Ավիացիոն խնդիրները զբոսաշրջության ամառային սեզոնի վրա լուրջ ազդեցություն չեն ունենա
«Արմավիայի» տապալումից հետո առաջացած հայկական ավիացիոն խնդիրները զբոսաշրջության ամառային սեզոնի վրա շատ լուրջ չեն ազդի: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց Հայաստանի Ճամփորդական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը՝ նշելով, որ դրան կնպաստեն մյուս ավիաընկերությունների կողմից բացված որոշ նոր ուղիները և գործող չվերթերի հաճախակիացումը:
Ըստ նրա՝ ավիացիոն խնդիրները մարտ-ապրիլին լրջորեն նվազեցրել էին զբոսաշրջիկների հոսքը Հայաստան և առնվազն 20%-ով պակասեցրել նախագծերի իրականացումը: Անցած ամառվա համեմատ, երբ «Արմավիան» գործում էր, այս տարի ամռանը ավիատոմսերի 20% և ավելի թանկացում կա: Ընդ որում՝ զբոսաշրջության վրա շատ բացասական ազդեցություն ունի այն, որ խմբակային տոմսերը, օրինակ՝ Մոսկվա-Երևան, արժեն 600-650 դոլար, այն դեպքում, երբ անհատական տոմսերը 400-500 դոլար են:
«Սա համաշխարհային խնդիր է, այն կախված է երկրի և զբոսաշրջության զարգացման աստիճանից: Այն երկրներում, որտեղ զբոսաշրջությունը թիրախային ոլորտ է, իշխանությունները պարտադրում են, որ ավիաընկերությունները նվազեցնեն խմբակային տոմսերի գները»,- ասաց Ե.Թանաշյանը՝ հավելելով, որ ավիատոմսերի գները որոշակի չափով դեռ ավելի շատ չեն բարձրացել՝ ի հաշիվ նրա, որ վերգետնյա սպասարկման ծախսերի մի մասը կատարվում է տուրօպերատորների շահույթից: Իսկ դա վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ պակասելու են մարքետինգին հատկացվող գումարները:
Նրա գնահատականով՝ զբոսաշրջային պիկից հետո աշնանը խնդիրներ կունենանք: Հատկապես մեծ խնդիրներ կան ռուսական շուկայի հետ կապված: Սպասվում էր, որ այս տարի կտրուկ կաճի ռուս զբոսաշրջիկների թիվը, բայց ավիատոմսերի թանկացման հետևանքով դա տեղի չունեցավ:
Ե.Թանաշյանը նշեց, որ խնդիր ունենք նաև ավելի քիչ վճարունակ զբոսաշրջիկների հետ կապված. եթե ավելի թանկարժեք հյուրանոցներն ամբողջությամբ զբաղված կլինեն սեզոնին, ապա 2-3 աստղանի հյուրանոցները զբաղվածության խնդիր կունենան: