Արդյո՞ք Սուրեն Պապիկյանի խոստացած Սու-30-երի համար հավելումները տեղ են հասել
Այս տարվա հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսի ժամանակ 168.am-ը հարց էր ուղղել՝ արդյոք մի օր հնարավոր կլինի՞ Սու-30ՍՄ-երը կիրառել իրենց ողջ հզորությամբ, ինչին ի պատասխան՝ նա նշել էր.
«Սու-30ՍՄ-երի համար ունենք բավարար որոշակի սպառազինություն, բայց ակնկալվում են նաև համալրումներ: Սու-30ՍՄ-երը բավականին լավ կործանիչներ են, ես շատ բարձր եմ գնահատում դրանց դերը: Եվ ես կարծում եմ, որ մեծ դեր կարող են ունենալ և՛ մեր երկրի հակաօդային պաշտպանության, և՛ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»:
Միաժամանակ Սուրեն Պապիկյանն առաջարկել էր զերծ մնալ տեղեկությունից՝ արդյո՞ք նշված կործանիչների թիվը կարող է ավելացվել, քանի որ ժամանակին պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ զինված ուժերը պետք է ունենա 8-12 միավոր Սու-30, բայց ձեռք բերվեց միայն 4-ը:
Նշենք, որ Սու-30-ները ձեռք բերելու գաղափարը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանինն ու ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանինն է, որն ի սկզբանե չի ողջունել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իսկ 44-օրյայի ավարտից անմիջապես հետո էլ պատերազմին դրա կիրառության հետ կապված հարցեր էր առաջ քաշում, ինչի պատասխանները ստացավ Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ, որ դրանք մարտական որոշակի խնդիր լուծել են:
Բայց նույնիսկ այս դեպքում, ինչպես 168.am-ը գրել է, Անդրանիկ Քոչարյանը որոշել է 44-օրյայի զեկույցին կցել Սու-30-ների հետ կապված իր մի քանի էջանոց նամակ-վերլուծությունը, որը նա ներկայացրել էր Փաշինյանին, և ինչի մասին հիշատակվել էր նաև քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցաքննության ժամանակ:
Ինչևէ, մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդես-հաշվետվության ժամանակ թռիչքներ էին իրականացրել Սու-30-ները, ինչին հետևել են նաև միջազգային փորձագետները և որոշակի արձանագրումներ արել:
Մասնավորապես, և՛ Military Watch Magazine (MWM)-ը, և՛ OSINT-ի վերլուծաբանները (հետախուզություն բաց աղբյուրների հիման վրա) ՀՀ ԶՈւ-ի զինանոցում առկա Սու-30-ների թևերի տակ նկատել են իրանական «Yasin» պլանավորող ավիառումբեր։
Ըստ բաց տվյալների, պլանավորող և շտկող մոդուլով օժտված «Yasin» բարձր ճշգրտության ռումբը կշռում է 300 կիլոգրամ, մարտական մասի զանգվածը 225 կիլոգրամ է, և այն պատկանում է MK-82 դասին:
Ավիառումբը նախատեսված է անշարժ թիրախների խոցման համար՝ GPS արբանյակային նավիգացիայի և իներցիալ նավիգացիոն համակարգերի կիրառմամբ։
Առկա տեղեկությունների համաձայն՝ ստանդարտ պայմաններում ռումբի հեռահարությունը 50-60 կիլոմետր է, իսկ օպտիմալ բարձրությունից բացթողնման կամ նետման դեպքում այն կարող է հասնել մինչև 120 կիլոմետրի։
Իհարկե, փորձագետները նաև իրանական արտադրության «Majid AD-08» ՀՕՊ համակարգեր են նկատել մայիսի 28-ի զորահանդեսին: Բնականաբար, նման տեղեկություններն օբյեկտիվ պատճառներով չեն կարող պաշտոնական հաստատում կամ հերքում ստանալ, և մենք կարող ենք միայն հիմնվել մասնագիտական կարծիքների և որոշ դրվագների վրա:
Փետրվարին «Սուրեն Պապիկյանի Իրան կատարած այցի ռազմաքաղաքական և ռազմական տողատակերը» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ նման հնարավորությունները չէինք բացառել, հաշվի առնելով այցի համատեքստում որոշ դրվագներ:
Վերադառնալով Սու-30-ների գնման հետ կապված Անդրանիկ Քոչարյանի տեսակետին՝ հավելենք, որ 2025 թվականի ապրիլի 15-ին ԱԺ-ում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով բանակում իրենց արած-չարածին և ընդդիմության քննադատություններին, մասնավորապես, հայտարարել էր.
«… Կամ՝ էդ որ ասում եք՝ Սու-երը բերել եք, էդ կարո՞ղ է մենք տենց նստել ենք, մենյուն բացել-նայել, թե ինչ վերցնենք: Ձեր զինվորականներն են խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են՝ մեզ էս է պետք կամ էն է պետք»:
Այսինքն, Սու-երով քաղաքական PR արած իշխանության առանցքային դեմքերից մեկը դրանց ձեռքբերման «մեղքը» փորձել էր գցել զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարել, երբ նրանք այդ ժամանակ իրենց կառավարությունում են աշխատել:
Եվ հիմա, երբ իշխող ուժը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատում այդ կործանիչների դերը և նույնիսկ մտածել է դրանց համար նախատեսված «հավելումների» մասին, ո՞ւմ է շնորհակալ զորահանդեսով հիացած երկրի գործող ղեկավարությունը, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը. նախկինների ժամանակ աշխատած զինվորականների՞ն, թե՞ ռազմական գործից հեռու Նիկոլ Փաշինյանին: Հետաքրքիր է նաև՝ արդյո՞ք հրթիռների բացակայության համար Սու-երը քննադատած ընդդիմադիր ուժերը, եթե համոզվեն, որ առկա «հավելումները» թույլ կտան այն կիրառել իր ամբողջ հզորությամբ, կփոխեն իրենց կարծիքը՝ այս կործանիչների հետ կապված:




