Հայաստանի քաղաքացիներին պետք է հարցնել՝ պատրա՞ստ են հրաժարվել ԵԱՏՄ-ից՝ հանուն ԵՄ-ի. ՌԴ ԱԳ փոխնախարար

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ հայտարարությունների հակասականությունն ու խճճվածությունը։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է ՌԴ փոխարտգործնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցելու հարցով նման հանրաքվեի նախաձեռնողը պետք է լինի հենց Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, 2025 թվականին «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ, չնայած Սահմանադրության համապատասխան դրույթներին, դրա ընդունումը հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ այդ փաստաթուղթը պարզապես քաղաքական հայտարարություն է և իրավական նշանակություն չունի։

«Այժմ, սակայն, մենք լսում ենք, որ Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքներն, իբր, ինքնին արդեն վկայում են եվրոպամետ կուրսի, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համազգային աջակցության մասին, հետևաբար՝ կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա»,– ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է փոխնախարարը։

«Հիշեցնեմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը երբեմն տրամագծորեն հակառակ և բավական խճճված հայտարարություններ էր անում։ Միևնույն ժամանակ, նա երբեմն բավական անկեղծորեն ընդունում էր, որ Հայաստանին դեռ ոչ ոք ԵՄ անդամակցության հրավեր չի արել, և որ երկիրը, առհասարակ, կարող է երբեք էլ չանդամակցել դրան։ Արդեն իսկ իսկապես շատ բան է ասվել, սակայն դրանից հարցի շուրջ հստակությունը բոլորովին չի ավելացել»,– հավելել է Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել են, որ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի քաղաքացիները այս հարցի վերաբերյալ։

«Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական մակարդակում՝ «ցանկանո՞ւմ եք արդյոք ԵՄ-ում լինել», այլ կոնկրետ-գործնական ձևակերպմամբ․ պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ ապագայում ԵՄ-ին միանալու, այն էլ՝ ոչ ամբողջությամբ ակնհայտ հեռանկարի համար։ Քանի որ հարցի հենց այս ձևակերպումը առավել ազնիվ կլինի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այնպես էլ ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ»,– եզրափակել է գործակալության զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31