Բաքվում Արայիկ Հարությունյանի «հայտարարությունը», հայկական ջոկատների ադրբեջանական ցուցակն ու «Արաբո» ջոկատին առնչվող՝ Ալիևի պահանջը

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, ցանկանում է Բաքվում տեսնել ՀՀ նախկին նախագահներին, մասնավորապես` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ չէ՝ նաև ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներին: Եվ շինծու մեղադրանքներով Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» միջոցով ալիևյան տրամաբանությամբ փորձ է արվում լեգիտիմ հիմքեր ստեղծել նշված նպատակի իրականացման համար, ընդ որում՝ Արցախի նախկին նախագահների միջոցով, այլ հարց է՝ որքանո՞վ է դա հաջողվում կամ հաջողվելու Ադրբեջանին:

Մարտի 10-ին Բաքվում կայացած հերթական «դատական նիստի» ժամանակ ադրբեջանական դատախազները հարցեր են տվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը հենց այս թեմայի համատեքստում՝ «Կռունկ» կազմակերպության գործունեությունից՝ մինչև ղարաբաղյան շարժման օրերին հնչած կարգախոսների նպատակներ:

Առաջինն Ադրբեջանի պետական շինծու մեղադրանքները պաշտպանող դատախազները հարցեր են տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին:

Կարդացեք նաև

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ (Բաքվի «դատավարությանը», ըստ էության, ադրբեջանական լրագրողների ներկայություն չի ապահովվում, ինչպես պահանջում է իրականում բաց դատավարությունը, այսինքն՝ պետական քարոզչամեքենան տարածում է նույն տեքստը բոլոր լրատվամիջոցների համար), Արկադի Ղուկասյանը նախ հայտնել է, որ աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում՝ որպես փոխխմբագիր:

«Ես գրել եմ ղարաբաղյան կոնֆլիկտին առնչվող թեմաներով: Թերթը լույս է տեսել մինչև 1991 թվականը, որից հետո չի հրատարակվել»,- նշել է Արցախի նախկին նախագահը:

Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Արկադի Ղուկասյանը դատապարտել է անօրինական գործողությունները. «Գտնում եմ, որ նա, ով սպանում է կանանց, երեխաներին և ծերերին, մարդ չի կարող կոչվել: Խոսքը նրա ազգային պատկանելության մասին չէ»:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղադրած միանման հոդվածից այդքան էլ հստակ չէ՝ ինչ համատեքստում է սա ասել Արցախի նախկին նախագահը, դատախազների կոնկրետ ո՞ր հարցին ի պատասխան, հատկապես, երբ Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ցուցմունքների մասին պատմող ռեպորտաժային հատվածներում նրանց ձայնը լսելի չէ, դիտավորյալ խլացնում են:

Մյուս կողմից, Արցախի նախագահը, ըստ էության, նկարագրել է Ադրբեջանի գործողությունները Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ջարդերի ժամանակ, և ոչ միայն:

Ի դեպ, թերևս, մարտի 10-ի «դատավարությունը» դեռ չէր ավարտվել, երբ ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին, թե Արկադի Ղուկասյանը հայտարարել է. «1992 թվականին (պատերազմի ընթացքում։- Մ.Պ.) Ղարաբաղում 30.000-ից էլ քիչ հայ է ապրել»:

Բայց չգիտես՝ ինչու, նույն «Ազերթաջի» երեկ ուշ երեկոյան հրապարակած ընդհանրական հոդվածում այդ հատվածը տեղ չի գտել:

Նշենք, որ դեռ 2022 թվականին 168.am-ը Շուշիի բնակչությանն առնչվող Նիկոլ Փաշինյանի հայտարարության ֆոնին անդրադարձել էր տարբեր ժամանակահատվածներում օկուպացված Արցախի տարբեր շրջաններում ապրած հայ բնակչության թվին:

Իսկ «դատավարության» ժամանակ դատախազներն Արկադի Ղուկասյանին հարցեր են ուղղել նաև Արցախի և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, այդ թվում՝ 1988-ին Արցախում կազմակերպվող միտինգներին նրա մասնակցության և «Կռունկ» կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ:

«Ես չեմ հիշում այդ միտինգներին Ռոբերտ Քոչարյանի ելույթները: Մենք ռուսերեն սեկտորում ենք սովորել, ուստի և՛ նա, և՛ ես խնդիրներ ունեինք գրական հայերենի հետ կապված: Հնարավոր է, որ նա միտինգների կազմակերպիչներից մեկն է եղել, քանի որ «Կռունկի» անդամ էր»,- ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ ասել է Արկադի Ղուկասյանը՝ հավելելով, որ շարժման օրերին ծանոթացել է Զորի Բալայանի և Վազգեն Մանուկյանի հետ:

Ադրբեջանցի դատախազները որոշել են Արկադի Ղուկասյանին հարցեր տալ նաև «Մեծ Հայաստանի» գաղափարի մասին, ինչին ի պատասխան՝ նա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նշել է. «Ես արդեն վաղուց չեմ հավատում հեքիաթների՝ կապված «Մեծ Հայաստանի» հետ: «Մեծ Հայաստանի» գաղափարը միֆ է: Ես ապրում եմ իրական կյանքում և դրան երբեք լուրջ չեմ մոտեցել»:

Ադրբեջանական լրատվամիջոցները ոգևորությամբ հղում են անում Արկադի Ղուկասյանին՝ նշելով, թե նա նման բան է հայտարարել՝ գուցե փորձելով վնասել հայ հասարակության շրջանում Արցախի նախկին նախագահի հեղինակությունը:

Մի կողմ թողնելով, որ Արկադի Ղուկասյանը գտնվում է Բաքվի բանտում՝ հոգեբանական և ֆիզիկական ճնշման ներքո, որ ադրբեջանական դատախազները «դատավարության» ժամանակ տալիս են այնպիսի հարցեր, որոնք բխում են տվյալ պահին Ալիևի քաղաքական նպատակներից, որ, առհասարակ, ադրբեջանական քարոզչամեքենան աղավաղված է փոխանցում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ցուցմունքները, չենք կարող չնկատել, որ անգամ նման իրավիճակում Արկադի Ղուկասյանը կարողացել է դիվանագիտական պատասխաններ տալ՝ թեման չշեղելով բանակցային գործընթացից:

Ավելին, Ադրբեջանը «Մեծ Հայաստանի» վերաբերյալ Արկադի Ղուկասյանի պատասխանից չպետք է այդքան ուրախանա, քանի որ այլ տեսանկյունից դիտարկելու դեպքում՝ Արցախի նախկին նախագահն անուղղակի կերպով միֆ է համարել նման համատեքստում Հայաստանին ուղղված ադրբեջանական մեղադրանքները, քանի որ Հայաստանը երբեք չի խոսել Արևմտյան Հայաստանը վերադարձնելու մասին, տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ, ՀՀ նախկին ոչ մի նախագահ ոչմիթիզական չի եղել, բանակցային սեղանին պահել են իրենց կառուցողական, 1989-ի Արցախ-Հայաստան վերամիավորման ակտը չի կարելի տեղավորել «Մեծ Հայաստանի» գաղափարի մեջ իրականում:

Իսկ Արցախն անկախացել է միջազգային իրավունքի և չափանիշների համապատասխան, չճանաչված և օկուպացված Արցախն ուղղակի կերպով եղել է բանակցային սեղանին, ավելին, բազմաթիվ փաստեր կան, երբ Ադրբեջանն ուղիներ է փնտրել երկխոսելու Արցախի հետ՝ 1993-ի հունիսից սկսած:

Մասնավորապես, 1993 թվականի օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, իսկ այնուհետև՝ գործադիր մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, օգոստոսի 17-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Բաքվից ստացել է հետևյալ պաշտոնական գրությունը.

«Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ: Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիև»:

Նշված գրությանը կցված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի, փոխվարչապետի ստորագրությամբ հետևյալ փաստաթուղթը.

«Ի հավելումն 1993թ. հուլիսի 24-ի և 28-ի պայմանավորվածությունների և երկու կողմերի համանման նոր պարտավորվածությունների դեպքում, պարտավորվում ենք վերականգնել կրակի համընդհանուր դադարեցումը, այդ թվում՝ զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողություններից, հրթիռահրետանային հարվածներից և օդային ռմբակոծություններից հինգ օրով, որի ընթացքում ձեռք կբերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն:

 Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ից սկսած, երբ կստացվի կողմերի վերոհիշյալ պարտավորվածությունների մասին համաձայնությունը…:

 Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ Սաֆար Աբիև

 Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ՝ Ռասուլ Գուլիև»:

Այս և այլ փաստեր հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Իլհամ Ալիևը, այսպես ասած, «դեմ է գնում» հայր Ալիևին: Իրականում, որքան էլ Իլհամ Ալիևը փորձի լեգենդ դարձնել հայր Ալիևին և հանուն նրա հիշատակի գրավել Արցախի տարածքները, հետո՝ ամբողջ Արցախը, այնուամենայնիվ, կամա թե ակամա կրտսեր Ալիևն անուղղակի մրցակցության մեջ էր հայր Ալիևի քաղաքական կենսագրության հետ՝ փորձելով ցույց տալ, որ հենց ինքը կարողացավ լուծել Արցախի հարցը՝ հօգուտ Ադրբեջանի:

Եվ ոչինչ, որ այս տարվա փետրվարին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում, որն ադրբեջանցիները կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ, Իլհամ Ալիևը, խոստովանելով, որ և՛ 44-օրյա պատերազմը, և՛ 2023 թվականին Արցախում իրականացված «հակաահաբեկչական օպերացիան» եղել են նախապես ծրագրված, հայտարարել էր, որ Արցախյան առաջին պատերազմում հայերի հաղթանակը կամ «ադրբեջանական տարածքների» կորուստն Ադրբեջանի այն ժամանակվա իշխանության «հանցագործության» հետևանք էր, և եթե նրանք շարունակեին մնալ իշխանության ղեկին, կամ հայր Ալիևը չգար, «պատերազմը չէր կանգնի, և հայերն ավելի շատ տարածքներ «կօկուպացնեին» (չակերտները։- Մ.Պ.):

Մյուս կողմից, այստեղ կարող ենք տեսնել Իլհամ Ալիևի մեկ այլ անուղղակի տողատակ, որն արդեն չի բխում իր իսկ շահերից: Այսինքն, կարո՞ղ ենք սա համարել մեսիջ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, և քաղաքական գնահատական՝ ինչո՞ւ Ադրբեջանը հաղթեց և հայկական կողմը պարտվեց 2020 թվականի պատերազմում: Կամ՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Ալիևն անուղղակի ընդունում է, որ Նիկոլ Փաշինյանը «հանցագործություն է գործել» հայ ժողովրդի նկատմամբ:

Վերադառնալով մարտի 10-ին Բաքվում կայացած «դատավարությանը», նշենք, որ ադրբեջանցի դատախազների հարցերին պատասխանել է նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը:

Ադրբեջանական կայքերի հաղորդմամբ, նա իբր ընդունել է, որ զինվելու առաջին կոչը եղել է ղարաբաղյան շարժման տրամաբանության մեջ կազմակերպված միտինգներին, և, որ սպառազինության մի մասն Արցախին մնացել է խորհրդային զորամասերից, մի մասն էլ Հայաստանն է մատակարարել:

Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ երբ ղարաբաղյան իրադարձությունները սկսվեցին, ինքը 14 տարեկան էր՝ դպրոցական, սակայն միտինգներում ելույթ ունեցողների մասին գիտեր՝ Գուրգեն Գաբրիելյան, Վարդան Հակոբյան և այլք:

Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև հայկական «զինված խմբավորումների» և ջոկատների մասին դատախազների հարցերին, որի ժամանակ ցուցակ է ներկայացվել:

«Ես ձեր կողմից թվարկվածների միայն 30 տոկոսի մասին եմ լսել: Ես գիտեմ «Արաբո», «Տիգրան Մեծ», «Սասունցի Դավիթ» ջոկատների մասին: Ես տեղյակ եմ, որ նրանք մասնակցել են ինչ-որ մարտական օպերացիաների: Բայց ամենաշատը ես «Արաբո» ջոկատի մասին գիտեմ, նրա հրամանատարներից մեկի անունը Մանվել է, իմ շփումները նրա հետ սկսվել են 2020 թվականից հետո»,- ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, ասել է Արայիկ Հարությունյանը:

Ըստ էության, պաշտոնական Ադրբեջանը փորձում է Արցախի նախկին նախագահին իր ծրագրերի, ՀՀ-ում «ռևանշիստական ուժերին ոչնչացնելու» մաս դարձնել: Այսինքն, Բաքվի «դատարանում», կրկնում ենք, հնչում են այն հարցերը, թեմաները, որոնք այդ պահին պետք են Ադրբեջանին՝ Ալիևի քաղաքական նպատակների և պլանների համատեքստում:

Ասվածն ավելի առարկայական դարձնելու համար նշենք, որ օրեր առաջ «Baku TV»-ն հայկական ջոկատների ցուցակ էր հրապարակել:

Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մարտի 10-ին Բաքվի դատարանում հնչած պատասխաններից հետո ադրբեջանական minval.az-ը «Արաբո» ջոկատի և նրա հրամանատարի մասին հոդված է հրապարակել՝ «Արյունոտ» հրամանատարը Հայաստանում ազատ շրջում է, Երևանը նրան պետք է հանձնի Բաքվին» վերտառությամբ:

168.amը գրել է, որ դեռևս անցած տարվանից Ադրբեջանը՝ ի դեմս երկրի դատախազության, Հայաստանին առաջարկել է համագործակցել ՀՀ տարածքում գտնվող «ռազմական հանցագործություն» գործած անձանց իրենց հանձնելու հարցում:

Իսկ օրերս Ալիևի օգնականն այս հարցը դիտարկել էր՝ որպես Խաղաղության պայմանագրի կնքման նախապայման՝ նշելով.

«Հուսով ենք, որ Հայաստանը՝ որպես ՄՔԴ անդամ, կճանաչի իր պատասխանատվությունն այս համատեքստում կատարված «ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների համար (չակերտները։- Մ.Պ.)»: «Դատավարության» դեմ անհարկի քարոզչություն իրականացնելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի՝ նպաստելու անցումային արդարադատության վերականգնմանը և տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմանը: Խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման անկեղծ ձգտումը կապացուցի Հայաստանի պատրաստակամությունը՝ եթե նա ընդունի իր պատասխանատվությունը և հանձնի այն անձանց, ովքեր մեղադրվում են «ռազմական հանցագործությունների մեջ», հատկապես նրանց, որոնք թաքնվում են ՀՀ տարածքում»:

Այսինքն, ինչպես ոչ մեկ անգամ գրել ենք, Բաքվի «դատավարությունն» օգտագործվելու է Նիկոլ Փաշինյանի վրա բանակցություններում քաղաքական ճնշում գործադրելու համար, այդ թվում՝ Հայաստանից քաղաքական և զինվորական կոնկրետ անձանց պահանջելով հանձնել Բաքվին, և այստեղ հարց է՝ որքանո՞վ կհամընկնի այս առումով Ալիևի այս կամ այն կոնկրետ պահանջը Փաշինյանի քաղաքական շահերի հետ: Եվ եթե այս իրողությունը կամ ինչ-ինչ հնարավոր սցենարներ հաշվի ենք առնում, ապա շատ վտանգավոր տեսլական է ստեղծվում 44-օրյայի հետ առնչություն ունեցած զինվորականների, ռազմական ղեկավարության շուրջ, և Փաշինյանի իշխանության ձեռքում Քննիչ հանձնաժողովի քաղաքական զեկույցի առկայությունը, և այն էլ հասարակության՝ զինվորականության և գեներալների նկատմամբ ատելության, կամ՝ առնվազն նրանց ճակատագրի հանդեպ անտարբերության ֆոնին:

Հավելենք, որ այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը», որի ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ղարաբաղում ապրող մի վկա հարցադրումներ է առաջ քաշել՝ կապված 44-օրյա պատերազմից հետո Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ գալու նպատակների հետ՝ «ես չգիտեմ՝ նա Ռուսաստանի՞ց էր գնացել Արցախ, թե՞մեկ այլ տեղից»:

Ուշագրավ է, որ նման հարցադրումներ արել է նաև Նիկոլ Փաշինյանը։

Նույն անձը պնդել է, թե իբր Վարդանյանը «ֆինանսավորել է 45-50 տարեկան զինյալների խմբավորումներ»: Իսկ օրեր առաջ Ադրբեջանը որոշել էր թույլատրել Վարդանյանի աուդիոձայնագրության տարածումը, որի համար, իհարկե, գին էր պահանջել՝ Խոջալուի հետ կապված մի ձևակերպման տեսքով:

Եվ Ալիևն այսուհետ ևս փորձելու է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից յուրաքանչյուրի միջոցով այս կամ այն խնդիրը լուծել, օրինակ, Արցախի նախկին նախագահներ  Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջոցով վնասել կամ «ստանալ» ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին, Արայիկ Հարությունյանի միջոցով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ՀՀ ռազմական ղեկավարությանը, առանձին զինվորականների, կամավորականների, Ռուբեն Վարդանյանի միջոցով էլ միջազգային հարթակ դուրս բերել «Խոջալուի ցեղասպանության» տարածման պետական քաղաքականությունից բխող հարցեր: Այլ հարց է՝ որքանո՞վ դա Ալիևին կհաջողվի…

Փաշինյանին թող չթվա, որ Ալիևն ու Էրդողանն իր հաշվով ծրագրեր չունեն, «բռնվելու տեղեր» չեն գտնի հենց 44-օրյայի համատեքստում…

Նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը» կշարունակվի մարտի 13-ին:

Տեսանյութեր

Լրահոս