Ալիևը տիրոջ իրավունքով Փաշինյանից պահանջում է ընտրությունների միջոցով ստացած քաղաքական ավանսը վերածել կոնկրետ գործողությունների. ուղղությունները նշված են
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել էր՝ «հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղը», նշելով, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների մեծ մասը գյուղական վայրերից է, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձայն են տվել քաղաքաբնակները, և հասկացնելով, որ 44-օրյա պատերազմով և դրա ելքով հնարավորություն են տվել Փաշինյանին վախեցնել հայ հասարակության աչքը:
Այսինքն, այս փաստն օգտագործելով է նա կարողացել իր նախընտրական քարոզչությունը կառուցել խաղաղության օրակարգի վրա: Այլ հարց է, որ դրանից հետո ունեցանք պատերազմներ:
Ինչևէ, այս համատեքստում ադրբեջանական կողմը 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա առաջնորդին 3 խնդիր էր առաջադրել:
Առաջին, 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած պարտության համատեքստում Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները՝ վերջնագծին հասցնի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, հասնել տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը կամ առնվազն շարունակել այդ հարցերի քննարկումը դրական հունով և աշխատանքային գրաֆիկով:
Երկրորդ, կարգավորել Հայաստանի տնտեսական-տնտեսվարական կյանքը, որպեսզի այն կարողանա ուշքի գալ պարտությունից և վերականգնել տնտեսությունն առկա իրողությունների պայմաններում:
Երրորդ, պետք է փոխել ռևանշի տրամադրված հասարակական տրավմատիկ գիտակցությունը, և նրա էներգիան ուղղել այլ ուղղությամբ: Այսինքն՝ հայ հասարակությանը բացատրել, որ երկրին պետք է ոչ թե ռևանշ, այլ վերածնունդ:
Նիկոլ Փաշինյանը, ով ավելի ուշ խոստովանել էր՝ «2021-ին գնաց արտահերթ ընտրությունների, որովհետև զգացել էր, որ պատերազմից հետո իր լեգիտիմությունն առնվազն հարցականի տակ է դրված, չի կարող շարունակել լինել վարչապետ», այս 5 տարիներին փորձեց կատարել Ադրբեջանի վերը նշված խնդիրները, իհարկե, չհասցնելով վերջնագծին, որը խոստացավ անել 2026 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավային շրջանում: Այսինքն, հասարակությանը, թուրքի քթի տակ ապրող հանրությանը Փաշինյանը հիմա էլ փորձեց համոզել, որ եթե ինքը չլինի՝ պատերազմ կլինի, որ խաղաղությունը հաստատված է, բայց այն նորածնի երեխայի խոցելիություն ունի, ուստի պետք է դրան տեր կանգնել, ամրացնել:
Մյուս կողմից՝ իշխանությունը փորձեց դիվիդենտներ հավաքել նաև բանակի հաշվին, որ ոչ թե այն քանդել են, այլ կառուցել:
Եվ 44-օրյա պատերազմում պարտության համատեքստում 2021 թվականի ընտրությունների համեմատ՝ Փաշինյանը չփորձեց արդարանալ և այն էլ՝ դա անել 44-օրյայի ռազմական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հաշվին:
Հիշում ենք, չէ՞, 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան «փոխհրաձգությունը», երբ գեներալին Փաշինյանը մեղադրում էր Շուշիի կորստի համար, որ դրա համար դատարանում պատասխան է տալու, որ Օնիկ Գասպարյանը համաձայն է եղել Տավուշի մասին կետով նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմանը, և այդ ինքը չի համաձայնել, և այլն: Իսկ ԳՇ նախկին պետն էլ իր երբեմնի վերադասին անվանել էր ստախոս, բայց դա չխանգարեց, որ ամիսներ առաջ 44-օրյա պատերազմին առնչվող փակ հանդիպում առաջարկի։
Ի դեպ, 2021 թվականին Օնիկ Գասպարյանն աջակցում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչի մասին բարձրաձայն հայտարարել էր: Թե ում է աջակցել այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ինքը գիտի: Բայց 2026 թվականի ընտրություններից առաջ առանց անուն հնչեցնելու՝ հասկացրել է, որ ընդդիմադիր ուժի է «աջակցում», և, որ Նիկոլ Փաշինյանին ձայն չի տալու:
Ավելին, լրագրողների հետ ճեպազրույցում նա Սամվել Կարապետյանի ցուցաբերած աջակցությունը հաստատել էր և նշել, որ դա եղել է էական, բազմազան և բավական օգտակար:
Սա նախընտրական մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից անարձագանք չի մնացել՝ ի պատասխան «Ուժեղ Հայաստանը» ներկայացնող Նարեկ Կարապետյանի հարցի, և նա «դահլիճ է նետել», թե՝ «էդ նախարարը հիմա Ձեր հետ դատվում է»: Ըստ էության, «անպիտան հրթիռների» գործը նույն հարթության մեջ է դրել փողերի լվացման մեղադրանքի հետ: Բայց սա առանձին քննարկման թեմա է:
Վերադառնանք ԱԺ ընտրություններին և խոսենք 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրական գործընթացում ՔՊ-ի գրանցած կամ նկարված արդյունքների Բաքվի արձագանքից:
Այս անգամ Բաքվի քարոզչամեքենան հայտարարել է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներն Ալիևի ռազմավարական հաղթանակն է: Նման վերտառությամբ հոդված է հրապարակել minval.az-ը, և նշել, որ ընտրություններից հետո Փաշինյանը պետք է անցնի կոնկրետ գործողությունների: Այս մասին նաև ադրբեջանական քարոզչական մյուս լրատվամիջոցներն են գրել։
Ինչի մասին է խոսքը:
Առաջին, Հայաստանում ղարաբաղյան թեմատիկայի հետ կապված բոլոր տարրերի, կառույցների և մնացորդային ինստիտուտների ամբողջական լիկվիդացում (վերացում), քանի որ դրանք, ըստ Բաքվի, քաղաքական առումով գրգռում են կրքերը, հակասում խաղաղության գործընթացի ոգուն:
Երկրորդ, ալիևյան քարոզչամեքենան սրանով չի սահմանափակվել, և առաջարկել է փակել նաև օտար երկրում գործող «ղարաբաղյան ներկայացուցչական» կազմակերպությունները և կառույցները:
Երրորդ, Ալիևի ամենակարևոր պահանջ-ակնկալիքը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է, այնտեղից Անկախության հռչակագրի դուրսմղումը, որը, ըստ Բաքվի, տարածքային պահանջներ է պարունակում և կարող է օգտագործվել ընդդիմության կողմից:
Այսինքն, Ալիևը Փաշինյանից գործնական ապացույցներ է պահանջում՝ արդյո՞ք իրապես ցանկանում է ինստիտուցիոնալացնել խաղաղությունը:
«Միայն սրանից հետո հնարավոր կլինի ասել, որ հայաստանյան ընտրությունները պարզապես մեկ կուսակցության հաղթանակ չէին, այլ նոր էջի սկիզբ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Իսկ առայժմ սա առաջին հերթին քաղաքական ավանս է՝ տրված հայ հասարակության կողմից դեպի խաղաղություն տանող կուրսին։ Եվ Բաքուն իրավունք ունի ակնկալելու, որ այդ ավանսը կհաստատվի կոնկրետ որոշումներով, այլ ոչ թե՝ հերթական հայտարարություններով»,- գրել vesti.az-ը:
Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ևս օպերատիվ արձագանքել է հայաստանյան ընտրությունների արդյունքներին:
«Շնորհավորում եմ Ադրբեջանի քաղաքացիներին, որ ««երկաթե բռունցքը» կարողացել է բուժել ՀՀ քաղաքացիների մոտ 57 տոկոսին»՝ «Միացում» անվամբ «քաղաքական շիզոֆրենիայից»: Պետք է այս պրոցեսը շարունակել»,- գրել է նա:
Այսինքն, Հայաստանի հետ խաղաղության գնացող Ադրբեջանի նախկին պաշտոնյան վիրավորում է հայ հասարակությանը և սպառնում՝ 44-օրյան հիշեցնող «երկաթե բռունցքով», ինչը, բնականաբար, մնալու է անարձագանք:
168.am-ը՝ մայիսի 21-ին «Զուլֆուգարովը Փաշինյանին «մեղադրում» է վաղաժամ խաղաղության հաղթանակ տոնելու մեջ» վերտառությամբ հոդված էր հրապարակել:
Իսկ ապրիլին էլ գրել էինք, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը հարցազրույցներից մեկում ասել էր հետևյալը.
«Եվ երբ մենք սկսում ենք հարցադրում անել՝ ով է մեզ համար առավել ձեռնտու, ես, ճիշտն ասած, այնքան էլ չեմ հասկանում՝ ինչի՞ համար է դա մեզ պետք։ Այո՛, մենք պարտավոր ենք հետևել իրավիճակին, աշխատել ամբողջ քաղաքական սպեկտրի հետ և չեզոքացնել ցանկացած պոտենցիալ ռիսկ՝ դա ակնհայտ է։ Բայց ասել՝ Փաշինյանն է ավելի լավը, կամ՝ Քոչարյանն է ավելի լավը, ես հիմա պատրաստ չեմ: Եթե անգամ պատկերացնենք, որ իշխանության է գալիս Քոչարյանը, և ի՞նչ է դա սկզբունքորեն փոխելու, ի՞նչ է՝ նրանք սկսելու են մեզ հետ պատերազմե՞լ, ի՞նչ ուժերով, ի՞նչ ռեսուրսներով, ինչպե՞ս են նրանք վերցնելու Ղարաբաղը, նման հնարավորություն նրանք չունեն: Եվ Ռուսաստանն էլ չի պատրաստվում դա անել նրանց փոխարեն, ինչպես դա եղել է 90-ական թվականների սկզբին»։
Ամեն դեպքում, Բաքվի արձագանքից կարելի է հստակ ասել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալն է ձեռնտու Բաքվին և ոչ միայն: Զուլֆուգարովն, ըստ էության, մեկ բանում էր ճիշտ, որ ասում էր՝ Փաշինյանը մնում է ռուսական ազդեցության ներքո, և նրան հակառուսաստան չէր համարում:

