Նոր հողամաս և 14,448,150 դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը
Շուրջ 15 միլիոն դրամ և 4 անշարժ գույք․ ինչպես տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի հայտարարագրից՝ այս և այլ ձեռքբերումներով է 2025 թվականը փակել ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը, որն, ի դեպ, հետընտրական խորհրդարանում ստանձնեց ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնը։
Հայտարարագրի մյուս մանրամասները՝ ստորև։
Այսպես, պաշտոնյան տարին սկսել է համատեղ սեփականություն հանդիսացող 3 անշարժ գույքով՝ 2000 թվականին Արմավիրում գնած երկու հողամասով և 2020 թվականին Աջափնյակում գնած բնակարանով։
Իսկ տարվա ընթացքում արդեն Մանավազյանը 2,8 միլիոն դրամով հողամաս է գնում Լոռու մարզի Վանաձոր համայնքում, որը տնօրինում է միանձյա սեփականության իրավունքով։
ՔՊ-ականը նաև հայտարարագրել է 2017 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի մեքենա, որը 2024 թվականին նվիրատվություն է ստացել։
Արուսյակ Մանավազյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 4-5․7 միլիոն դրամի սահմաններում։ Պաշտոնյան հաշվետու տարվա՝ 2025 թ․-ի տարեսկզբին ունեցել է 400 հազար դրամ և 19000 դոլար կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 550 հազար դրամ և 19000 դոլար։
Նրա հաշվետու տարվա՝ 14,448,150 դրամ եկամուտն էլ գոյացել է ԱԺ աշխատակազմից ստացած 12,848,150 դրամ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև՝ 1,6 միլիոն դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից
Պատգամավորի՝ մի քանի վարկերի մայր գումարի մնացորդի ընդհանուր ծավալի չափը կազմել է 16,618,941, որից 14,161,135 դրամի վարկի դիմաց հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։
Արուսյակ Մանավազյանը հայտարարագրում տեղեկացրել է նաև, որ 2021 թվականից «ԱԼՖԱ ՖԻՆ» առևտրային կազմակերպության 100 տոկոս բաժնետերն է։
Իսկ Արուսյակ Մանավազյանն իր կարիերան սկսել է Փաշինյանի ընտանեկան՝ «Հայկական ժամանակ» թերթից․ աշխատել է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, ապա՝ տնօրեն:
Եղել է նաև «Մեր տպարանը» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, ի դեպ, այդ ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասն էլ պատկանում է Աննա Հակոբյանին։
2018-2021թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հաշվապահն է եղել, 2019-2020թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահը, ապա՝ մեկ տարով 2020-2021թթ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ տնօրենի լիազորությունները կատարող:
2016 թվականից նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

