Զուլֆուգարովը Փաշինյանին «մեղադրում» է վաղաժամ խաղաղության հաղթանակ տոնելու մեջ

Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանդիպումների ժամանակ ամեն քայլափոխի ՀՀ քաղաքացիներին համոզում է, թե ինչ ուրախ կյանք է մեզ պարգևել. 1990-ականներից եկած պատերազմական վախերը հաղթահարված են, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլևս հաստատված է, որովհետև սահմանին կրակոց չկա, պարզապես պետք է տեր լինել փաշինյանական խաղաղությանը և ՀՀ քարտեզին, որը, ըստ հայտարարվածի, 29 743 քկմ է:

Նշենք, որ մի առիթով Փաշինյանը խոստովանել է, որ ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքները դրա անբաժանելի մասն են կազմում, իսկ դրանք չեն վերականգնվել չէ՞, և դեռ հարց է՝որքանով կվերականգնվեն:

Ինչևէ, ենթադրենք ներկա պահին փաստացի՝ գետնի վրա ունենք մեր հսկողության տակ գտնվող 29.743 քկմ տարածք, որը Փաշինյանը համոզում է, որ ճանաչել է նաև Ադրբեջանը, որովհետև ինքն էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թեև ժամանակ առ ժամանակ Բաքվից այլ հայտարարություններ են եղել և լինում:

Բայց արդյ՞ոք սա խաղաղության վերջնական պայմանագրի կնքման կամ հաստատման երաշխիք է, արդյո՞ք սահմանազատման և սահմանագծման գործընթացում խնդիրները կարգավորված են, եթե անգամ Փաշինյանը պատրաստ է հանձնել «անկլավային» գյուղերը: Իհարկե՝ ոչ: Եվ այս մասին հերթական անգամ Բաքվից «հասկացնում» է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը:

Կարդացեք նաև

Ադրբեջանական minval.az-ին տված հարցազրույցում նա նախ նշել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության և համապատասխան հանրաքվեի անցկացման, վաղաժամ է խոսել լիարժեք խաղաղ կարգավորման մասին։

«Մեզ համար գլխավորը՝ ինչ տեղի կունենա հանրաքվեի ընթացքում, եթե այն ընդհանրապես հայտարարվի»,- շեշտել է նախկին պաշտոնյան:

Այնուհետև Զուլֆուգարովն անդրադարձել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ պաշտոնական Երևանի և Նիկոլ Փաշինյանի քարոզչական հավաստիացումներին:

Ըստ նրա, Երևանը փորձում է զուտ տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչման փաստը ներկայացնել որպես իր համար շահավետ սահմանների վերջնական ամրագրում, թեև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դեռևս ավարտված չէ։

«Դե ման է գալիս Փաշինյանը՝ այդ կրծքանշանը կրծքին… Նրանք ցանկանում են ստանալ այդ «կրծքանշանը»՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, և դա ներկայացնել՝ որպես բոլոր պահանջների վերջնական ճանաչում»,- ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարարը՝ հավելելով, որ խորհրդային ժամանակաշրջանում միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանները մեկ անգամ չէ, որ փոխվել են, ուստի «հատկապես ո՞ր ժամանակաշրջանի սահմանները պետք է հիմք դառնան ապագա կարգավորման համար, դեռ մնում է սկզբունքային հարց»:

Նշենք, որ տարբեր առիթներով Զուլֆուգարովը, իր խոսքերով, փորձել է որպես ռեալիստ բացատրել իրականությունը՝ «միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը կիրառելի է այն պարագայում, երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:

«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- տարիներ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում շեշտել էր ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով՝ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունը և ոչ թե՝ այս կամ այն սահմանները, և, որ «Ալմա Աթայի հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»: Բնականաբար, այստեղ ևս խաղաղության պայմանագրի ստորագրման պայման էր դիտարկվել ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագրի բացառումը:

Անդրադառնալով «Թրամփի ուղի» նախագծին, Զուլֆուգարովը հայտարարել է, որ առայժմ Հայաստանը խուսափում է կոնկրետությունից և տարանցման պայմանները քննարկելու փոխարեն՝ առաջարկում է կենտրոնանալ բացառապես դեմարկացիայի (սահմանագծման) հարցերի վրա։

«Փոխանակ ներկայացնելու, թե ինչ պայմաններով է իրականացվելու բեռների և մարդկանց տարանցումը, նրանք ասում են՝ եկեք անցկացնենք դելիմիտացիա և դեմարկացիա։ Իսկ դա նշան է, որ հայկական կողմը փորձում է ձգձգել գործընթացը և ամրագրել ապագա սահմանների սեփական մեկնաբանությունները։ Ընդհանուր առմամբ, պետք է իրավիճակը գնահատել առանց էմոցիաների՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական լույսի ներքո։ Մոտեցումը պետք է լինի բացառապես ռեալիստական։ Ես հոռետես չեմ, ռեալիստ եմ»,- նշել է դիվանագետը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում պիտի սկսվի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում նախ սահմանազատում և սահմանագծում տեղի ունենա:

Իսկ մեկ ամիս առաջ էլ Զուլֆուգարովը նշել էր, որ Ադրբեջանը շարունակելու է ձգտել «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը՝ և էական չէ, թե դա կլինի TRIPP նախագծի՞, թե՞ նոյեմբերի 10-ի փաստաթղթի, թե՞ որևէ այլ ձևաչափի շրջանակում, այսինքն, հարցը մնում է բաց:

Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Ներկա պահին ՀՀ կառավարությունը e-draft.am-ում մայիսի 15-ից մինչև 31-ը քննարկման է դրել 3 ուղեցույցները, որտեղ ներկայացված է սահմանազատման քարտեզի ստեղծման կարգը, նշվում է, որ աշխատանքային քարտեզն ստեղծվում է WGS-84 կոորդինատային համակարգում UTM պրոյեկցիայի ուղղանկյուն սյունակավորման ձևով։

168.am-ը դեռ անցած տարի հայտնել է, որ Ադրբեջանն անցել է WGS-84 համակարգով իր սահմանների քարտեզային հստակեցմանն ու Թուրքիայի աջակցությամբ սեփական քարտեզների «արտադրմանը»: Տեղեկացրել ենք, որ դեռ 2009 թվականից է սկսվել ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական և կադաստրային քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգ:

Ինչ վերաբերում է Բաքվի՝ Ալիևի քաղաքական մյուս՝ «արևմտյան Ադրբեջան» ծրագրին, ապա տեղեկացնենք, որ հունիսի 18-19-ը Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը, որի կազմակերպիչներն են` Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը:

Համաժողովյան մասում գիտնականները, հետազոտողները և հասարակական գործիչները զեկույցներ են ներկայացնելու «Արևմտյան Ադրբեջանի» «պատմական» իրողությունների, ժառանգության և «արևմտյան» ադրբեջանցիների վերադարձի հեռանկարների վերաբերյալ։

Նշենք, որ սա երրորդ նման համաժողովն է, երկրորդը, սակայն, անցկացվել է 2024 թվականին:

Այսինքն, փաստ է, որ, մեծ հաշվով, Ալիևի պլաններում խաղաղությունը շատ բան չի փոխում, խնդիրը մատուցման մեջ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031