Լինո՞ւմ են արդյոք տարօրինակ զուգադիպություններ. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գնում է Թուրքիայում Ռեջեփ Էրդողանի ուղիով
Թեև Թուրքիայի Հանրապետությունում խորհրդարանական և նախագահական ընտրությունները հազիվ են նշմարվում հորիզոնում, տեղական քաղաքական դաշտը զգալիորեն փոթորկվում է։ Ձգտելով հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել «Արդարություն և զարգացում» կուսակցության և անձամբ իր (կամ իրավահաջորդի համար՝ ֆորսմաժորային հանգամանքների առաջացման դեպքում) համար՝ Ռեջեփ Էրդողանը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով թուլացնել, պառակտել, իսկ եթե ստացվի՝ նաև կազմաքանդել հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, ինչի մասին գրել ենք նախորդ մի շարք հրապարակումներում։
2025-ի մարտին ճաղերի ետևում է հայտնվել Ստամբուլի հայտնի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, մեղադրանքներ են առաջադրվել նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հասցեին, իսկ անցած մայիսին «քեմալականների» ճամբարում հաջողվել է լուրջ պառակտում հրահրել, որը խորանում է օր օրի։
Անցյալ ամիս Անկարայի դատական ատյաններից մեկը չեղյալ էր ճանաչել Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) հերթական՝ 38-րդ համագումարը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի սկզբին, և ղեկավարությունից հեռացրել էր կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ նրան փոխարինելով Օզգյուր Օզելով: Սակայն ավելի ուշ Հաթայի նախկին քաղաքապետ Լյութֆյու Սավաշը և մի շարք պատվիրակներ դատի են տվել՝ պահանջելով չեղարկել քվեարկության արդյունքները։
Միաժամանակ Անկարայի դատախազությունը շարունակում է հետաքննել կուսակցության համագումարի ընթացքում հնարավոր խախտումները. մեղադրական եզրակացությունը լույս է տեսել հունիսի 3-ին, ընդ որում, գործի 12 մեղադրյալների թվում է նաև վերոհիշյալ Էքրեմ Իմամօղլուն, ում ընտրական գործընթացի մասնակցելու որևէ ճանապարհն ակնհայտորեն պատրաստվում են վերջնականապես փակել: Բոլոր մեղադրյալներին մեղսագրվում է քվեարկության կեղծումը, այս հոդվածով նախատեսված է ազատազրկում՝ մեկից երեք տարի ժամկետով։
Ներկայումս Օզելի և Քըլըչդարօղլուի կողմնակիցներն ակտիվորեն պարզում են հարաբերությունները՝ վիճարկելով խորհրդարանի շենքում կուսակցության անունից հանդես գալու իրավունքը, ինչը հղի է հերթական սկանդալներով և ծեծկռտուքներով, ինչպես նախկինում բազմիցս եղել է: Օզելը հիմնովին մեղադրում է էրդողանական կուսակցությանը «ժողովրդական հանրապետականներին» թուլացնելու համար դատական իշխանությունն օգտագործելու մեջ՝ հայտարարելով, որ այդ հարցը չի կարելի ներկայացնել՝ որպես ներկուսակցական վեճ։ Օզելի կողմնակիցները պնդում են արտահերթ համագումար անցկացնել մինչև հուլիսի 26-ը՝ կասկածելով, որ ձգձգումը կարող է վտանգել կուսակցության մասնակցությունն առաջիկա ընտրություններին, որոնք, չի բացառվում, դառնան արտահերթ: Իր հերթին, Քըլըչդարօղլուն, որն ավելի վաղ պարտվել էր Էրդողանին նախագահական ընտրություններում և նրա համար ոչ մի վտանգ չի ներկայացնում, պնդում է իր իրավացիության վրա և ընդդիմախոսներին մեղադրում է կաշառելու և արտասահմանում աջակցություն գտնելու մեջ:
Եթե Թուրքիայում ընտրությունները դեռ առջևում են (եթե դրանք վաղաժամ չդառնան, ապա՝ 2028 թվականին), ապա Հայաստանի Հանրապետությունում դրանք արդեն կայացել են՝ նշանավորվելով բազմաթիվ սկանդալներով և վարչական ռեսուրսի ակտիվ օգտագործմամբ։ Ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը գրում է՝ խոսքը Հայաստանում թուրքական կամ «էրդողանական» մոդելի առաջին ընտրությունների մասին է։ Չնայած այն հանգամանքին, որ բողոքի ակցիաները վերջին 30 տարիների ընթացքում ուղեկցել են ընտրարշավների մեծ մասին, շատ նման է այն բանին, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղտեխնոլոգներն առաջնորդվել են քաղաքական տեխնոլոգիաներով, որոնց օգնությամբ Ռեջեփ Էրդողանը վերջին տասնամյակների ընթացքում ձևավորել է իրեն և իր կուսակցությանն անհրաժեշտ ընտրական ընկերությունների արդյունքները: Նկատենք՝ դա միշտ չէ, որ հաջողվել է. 2024 թվականի քաղաքային ընտրությունները հաջող էին Օզելի «ժողովրդական հանրապետականների» համար, և այժմ, ըստ երևույթին, որոշվել է մեկընդմիշտ ազատվել անհարմար մրցակցից։
Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չնայած իր ստացած հարաբերական (բայց ոչ սահմանադրական) մեծամասնությանը, ակնհայտորեն մտահոգված է 2021 թվականի հունիսի 21-ի արտահերթ ընտրություններից հետո անցած հինգ տարիների ընթացքում ժողովրդականության նվազմամբ, ինչը ենթադրում է «էրդողանական» հիբրիդային ավտորիտար կառավարման մոդելի ավելի ակտիվ ներդրում, որում, Այվազյանի գնահատմամբ՝ «ընտրությունները ձևականորեն պահպանվում են, սակայն իրական քաղաքական մրցակցությունը լրջորեն սահմանափակ է»:
Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ «ընտրական գործընթացը խորապես անարդար է դարձել պետական ռեսուրսների չարաշահման, տեղեկատվական անհավասարության և ընդդիմության վրա համակարգված ճնշման պատճառով»:
Վերը նշվեց՝ Թուրքիայում դատական համակարգը լայնորեն օգտագործվում է իշխանության համար առավել վտանգավոր մրցակիցներին չեզոքացնելու համար։ Բացի Է. Իմամօղլուից և Օ. Օզելից, «քրդամետ» Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը 2016 թվականից անազատության մեջ է «ահաբեկչության» շինծու մեղադրանքներով, ինչը նրան զրկել է 2018 և 2023 թվականների ընտրարշավներին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: «Ժողովրդական հանրապետականների» կողմից վերահսկվող մունիցիպալիտետները գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության ներքո, իսկ նրանց ղեկավարները պարբերաբար պաշտոնանկ են արվում, ինչպես դա տեղի է ունեցել ոչ միայն Ստամբուլում, այլև քրդական մեծամասնություն ունեցող արևելյան և հարավարևելյան շատ նահանգներում (օրինակ՝ Վան քաղաքում)։
Թուրքական լրատվամիջոցների բացարձակ մեծամասնությունը գտնվում է իշխանության ուղղակի կամ անուղղակի ազդեցության տակ, այն դեպքում, երբ շատ քննադատներ հետզհետե մոռացության են մատնվել, ինչպես, օրինակ, երբեմնի շատ սիրված Zaman թերթը։ 2023 թվականի ընտրությունների ընթացքում պետական TRT հեռուստաալիքը Էրդողանին հարյուրավոր ժամ եթերաժամ է տրամադրել, մինչդեռ նրա մրցակիցը՝ նույն Քըլըչդարօղլուն, ընդամենը հաշված րոպեներ է ստացել։
Գործող իշխանության օգտին է խաղում նաև 2017 թվականի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով Էրդողանի ստացած արտակարգ լիազորությունների օգտագործումը։ 2018 թվականի ընտրություններն ընդհանրապես տեղի են ունեցել արտակարգ դրության պայմաններում, ինչը թույլ է տվել սահմանափակել քաղաքական գործունեությունն ու ընդդիմադիր ակցիաները։
Այսպիսով, Էրդողանի ռեժիմը Թուրքիայում ձևավորել է «հիբրիդային ռեժիմ», որտեղ ընտրությունների ինստիտուտը, կարծես թե, պահպանվում է, սակայն արդար և հավասար քաղաքական մրցակցության հիմնական նախադրյալները փաստացի ոչնչացված են:

Ա. Այվազյանի կարծիքով՝ ժամանակակից թուրքական և հայկական քեյսերի նմանությունը «դժվար է չնկատել։ Այստեղ ևս ընդդիմադիր գործիչների քրեական հետապնդումները դարձել են քաղաքական պայքարի սովորական գործիք, ՏԻՄ-երը ենթարկվում են ճնշումների, վարչական ռեսուրսն օգտագործվում է իշխող կուսակցության շահերի համար, իսկ ընտրողներին անընդհատ պարտադրվում է նույն երկընտրանքը՝ «կամ Փաշինյան, կամ պատերազմ»։ Տարբերությունն առայժմ միայն մասշտաբների մեջ է. Էրդողանն ավելի վաղ է կառուցել այդ համակարգը և այն հասցրել կատարելության, մինչդեռ Փաշինյանը, կարծես, միայն ջանասիրաբար է յուրացնում թուրքական քաղաքական դպրոցի դասերը»։
Այս եզրակացությունն ամբողջությամբ հաստատվում է ընդդիմախոսներին քրեական գործերով սպառնացող և նրանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակող վարչապետի հերթական սկանդալային հայտարարություններով։ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդն իր նախընտրական ելույթներում խոստացել էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կկոտրվեն», իսկ նրանց ունեցվածքը՝ կվերաբաշխվի: «Դուք երազելու եք Հայաստանից փախչելու մասին, բայց նման հնարավորություն չեք ունենալու», – Փաշինյանին մեջբերում էին տեղի լրատվամիջոցները: Նա բացահայտ խոսում է ընդդիմության առաջնորդների բանտային ժամկետների մասին՝ մեղադրելով նրանց ընտրակաշառքի մեջ:
Այսպես կոչված, «Հակակոռուպցիոն կոմիտեն»՝ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ, արդեն դիմել է արդարադատության նախարարին՝ պահանջելով արգելել «ընտրակաշառքի» մեջ հայտնված կուսակցություններին մասնակցել ընտրություններին (ձևակերպում, որի տակ կարելի է ամփոփել ցանկացած անցանկալի անձի)։
Սպառնալիքների, ահաբեկման և շանտաժի հետ մեկտեղ՝ կկիրառվեն նաև Ադրբեջանի Միլի մեջլիսի արդեն պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հուշած կաշառքի մեթոդները. իբր, 29 պատգամավորական մանդատ ստացած «Ուժեղ Հայաստանը» «թույլ, գաղափարապես բացարձակապես չհամախմբված, պատեհապաշտներից կազմված ուժ է… Ամենայն հավանականությամբ…, այդ «Ուժեղ Հայաստանում» (իշխանությունների կողմից) կգտնվի մի մարդ, որը, զբաղեցնելով խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը, ընդհանուր առմամբ կառուցողական համագործակցություն կծավալի իշխող մեծամասնության հետ, և մենք կտեսնենք, թե ինչպես այդ 29 հոգանոց խմբակցությունը կքայքայվի։ Դրանցից մեկը, ամենայն հավանականությամբ, կգնա խորհրդարանում դաշնակցականների և Քոչարյանի «Հայաստան» խմբակցության պոչից, իսկ երկրորդ մասը կառուցողական իրավիճակային փոխգործակցություն է ունենալու իշխող մեծամասնության հետ, և իրականության մեջ, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ունենալու է, թեկուզ իրավիճակային, բայց անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն»։
Պետք է ենթադրել, որ «եվրոպամետ» հռետորաբանությամբ քողարկված Անկարայի և Բաքվի մշակած մեթոդները գնալով ավելի լայն կիրառություն կգտնեն «չորրորդ Հանրապետությանն» անցնելու գործընթացում՝ հայ ժողովրդի ազգային-մշակութային ինքնության արմատական վերաձևակերպմամբ։ Չի բացառվում, որ հետևելով ավագ ընկերների առաջարկություններին՝ իշխանությունները կարող են գնալ արտահերթ ընտրությունների, ինչպես դրա մասին հաղորդում են որոշ կողմնակալ անձինք։ Մինչև նոր ընտրություններ հայտարարելը պետք է առավելագույնս մաքրել քաղաքական դաշտը՝ փորձելով, ինչպես նկարագրված է վերևում, կաշառել (իսկ եթե չստացվի՝ շինծու մեղադրանքներով բանտարկել) ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։
Պատճառը մակերեսի վրա է. Բաքուն ճնշում է գործադրում՝ պահանջելով սահմանադրական հանրաքվե, առանց որի հնարավոր չէ խաղաղության պայմանագրի ստորագրումը, և չի բացվի Թուրքիայի հետ սահմանը, որտեղ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Ազգային ժողովի անվերահսկելի պատգամավորները, որոնք պատրաստ են Ռուսաստանի հետ լուրջ հարցեր քննարկել, Փաշինյանի ռեժիմին պետք չեն։
«Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդն ուղիղ խոսում է նոր «հեղափոխություն» իրականացնելու մտադրության մասին՝ մեկուսացնելով իր բոլոր հակառակորդներին, ովքեր իբր ստացել են իրենց ձայները «կաշառքի» շնորհիվ և դեմ են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին, որի համար անհրաժեշտ է ամեն կերպ հասնել սահմանադրական մեծամասնության: Նման համադրության հաջողության դեպքում հաջորդ օրինաչափ քայլը ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերումն է և թյուրքական աշխարհին ինտեգրվելու հետագա քայլերը։
ՏԻԳՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

