Իշխանական վերնախավի միլիոնները
Տարիներ շարունակ անտեսելով թոշակառուներին, ընտրություններից առաջ իշխանությունները 10 հազար դրամով բարձրացրեցին թոշակները։ 10 հազար դրամը, հատկապես գնաճի վերջին շրջանի կտրուկ ակտիվացման պայմաններում, իհարկե, մեծ բան չի փոխում թոշակառուի կյանքում, բայց դա չի խանգարում, որպեսզի թոշակների բարձրացումն իշխանությունները դրոշակ դարձրած թափահարեն ու նախընտրական այս շրջանում պարբերաբար հիշեցնեն, թե դրանով մեծ առաջընթաց են ապահովել թոշակառուների կյանքում, այլևս նրանք աղքատ չեն և կարող են թոշակով անգամ հանգստանալ լառնականերում։
Մի կողմ թողնենք զավեշտի հասնող այսպիսի հայտարարություններն և անդրադառնանք նրան, թե թոշակները տարիներ անց հազիվ 10 հազար դրամով բարձրացրած իշխանություններն այդ նույն ժամանակ ինչպես են փոխել իրենց կյանքը։ Այն դեպքում, երբ սովորական քաղաքացիները շատ հաճախ ստիպված են լինում յոլա գնալ մի քանի տասնյակ հազար դրամ թոշակով ու մի քանի տասնյակ հազար դրամ աշխատավարձով, իշխանական վերնախավն այդ նույն ժամանակ հասցրել է տասնյակ-միլիոնների եկամուտներ ստանալ պետական բյուջեի ու հարկատուների վճարած հարկերի հաշվին։
Մինչ կներկայացնենք իշխանական վերնախավի ստացած միլիոնները, նշենք, որ հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա մարտին պաշտոնապես Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 329 հազար դրամ, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարվա մարտին էր։ Նախորդ տարվա մարտին միջին աշխատավարձը 333 հազար դրամ էր։ Այս տարի 4 հազար դրամով պակաս է։ Եթե հանենք հարկերը՝ միջին աշխատավարձը մարտին կլինի 240 հազար դրամի կարգի։ Շատ չէ, բայց աշխատող քաղաքացիների մեծ մասը դրանից էլ ցածր աշխատավարձ է ստանում։
Աշխատողների գրեթե կեսի աշխատավարձը 200 հազար դրամի չի հասնում։ Խոսքը կեղտոտ աշխատավարձերի մասին է։ Մաքուրն անգամ 150 հազարից ցածր է։
Կա աշխատողների մի խումբ, որոնց աշխատավարձերն անհամեմատ բարձր են միջինից։ Բայց նրանք աշխատողների հազիվ 10-15 տոկոսն են։ Նրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք 2 միլիոնից բարձր աշխատավարձ են ստանում։ Նրանք աշխատողների ընդամենը 1-1.5 տոկոսն են կազմում։ Հենց այս խմբում է ներառված նաև իշխանական վերնախավը, որոնք միլիոններ են ստանում։ Այդ մարդկանց աշխատավարձերն ու աշխատավարձերի տեսքով ստացած այլ եկամուտները վերջին տարիներին անգամներով են ավելացել։ Եթե 3-4 տարի առաջ ամսական, ենթադրենք՝ 1 միլիոն էին ստանում, հիմա 2.5-3 միլիոն են ստանում։ Ու այս մարդիկ թոշակների 10 հազար դրամ բարձրացումը համարում են մեծ ձեռքբերում թոշակառուի համար, համարում են, որ թոշակառուներին շատ մեծ լավություն են արել, համարում են, որ նրանց կյանքում շրջադարձային փոփոխություններ են իրականացրել։ 10 հազար դրամ թոշակ են բարձրացրել, իսկ իրենց աշխատավարձերն ու դրան հավասարեցված եկամուտները միլիոններով են ավելացրել։
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, ով այդքան խոսում է սոցիալական արդարությունից, թոշակների բարձրացումից ու թոշակառուի կյանքը բարելավելուց, այս տարվա ապրիլին նախորդած վերջին 1 տարում ստացել է շուրջ 32 մլն դրամի աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ եկամուտ։
Այլ եկամուտը, բնականաբար, պարգևավճարներ են, կամ բոլորովին վերջերս շրջանառության մեջ դրված խրախուսական վճարները։ 32 մլն դրամը եթե վերածենք տարադրամի, կստացվի տարեկան առնվազն 85 հազար դոլար։ Հենց այդքան աշխատավարձ ու աշխատավարձին հավասարեցված եկամուտ է ստացել Նիկոլ Փաշինյանը վերջին 1 տարում։ Իսկ ինչքա՞ն եկամուտ են ստացել այդ ընթացքում 500 հազարից ավելի թոշառակուներն ու 400 հազարից ավելի աշխատող այն քաղաքացիները, որոնց աշխատավարձերը 200 հազար դրամից չեն անցնում։
Եթե հաշվի առնենք, որ մինչև վերջին բարձրացումը միջին թոշակը Հայաստանում 50 հազար դրամի չէր հասնում, կստացվի, որ թոշակառուները տարեկան ստացել են, միջին հաշվով, 600 հազար դրամ թոշակ։
Թոշակառուների նույնիսկ տարեկան թոշակն անգամներով ցածր է իշխանական վերնախավի ստացած 1 ամսվա միջին աշխատավարձից ու դրան հավասարեցված այլ եկամուտներից։ Օրինակ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով մինչև իշխանության գալն ապառիկով փոշեկուլ չէր կարողանում գնել, ապրիլին նախորդած վերջին 1 տարում միջին ամսական 2.5 մլն դրամ աշխատավարձ ու դրան հավասարեցված եկամուտ է ստացել։
Հիմա հաշվեք, թե Արարատ Միրզոյանի՝ աշխատավարձի տեսքով, ստացած 1 ամսվա եկամուտները քանի անգամ են գերազանցում թոշակառուի ամբողջ տարվա թոշակը։ Կստացվի, որ ժամանակին ապառիկով փոշեկուլ գնել չկարողացող Արարատ Միրզոյանի 1 ամսվա աշխատավարձն ավելի քան 4 անգամ գերազանցում է թոշակառուի ամբողջ տարվա թոշակը։
Պարզվում է նաև, որ նույն Արարատ Միրզոյանը 1 ամսում ավելի շատ եկամուտ է ստանում որպես աշխատավարձ, քան աշխատող քաղաքացիների կեսը ստանում է ամբողջ տարվա ընթացքում։ Զարմանալի չէ, որ հիմա արդեն ապառիկով փոշեկուլ գնել չկարողացող Արարատ Միրզոյանը կարող է իրեն թույլ տալ ոչ թե ապառիկով փոշեկուլ, այլ մի քանի հարյուր հազար դոլարանոց առանձնատուն գնել։
Այսքանից հետո, զարմանալի ոչինչ չկա նրանում, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարող է ասել, թե 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ինքը չունենա։ Մարդը վերջին մեկ տարում շուրջ 26 մլն դրամի աշխատավարձ ու աշխատավարձին հավասարեցված եկամուտ է ստացել։ Պետությունից այսքան աշխատավարձ ստացողը, բնական է, 200 հազար չէ, 400 հազար դոլարանոց բնակարան էլ կգնի։
Իշխանական վերնախավում, իհարկե, Սրբուհի Գալյանից ավելի բարձր վարձատրություն ստացողներ էլ կան։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ապրիլին նախորդած վերջին 1 տարում նույնիսկ ավելի շատ աշխատավարձ ու դրան հավասարեցված եկամուտ է ստացել, քան իր անմիջական ղեկավարը։ Ստացել է շուրջ 35 մլն դրամ, ինչը շատ քիչ է պակասում 100 հազար դոլարից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պետական համակարգում ամենաբարձր աշխատավարձ ու դրան հավասարեցված այլ եկամուտներ ստացած պաշտոնյաներից մեկն է։ Գրեթե նույնքան է ստացել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Մյուս նախարարներն Արայիկ Հարությունյանից ու Դավիթ Խուդաթյանից ավելի քիչ են ստացել, բայց քիչ ասածն էլ է հարաբերական։ Ասենք՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստացել է 27.7 միլիոն, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ 29.5 միլիոն, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ 29 միլիոն, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն՝ ավելի քան 28 մլն դրամ։
Մեկ այլ թեմա է վերջին շրջանում մոդայիկ դարձած, այսպես կոչված, կառավարության կառավարիչների կամ ներկայացուցիչների ստացած աշխատավարձերը, որոնք նույնիսկ վարչապետի ու նախարարների աշխատավարձերին ու դրանց հավասարեցված այլ եկամուտներին են գերազանցում։ Օրինակ՝ Ռոմանոս Պետրոսյանը, որը զբաղեցրել է Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնը, 8-9 ամսում ստացել է գրեթե 38 մլն դրամ կամ ավելի քան 100 հազար դոլար աշխատավարձ։
Մեկ այլ կարկառուն կառավարիչ՝ Գնել Սանոսյանը, որը «Լիդիան Արմենիայում» կառավարության ներկայացուցիչն է, նույնիսկ ավելի շատ է ստացել՝ 56 մլն դրամ կամ 150 հազար դոլարին համարժեք։
Սա դեռ իշխանական էլիտայի մի փոքր մասն է։ Պետության հաշվին պակաս միլիոններ չեն ստանում նաև մյուսները։ Այս մարդկանցից շատերը նախկինում երազում անգամ նման եկամուտներ չէին կարող տեսնել, իսկ հիմա միլիոնների հետ են խաղում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

