեն Աբազյանի՝ Բաքվի հետ պայմանավորվածությունից
Հունիսի 29-ը ժամանակին կամ նախկին իշխանությունների օրոք ՀՀ-ում նշվում էր՝ որպես Անհայտ կորած ազատամարտիկի օր:
1992թ. հենց այս օրը՝ հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է:
Ամեն տարի այս օրը բարձրաստիճան նախկին իշխանությունները, մասնավորապես՝ ռազմական ղեկավարությունը՝ Պաշտպանության նախարարի գլխավորությամբ, այցելում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցում և ծաղիկներ խոնարհում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:
Լինում էին տարիներ, երբ այդ օրը նշանավորվում էր նաև հուշ-ցերեկույթով: Ավելին, որոնողական ակտիվ աշխատանք էր տարվում այդ ժամանակ, անգամ սկսել էին անհետ կորածների հարազատներից ԴՆԹ նմուշներ վերցնել, գործընթացին մասնակից էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:
2018 թվականի իշխանափոխությունից հետո, ըստ էության, հունիսի 29-ը չի շեշտադրվել, գուցե նաև երբեմնի ուշադրությունից դուրս են մնացել առաջին պատերազմում անհետ կորածների ընտանիքները:
Բայց որ ամենաողբերգականն է՝ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմը:
Այս տարվա մայիսին մեր վերլուծություններից մեկում անդրադարձել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած համարվող կամ նման կարգավիճակ ունեցող անձանց թվային տարբերություններին: Մասնավորապես, 2025 թվականի նոյեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»:
Իսկ այս տարվա մայիսին նույն Ալեն Սիմոնյանը նշել է՝ «անհայտ կորածների թիվը՝ այն մոտավորապես 160-ի է հասնում»:
Իր հերթին՝ այս տարվա մարտին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին պատասխանելով՝ հայտնել է.
«Ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք անհայտ կորած 195 անձ, որոնցից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ»:
Ավելին, քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանի հետ վեճի ժամանակ հայտարարել է՝ «197 անձ անհայտ կորած է»: Նշենք, որ Սողոյանը 44-օրյա պատերազմում անհետ կորած Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քույրն է:
Համաձայնեք, որ «ավելի քան 190-ը» և «մոտավորապես 160-ը» տարբեր թվային պատկեր են ստեղծում:
Ինչ վերաբերում է Առաջին պատերազմում անհայտ կորած անձանց թվին, ապա, ըստ գրանցված տվյալների, այն մոտ 800 է: 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ, սակայն, հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»:
Հետաքրքիր է, չէ՞, որ Փաշինյանը ոչ մի նման փաստ չի արձանագրում և արձանագրել՝ հայկական կողմի անհետ կորածների կամ անհայտ կորած համարվող անձանց հետ կապված:
Իսկ իր իշխանության օրոք հայկական կողմն անհետ կամ անհայտ կորածներ ունի ոչ միայն 44-օրյայի ժամանակից, այլ 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափման հետևանքով: Միայն Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մոտ 2 տասնյակ մարդ անհետ կորած է:
Ըստ այդմ՝ վերևում հիշատակված առիթը և նման առիթները լավ հնարավորություն են հրապարակավ բարձրաձայնելու այս խնդիրները, հիշեցնելու դրանց մասին, ինչպես դա անում է ադրբեջանական կողմը, որը նույնիսկ հատուկ առիթների չի էլ սպասում:
ՀՀ գործող իշխանությունների կառուցողական գործընկեր Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն ամեն առիթի հիշում է Արցախյան առաջին պատերազմի ժամանակից իրենց անհայտ կորած անձանց:
Վերջին դեպքը մոտ երկու շաբաթ առաջ էր:
Նա, մասնավորապես, նշել է.
«Շարունակվող որոնողական աշխատանքների, պեղումների և աճյունների նույնականացման ընթացակարգերի արդյունքում արտաշիրիմվել է 889 մարդկային աճյուն, ԴՆԹ անալիզի և դատաբժշկական փորձաքննության օգնությամբ նույնականացվել է 313 անհայտ կորած, իսկ 226 «անձ» էլ փոխանցվել է ընտանիքներին՝ արժանապատիվ հուղարկավորության համար»։
Հաջիևը հավելել է նաև՝ «Ադրբեջանի «ազատագրված» տարածքներում 32 զանգվածային գերեզման են հայտնաբերել»:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ էին փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն:
Հաջորդ նման հանդիպումը կայացել էր 2025 թվականի հունիսի սկզբին: Եվ Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը կողմերն անդրադարձել էին հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին, դիտարկվել էին տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև որոնողական աշխատանքների կազմակերպման և համակարգման հնարավորությունները։
Կողմերը նաև շեշտել էին հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում այդ ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել էր. «Նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։
Սրանից օրեր հետո՝ 2025 թվականի հունիսի 18-ին, Փաշինյանը որոշեց Արմեն Աբազյանին ազատել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, և նրան այդ պաշտոնում փոխարինեց Անդրանիկ Սիմոնյանը, ով սույն տարվա սեպտեմբերին մեկնեց Բաքու և այնտեղ գտնվեց սեպտեմբերի 19-21-ը:
Թե որքանով է անհայտ կորած անձանց հետ կապված Արմեն Աբազյանի՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում, այդ թվում՝ համատեղ որոնողական աշխատանքները, չենք կարող ասել: Բայց փաստ է, որ դրանից հետո Ադրբեջանը դարձյալ հայտարարել է առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած համարվող անձանց մասունքների, աճյունների գտնվելու մասին: Մի բան, որ հայկական կողմից, ըստ էության, չենք լսել: Հնարավոր է՝ ինչ-որ բան արվում է, մենք չգիտենք, միայն ուրախ կլինենք:
Ի դեպ, 44-օրյա պատերազմում Բաքուն անհետ կորած 6 անձ ունի:
Վերադառնալով առաջին պատերազմին, այդ ժամանակվա կամավորական ջոկատներին՝ հավելենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ, ինչպես գրել ենք, անդրադարձ է կատարվել հայկական կամավորական ջոկատներին՝ «Արաբո», «Տիգրան Մեծ», «Սասունցի Դավիթ»:
Ավելին, ադրբեջանական minval.az-ը «Արաբո» ջոկատի և նրա հրամանատարի մասին հոդված էր հրապարակել՝ «Արյունոտ» հրամանատարը Հայաստանում ազատ շրջում է, Երևանը նրան պետք է հանձնի Բաքվին» վերտառությամբ:
Արդյո՞ք սա է պատճառը, որ ՀՀ իշխանությունները չեն հիշում հունիսի 29-ը և դրա նախապատմությունը:
Իսկ 1992 թվականի հունիսին օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկների շրջափակման մեջ ընկնելուց և անհետ կորելուց մեկ տարի հետո՝ 1993 թվականի հունիսի 27-28-ին, ազատագրվում է Մարտակերտ քաղաքը և ոչ միայն:
Բաքվի «դատավարության» ժամանակ չի անտեսվել առաջին պատերազմի ազատագրական ոչ մի օպերացիա: Եվ նիստերից մեկի ժամանակ Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ «մասնակցել է Մարտակերտի վերին հատվածը վերցնելու օպերացիային»:
Գեներալ Դավիթ Մանուկյանն էլ, ինչպես փոխանցել էր ադրբեջանական քարոզչամեքենան, մեկ այլ նիստում հայտնել էր, որ «մասնակցել է մարտական օպերացիաներին, և 1993 թվականի փետրվարի 28-ին է վիրավորվել Մարտակերտի ուղղությամբ»:
Մինչև Արցախի հայաթափումը Մարտակերտը հերոսական դիրքեր է ունեցել, այդտեղ հերոսներ է տվել: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական բանակը կարողացել է պահել Մարտակերտը, դիրքերը: Դրանք հերոսաբար պահվել են նաև 44-օրյայից հետո, երբ դիրքերի շուրջ բարդ իրավիճակ էր ստեղծվել, երբ պատերազմի ավարտից հետո Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ ժամանակ Արցախի ղեկավարությունը սա պայմանավորել էր Աղդամի շրջանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնման փաստով:
«Քանի որ սովետական տարիներին Աղդամի շրջանի մեջ էր մտնում այս տարածքը, կարծես թե այդ պատճառով էլ դեմարկացիայի տրամաբանության մեջ են այս գյուղերը»,- մանրամասնել էր Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Սա ևս մեկ անգամ հաստատում է այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ բուն ռազմական գործողությունների ժամանակ ավելի քիչ տարածք ենք կորցրել, քան դրանից դուրս:
Հ.Գ. Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, ադրբեջանական մամուլից տեղեկացանք, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հարազատները, «հայկական ականների» պայթյուներից տուժածների և մահացածների հարազատները բաց նամակ են հրապարակել, որ միջազգային նախաձեռնությունները չպետք է Ռուբեն Վարդանյանից զոհի կերպար ստեղծեն։ Նրանք միաժամանակ բարձրացրել են Ադրբեջանի առաջին պատերազմի ժամանակից անհայտ կորած համարվող անձանց հարցը: Այսինքն, այսօր ՀՀ իշխանությունները պետք է նաև նման հարց բարձրացնեին:

