Տարածաշրջանում ռազմական գործողությունների նոր ալիքի վտանգը շատ իրական է. Ալիևը փորձում է իրեն «ստրախովկա» անել. Վիտալի Մանգասարյան

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է այն մեղադրանքներին, թե Ադրբեջանում իսրայելական ռազմական օբյեկտներ կան, կամ՝ Բաքուն «փրկօղակ» է, և նրա տարածքը կարող է օգտագործվել Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից՝ ընդդեմ Իրանի, և վստահեցրել, որ իրենք պատրաստ են տրամադրել իրենց տարածքը ցանկացած ստուգման:

Այս համատեքստում Հաջիևը հավելել է, որ իրենք իրենց տարածքը երբեք չեն տրամադրի որևէ երրորդ երկրի՝ ընդդեմ հարևան պետության, և, մասնավորապես, բարեկամ Իրանի, և հետո, ըստ նրա, տեխնիկապես հնարավոր չէ Իսրայելից Ադրբեջան հասնել, դրա համար պետք է օգտագործվի Թուրքիայի տարածքը, ինչը բացառվում է:

Ի՞նչ է սրանով ուզում հասկացնել Ալիևը և ո՞ւմ, արդյո՞ք Իրանը շարունակում է չվստահել Ադրբեջանին և նման ազդակներ է ուղարկել ոչ հրապարակային:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» ռազմական վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:

Կարդացեք նաև

– Հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից Իրանի դեմ, նոր չէ, բայց վերջին ամիսներին, կարելի է ասել, այն ստացել է նոր թափ։

CNN-ի բավականին ծավալուն հրապարակման համաձայն՝ Իսրայելի հատուկ նշանակության ուժեր, փրկարարական ստորաբաժանումներ և «Մոսադ»-ի գործակալներ գործել են Ադրբեջանի տարածքից՝ ապահովելով հետախուզական և հարվածային գործողություններ Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով, այդ թվում՝ ԻՀՊԿ հետախուզության պատասխանատու Ռահման Մոգադդամի սպանությունը սույն թվականի մարտի 4-ին։

Հաջորդ օրն անօդաչու սարքերը հարվածել են Նախիջևանի օդանավակայանին, ինչն Իլհամ Ալիևը որակել է՝ որպես «տգեղ, վախկոտ և ամոթալի ահաբեկչական ակտ»՝ մեղադրելով Իրանին, մինչդեռ Թեհրանը հերքել է իր մասնակցությունը։

Ժամանակին այս թեման բավականին ինտենսիվ էր շրջանառվում իրանական իշխանամերձ մամուլում և պաշտոնյաների հայտարարություններում՝ հաճախ ուղեկցվելով Բաքվի հասցեին ուղիղ մեղադրանքներով։ Իրանական կողմից բացահայտ զգուշացումներ էին հնչում առ այն, որ Թեհրանը երկար չի հանդուրժելու իր սահմանների անմիջական հարևանությամբ հակառակորդի հատուկ ծառայությունների կամ ռազմական ենթակառուցվածքների առկայությունը։

Ինչպես գիտենք, 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը սկսեց օդանավակայանների և ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների լայնածավալ շինարարություն, և այդ օբյեկտներից մի քանիսը գործնականում կարող էին ծառայել կամ ծառայել են Իրանի դեմ հետախուզական նպատակներով։

Այսօր, երբ տարածաշրջանում իրավիճակը կրկին բավականին լարված է, և ռազմական գործողությունների նոր ալիքի վտանգը շատ իրական է, Ալիևը փորձում է իրեն, այսպես ասած, «ստրախովկա» անել: Կարծում եմ՝ Իրանը հասկանալի պատճառներով, իրեն թույլ չէր տալիս ավելի կոշտ քայլերի դիմել, մանավանդ նոր թշնամիներ ձեռք բերելն այս փուլում Թեհրանի համար նպատակահարմար չէ։

Հաջիևի շուրթերով հնչեցված հավաստիացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է չեզոքացնել իր դեմ ուղղված մեղադրանքները։ Այսպիսով, Ալիևի վարչակարգը փորձում է նվազեցնել անմիջական ռիսկերը՝ խուսափելով Իրանի հետ բացահայտ առճակատումից, հատկապես, երբ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը կարող է ամեն պահի փոխվել։

– Ամեն դեպքում, ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջան-Իսրայել ռազմավարական ու ռազմական հարաբերությունները, Բաքուն Իսրայելին ոչնչով չի՞ կարողանում օգտակար լինել, կամ՝ ինչպե՞ս է կարողանում օգտակար լինել:

– Գաղտնիք չէ, որ հենց Իսրայելն էր Ադրբեջանի հիմնական զինտեխնիկայի մատակարարը 44-օրյա պատերազմում։ Այդ մասշտաբային աջակցության արդյունքում կարելի է փաստել, որ Ադրբեջանը պարտք է մնացել Իսրայելին՝ թե՛ բարոյական, թե՛ ռազմավարական առումներով։ Երբ Բաքուն դիվանագիտական և նյութական ծանր կախվածության մեջ էր հայտնվել ժամանակակից սպառազինության մատակարարման հարցում, հենց Իսրայելը չխուսափեց իրականացնել այդ մեծածավալ ծրագրերը՝ չնայած միջազգային հնարավոր հակազդեցություններին։

Այդ աջակցության շնորհիվ Ադրբեջանը կարողացավ հասնել իր առջև դրված ռազմական նպատակներին, ինչն իսրայելական կողմի համար դարձավ ներդրում երկկողմ երկարաժամկետ կապերի ամրապնդման գործում։

Կարծում եմ, սխալ կլինի մտածել, թե ներկայիս փուլում Ադրբեջանն Իսրայելին ոչնչով օգտակար չի լինում։ Ավելին, երկարաժամկետ ռազմավարական մշակույթը, որով հայտնի է իսրայելական պետությունը, ենթադրում է, որ նման մասշտաբի աջակցությունը՝ ներառյալ տեխնոլոգիաների փոխանցումը, վարժեցումն ու վստահության մակարդակի ապահովումը, կառուցվում է ոչ թե մեկանգամյա գործարքի, այլ երկարաժամկետ ազդեցության ակնկալիքով։ Ադրբեջանը դարձել է Իսրայելի համար ռազմավարական հենակետ տարածաշրջանում։

Այս իմաստով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը կարելի է դիտարկել որպես մի ներդրում, որի «տոկոսադրույքը» պարտադիր չէ, որ Իսրայելը պահանջի այսօր։ Իսրայելը կարող է ունենալ շատ ավելի երկարաժամկետ և հեռահար պլաններ, և հարմար պահի գալու է ժամանակը, երբ Բաքվից պահանջվելու է «վերադարձնել» այդ պարտքը։

– Ադրբեջանը հատուկ կարևորություն է տալիս ՀՕՊ համակարգի հզորացմանը՝ առանց «տնտեսումների»: Սա արտահայտվում է ոչ միայն սպառազինության ձեռքբերմամբ, այլև հակաօդային ստորաբաժանումների ավելացմամբ, վերջին շրջանում 20 նոր օբյեկտ է հանձնվել շահագործման, որտեղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստուգումներ է անցկացրել, հրահանգել ապահովել երկրի օդային տարածքի անխափան պաշտպանությունը, խորությամբ ուսումնասիրել մարտական պայմաններում նոր սպառազինության արդյունավետ կիրառման կանոնները։ Ավելին, Թուրքիան Ադրբեջանին է փոխանցել իր բանակի համար մշակված օդային օպերացիաների կառավարման ժամանակակից համակարգը, այսինքն, Ադրբեջան-Թուրքիա օդային տարածքի վերահսկման և օպերացիաների համատեղ կառավարման համակարգ է ձևավորվել, ինչի՞ց են զգուշանում:

– Ադրբեջանը հատուկ շեշտադրում է անում հակաօդային պաշտպանության համակարգի հզորացման վրա՝ միաժամանակ ընդլայնելով համագործակցությունը Թուրքիայի հետ օդային տարածքի վերահսկման և օդային օպերացիաների համատեղ կառավարման ուղղությամբ։ Դեռևս 2023 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավարությունը հայտարարել էր Անկարայի և Բաքվի կողմից «HAKİM» անվանմամբ համատեղ օդային հրամանատարության կառավարման համակարգի ստեղծման մասին, որի ամբողջական կյանքի կոչման դեպքում համատեղ վերահսկվող օդային տարածքը կձգվի Էգեյան ծովից մինչև Կասպից ծովի ավազանները։ Սա նշանակում է, որ երկու երկրների ռազմաօդային ուժերը կկարողանան համակարգված, միասնական պատկերի հիման վրա իրականացնել գործողություններ, ինչն էապես փոխում է տարածաշրջանային ուժերի հարաբերակցության որակական պատկերը։

Կարծում եմ, որ Ադրբեջանում լրջորեն են ուսումնասիրում՝ ինչպես ռուս-ուկրաինական, այնպես էլ՝ իրանա-իսրայելական հակամարտությունների փորձը և ներկայիս ռազմական իրականության պահանջները։ Երկու հակամարտություններն էլ ցույց են տվել, թե որքան վճռորոշ դեր ունեն ժամանակակից ՀՕՊ համակարգերը՝ պաշտպանվելու թե՛ բալիստիկ և թևավոր հրթիռներից, թե՛ մարտավարական ու ռազմավարական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումներից։

Սակայն զուգահեռ Ադրբեջանը փորձում է լուծել նաև մեկ այլ խնդիր՝ մեծացնել իր հարձակողական ներուժը, քանի որ Բաքվում լավ հասկանում են՝ ժամանակակից պատերազմներում միայն պաշտպանողական կարողություններով հնարավոր չէ ապահովել լուրջ հաջողություններ։ Հատկապես շեշտը դրվում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և ռազմական ավիացիայի կարողությունների զարգացման վրա։

Այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրված են կոնկրետ քայլեր, այդ թվում՝ Պակիստանից ձեռք բերված JF-17C (Block III) կործանիչների շահագործումը, դրանց հնարավոր ինտեգրումը թուրքական օդ-օդ հրթիռների հետ, ինչպես նաև՝ կանոնավոր մասնակցությունը Թուրքիայի հետ համատեղ թռիչքատակտիկական վարժանքներին, ինչպիսին էր 2026 թվականի հունիսին Կոնիայում անցկացված «Անատոլիական արծիվ» զորավարժությունը։

Ադրբեջանում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերն ընթացիկ շրջանում կազմում են բյուջեի մոտ մեկ հինգերորդը, և այս միտումը շարունակական է եղել 2020 թվականից ի վեր, հատկապես նավթագազային եկամուտների ավելացման ֆոնին։ Զուգահեռաբար ընդլայնվում է նաև Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ռազմավարական եռակողմ առանցքը, որը ձևավորվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և հետագայում ամրապնդվել երկկողմ ու եռակողմ համաձայնագրերով։

Հենց այս համալիր պատկերի ֆոնին են տեղին դառնում այն զգուշացումները, որ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռությունը կարող է շարունակել փոփոխվել, և անհրաժեշտ է հետևել այս զարգացումներին՝ ոչ միայն զինտեխնիկայի քանակական ցուցանիշներով, այլև որակական ինտեգրման աստիճանով։

– Տարածաշրջային անվտանգային և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում նշենք, որ ՀԱՊԿ անդամները նոյեմբերին կքննարկեն Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու հարցը՝ անդամավճարը չվճարելու պատճառով: Իհարկե, այս հարցը դե յուրե կոնսենսուս է պահանջում, մյուս կողմից՝ ՌԴ-ի դերակատարումն այստեղ մեծ է: Հիմա ՀԱՊԿ-ից դուրս գալն ի՞նչ ռիսկեր է պարունակում ՀՀ-ի համար, այդ թվում՝ ՀՀ-ՌԴ երկկողմ ռազմական հարաբերությունների համատեքստում, ի վերջո, դրանք կան առնվազն ռազմատեխնիկայի սպասարկման ոլորտում, և ոչ միայն:

– Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցը, և այս թեմայի շուրջ բանավեճը հաճախ ընթանում է հուզական, այլ ոչ թե սառը հաշվարկի հարթության մեջ։ Իրականում, սակայն, խնդիրն ունի շատ կոնկրետ, չափելի հետևանքներ՝ սկսած զինտեխնիկայի սպասարկումից՝ մինչև անվտանգային և ռազմաքաղաքական վակուումի առաջացում։

Այստեղ առաջին և, թերևս, ամենաառարկայական խնդիրը ռազմատեխնիկական ասպեկտն է։ Հայաստանի սպառազինության զգալի մասը դեռևս խորհրդային և ռուսական ծագում ունի, և այս տեխնիկայի էքսպլուատացիան, պահեստամասերով ապահովումը, մոդեռնիզացիան ու սպասարկումը տասնամյակների ընթացքում կառուցվել են հենց ռուսական արտադրական և տեխնիկական ենթակառուցվածքի վրա։

ՀԱՊԿ շրջանակներում գործող մեխանիզմները՝ մասնավորապես զինտեխնիկայի արտոնյալ գնման ու սպասարկման պայմանագրերը, հեշտացնում են այս գործընթացը։ Կազմակերպությունից ամբողջական դուրս գալն ինքնաբերաբար չի վերացնի Հայաստանի կախվածությունը ռուսական տեխնիկայից, սակայն կարող է բարդացնել այն իրավական ու գործնական հարթակը, որով այդ կախվածությունը կառավարվում է:

Այսինքն, ՀԱՊԿ-ին մեր անդամակցման վերջնական դադարեցումը գոյություն ունեցող տեխնիկական և լոգիստիկ խնդիրները կբազմապատկի՝ դրանք դարձնելով շատ ավելի բարդ և գործնականում չլուծվող։

Եվ, առավելևս, եթե ՀԱՊԿ-ից վերջնական դուրս գալուն զուգահեռ՝ Հայաստանն այլընտրանքային ռազմաքաղաքական կառույց կամ երաշխիքների հստակ համակարգ չունենա «աչքի տակ», դա երկրին ոչ մի շոշափելի դրական բան չի տա՝ Հայաստանի ռազմական կարողությունները չի մեծացնի, այլ ընդհակառակը՝ կարող է ստեղծել անվտանգային վակուում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31