«Ես հիմա չեմ կարող ասել՝ մեզ համար Փաշինյա՞նն է ավելի լավը, թե՞ Քոչարյանը». Զուլֆուգարովը Փաշինյանին է «ռուսական թեկնածու» համարում

Ընտրական պայքարի համատեքստում Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ եթե ինքը և իր քաղաքական ուժը չհաղթի, պատերազմ է լինելու, նրա քաղաքական ընդդիմախոսներն էլ հակադարձում են, թե պատերազմ բերողը հենց ինքն է, և, որ ԹՐԻՓՓ-ի նախագիծը չեն չեղարկի, եթե գան իշխանության, այլ հարց է, որ հնարավոր է՝ տարբեր երաշխավորներ ընդգրկվեն, ռիսկային որոշակի պահեր չեզոքացվեն:

Ավելին, Փաշինյանի ընդդիմախոսները պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, ՀՀ օկուպացված տարածքները վերականգնել միայն բանակցությունների միջոցով, բայց ոչ Ադրբեջանի պարտադրանքով սահմանադրություն փոխել, որն այսօր Բաքվի հիմնական պայմաններից է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման: Եվ Նիկոլ Փաշինյանն այս հանգամանքը հաշվի առնում է, սակայն ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել խաղաղություն հաստատողի տիտղոսից:

Մարտի 20-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ըստ էության, առաջին անգամ Փաշինյանը խոսել է իր կողմից բանակցված փաստաթղթի հնարավոր փոփոխության մասին, ինչը ևս համարել է պատերազմաբեր:

«Եթե նույնիսկ գնանք ամենալավատեսական կանխատեսումով՝ վերաբացել հաստատված խաղաղությունը, նշանակում է վերափոխելու հնարավորություն ստեղծել այն ամբողջ բովանդակությունը, որը մենք բանակցային պրոցեսի արդյունքում ի վերջո ֆիքսել ենք։ Տեսական մակարդակում կարող ենք համարել, որ այդ բովանդակությունը կարող է դառնալ ավելի լավը, բայց նույն տեսական մակարդակում այդ բովանդակությունը կարող է դառնալ ավելի վատը։ Բայց շատ ավելի հավանական է, որ այդ բովանդակությունն ամբողջությամբ կարող է փլուզվել։ Ինչպես այս պարզ, ամենաչեզոք վիճակագրական թվարկումը ցույց է տալիս, այսինքն՝ երկուսն ընդդեմ մեկի է։ Մի հնարավորություն կա, որ այդ բովանդակությունը կարող է լավանալ, և երկու հնարավորություն կա, որ այդ բովանդակությունը կարող է վատանալ։ Այս երկու հնարավորության դեպքում էլ զարգացման տրամաբանությունը տանում է դեպի պատերազմ։ Սա մենք պետք է շատ հստակ արձանագրենք»,- հայտարարել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

Կարո՞ղ ենք ասել, որ Փաշինյանի համար կարևոր է ոչ այնքան խաղաղությունը, դրա հաստատումը, որքան այն, որ հենց իր ձեռամբ լինի այն, որը Փաշինյանը մի կողմից համարում է հաստատված, մյուս կողմից՝ խոցելի: Ադրբեջանական իշխանամերձ տարբեր շրջանակներ ևս այն կարծիքին են, որ, այո, խաղաղության օրակարգը հաստատված է, բայց անշրջելի չէ, և շատ բան կախված է Հայաստանի ԱԺ ընտրությունների ելքից:

Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատումն այնքան էլ չի պայմանավորում միայն Փաշինյանի անձով:

Վերջին օրերին նա մի քանի հարցազրույց է տվել: Մասնավորապես, vesti.az-ի հետ զրույցում Զուլֆուգարովը նշել է.

«Եվ երբ մենք սկսում ենք հարցադրում անել՝ ով է մեզ համար առավել ձեռնտու, ես, ճիշտն ասած, այնքան էլ չեմ հասկանում՝ ինչի՞ համար է դա մեզ պետք։ Այո՛, մենք պարտավոր ենք հետևել իրավիճակին, աշխատել ամբողջ քաղաքական սպեկտրի հետ և չեզոքացնել ցանկացած պոտենցիալ ռիսկ՝ դա ակնհայտ է։ Բայց ասել՝ Փաշինյանն է ավելի լավը, կամ՝ Քոչարյանն է ավելի լավը, ես հիմա պատրաստ չեմ: Եթե անգամ պատկերացնենք, որ իշխանության է գալիս Քոչարյանը, և ի՞նչ է դա սկզբունքորեն փոխելու, ի՞նչ է՝ նրանք սկսելու են մեզ հետ պատերազմե՞լ, ի՞նչ ուժերով, ի՞նչ ռեսուրսներով, ինչպե՞ս են նրանք վերցնելու Ղարաբաղը, նման հնարավորություն նրանք չունեն: Եվ Ռուսաստանն էլ չի պատրաստվում դա անել նրանց փոխարեն, ինչպես դա եղել է 90-ական թվականների սկզբին»։

Այստեղ պարզ է՝ մի կողմից Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը «քաղաքական մեծամտություն» է դրսևորում, թե Ադրբեջանը Հայաստանի համար ռևանշիզմի գնալու հնարավորություն չի թողել կամ նման քայլերի տարածություն, մյուս կողմից՝ Զուլֆուգարովն ի չիք է դարձնում Փաշինյանի պնդումները, թե Երևան-Բաքու խաղաղության հաստատումը պայմանավորված է բացառապես իրենով: Թեպետ հարց է՝ արդյո՞ք այլ իշխանության օրոք կարող են Սյունիքի հետ կապված հեռահար նպատակների իրագործման մասին մտածել:

Ինչևէ, այս համատեքստում ադրբեջանցի քաղաքական գործիչը հարկ է համարել ընդգծել, որ Բաքվի համար շարունակում է կարևոր հարց մնալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելը:

«Մենք ընդունում ենք, որ Զանգեզուրը ներկա պահին դե ֆակտո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Եվ եթե Հայաստանը չապահովի անհրաժեշտ պայմաններն ու հաղորդակցությունները, Ադրբեջանը, դիտարկելով դա՝ որպես իր առանցքային աշխարհաքաղաքական խնդիրը, շարունակելու է ձգտել «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը՝ դա կլինի TRIPP նախագծի, նոյեմբերի 10-ի փաստաթղթի, թե՝ որևէ այլ ձևաչափի շրջանակում, այսինքն, հարցը մնում է բաց»,շեշտել է Զուլֆուգարովը՝ ըստ էության, ապացուցելով, որ Բաքուն դե յուրե Սյունիքն իրենն է համարում, և, որ ԹՐԻՓՓ-ի նախագիծը հայ-ամերիկյան փաստաթուղթ է, որտեղ Բաքուն ուղիղ կողմ չի հանդիսանում, բայց դրա իրականացման գործընթացում որոշիչ խոսք ունի: Հիշատակված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարարը հենց սա էլ ակնարկել է: Ավելին, նա հասկացրել էր, որ «արևմտյան Ադրբեջան» քաղաքական պլանից ևս Բաքուն հետ չի քաշվել: Այսինքն, պատերազմ հրահրելու հիմքերը հենց Ադրբեջանն է պահպանում, ինչը Փաշինյանը ոչ մի կերպ չի փորձում տեսնել:

Իսկ Զուլֆուգարովը չի անտեսել նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը և դրա արդյունքները՝ նշելով, որ ականատես է եղել «պրոֆեսիոնալ խաղացված թատրոնի», ընդ որում, երկկողմանի: Ըստ նրա, Փաշինյանը գնացել էր ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ ՌԴ-ից աջակցություն ստանալու, և, որ, մեծ հաշվով, նա բավարարում է ՌԴ հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են Հայաստանին:

«Պուտինը շատ լավ գիտեր Սամվել Կարապետյանի երկքաղաքացիության մասին, ինչ վերաբերում է «Ռուսաստանի պաշտոնական ընկեր, բարեկամ» Ռոբերտ Քոչարյանին, ապա ռուսական կողմը վաղուց նրա հետ կապված լուրջ դժգոհություն ունի, եթե հատկապես հիշենք ՀՀ խորհրդարանում այն իրադարձությունները (նկատի ունի Հոկտեմբերի 27-ը.- Մ.Պ.): Այդ ժամանակվանից ի վեր նա կորցրել է վստահության նախկին մակարդակը… Փաշինյանը, ՌԴ-ի հետ իր ներկա հարաբերություններով, կընտրվի և կշարունակի այն կուրսը, որը նա շարունակում է 8 տարի՝ նստել երկու աթոռի վրա»,- կանխատեսել է Զուլֆուգարովը՝ ակնարկելով, որ Փաշինյանը մնում է ռուսական ազդեցության ներքո:

Գուցե այստեղ ճշմարտության տարր կա, մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում և ՀԱՊԿ-ում չեն մոռանում Փաշինյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի որոշումը, ինչը կազմակերպությանը բարդ խնդիրների առաջ էր կանգնեցրել: Իսկ Բաքուն նախկին պաշտոնյայի միջոցով ապացուցում է, որ իր համար կարևոր է խաղաղություն հաստատել ոչ միայն Փաշինյանի հետ, այլև ՀՀ-ի, հայ հասարակության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930