Եթե ՔՊ-ն ընտրվի՝ Հայաստան չի լինելու. Սյունիքը դառնալու է Հորմուզի նեղուց… չբողոքե՛ք, որ չէինք զգուշացրել. Արթուր Խաչիկյան

Եթե ՔՊ-ն վերընտրվի Ազգային ժողովի ընտրություններում՝ Հայաստան չի լինելու։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում նախազգուշացնում և կանխատեսում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ խոսելով տարածաշրջանային և քաղաքական գործընթացների մասին։

«Եթե նրանք ընտրվեն, այստեղ արդեն Կաթողիկոսի հարցը չէ, գնաճի հարցը չէ, Հայաստան չի լինելու, որովհետև Ադրբեջանը շատ հստակ ասում է. «Մեզ օր ասեք՝  երբ է 300.000 մարդ վերադառնալու Հայաստան։ Եվ եթե իր աղանդի անդամներն ուզում են, որ այդպիսի բան լինի, թող լինի իրենց ուզածը, ես չեմ կարող անընդհատ նույն բանն ասել, բայց հետո ոչ ոք չբողոքի, որ չէինք զգուշացրել, թե սրա հետևանքն ինչ է լինելու»,- իր խոսքում նշեց Արթուր Խաչիկյանը։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և այս համատեքստում՝ Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձին, նրա՝ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելուն՝ քաղաքագետը դա գնահատեց որպես անարգանք և Մեծ Եղեռնի հուշահամալիրի պղծում։

Արթուր Խաչիկյանը ցավով արձանագրում է, որ հայերը փաստացի դարձան աշխարհում առաջին ազգը, որն ունենալով պետություն՝ հանձնեց իր սեփական ժողովրդին՝ իր հայրենակիցներին Արցախում։

Կարդացեք նաև

Քաղաքագետը, հետևաբար՝ կոչ է անում Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չխոսել Ցեղասպանության և պատմության մասին.

«Այս անձը, ցավոք սրտի, գնաց և պղծեց մեր Ծիծեռնակաբերդի հուշարձանը։ Եթե այնտեղ դրված լիներ խաչքար, որի վրա գրված լիներ՝ Ստեփանակերտ, Հադրութ, Ասկերան և Մարտակերտ, նա երևի այդ խաչքարին մոտ չէր գա և ծաղիկ չէր դնի, որովհետև իր տերը Բաքվից իրեն կզանգեր և կարգելեր, պետք լիներ՝ մի հատ էլ ծնկի կգար նրա առջև։ Այս մարդն ինքն է ասել, որ Պրահայում հանձնեց Ղարաբաղը, որ ռուսներին դուրս հանի ռեգիոնից։ Նա ինքը դա ընդունել է։

Նա գնաց Պրահա և Մակրոնի, Միշելի, Արևմուտքի և Թուրքիայի ճնշման տակ հանձնեց Ղարաբաղը, որպեսզի դուրս հանի Ռուսաստանը ռեգիոնից, և այս մարդը համարձակություն է ունեցել խոսել Ցեղասպանությունից՝ մի մարդ, որը գրեց իր ձեռքով Հայոց ցեղասպանության հաջորդ էջը, հուսով եմ՝ վերջին էջը։ Մենք դարձանք առաջին ազգը պատմության մեջ, որի ղեկավարը հանձնեց իր սեփական ժողովրդին, հետո իր սեփական ժողովրդին հայտարարեց թշնամի, իր քարոզչական շնիկներին բաց թողեց թոկից, և նրանք սկսեցին հայտարարել, որ «ղարաբաղցիները թշնամի են, նրանք չեն կռվել…»։

Դուք պատկերացրեք, որ, օրինակ՝ հրեաները Վարշավայի գետտոյի հրեա մարտիկներին ասեին՝ «դուք չեք կռվել, դուք հրեա չեք, դուք մեզ պետք չեք, դուք թոկ եք մեր վզին»։ Այսպիսի բան որևէ ազգ, որևէ էթնիկ խմբի ներկայացուցիչ չի արել։ Մենք դարձանք առաջին ազգը պատմության մեջ, որ ունենալով պետություն՝ հանձնեց իր սեփական ժողովրդի մի մասը՝ իր հայրենակիցներին հանձնեց և հիմա էլ իրեն իրավունք է վերապահում խոսել այս մասին։ Նա ընդհանրապես չպիտի գնա Ծիծեռնակաբերդ»։

Քաղաքագետը նաև նշում է.

«Մենք դարձանք առաջին ազգը, որ այսպիսի մարդուն երկրորդ անգամ ընտրեցինք՝ մի մարդ, որը սադրեց պատերազմը, չկանգնեցրեց պատերազմը, պարտվեց պատերազմում, 5000 տղա հողի տակ դրեց և մնաց իշխանության, հիմա դասախոսություններ է մեզ կարդում մեր պետականության մասին։

Եթե 1918 թվականի Սարդարապատում ու Բաշ-Ապարանում ինքը լիներ և իր աղանդի անդամները, ապա նրանք տեղում ամեն ինչ կհանձնեին, և ես ու դուք հիմա Կրասնոդարում, Մոսկվայում, Գլենդելում կամ Փարիզի Օբերվիլ բնակավայրում կապրեինք և այնտեղից հուշեր կգրեինք Հայաստանի մասին կամ ջահերով երթ կանեինք։ Մենք պետականություն ունենք այն պատճառով, որ 1918 թվականին մեր նախնիները պայքարեցին և պաշտպանեցին մեր Հայրենիքը, ոչ թե ասեցին՝ սարդարապատցիները հայ չեն, էջմիածինցիները հայ չեն, ղարաբաղցիները հայ չեն»։

Արթուր Խաչիկյանը չի կարողանում լսել Նիկոլ Փաշինյանին, որ իր օրը «հարամ» չլինի, բայց հետևում է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի «ռեալիթի շոուին», նաև ընդգծում է՝ սուտ են այն պնդումները, որ Հայաստանը երբևէ տարածքային պահանջներ է ներկայացրել Թուրքիային։

Խոսելով պատմության դասերի մասին՝ քաղաքագիտության դոկտորը ներկայացրեց ուշագրավ պատմական տվյալներ, որ 1917-1923թթ. ընթացքում 18 խաղաղության պայմանագիր և զինադադարի մասին համաձայնություն է կնքվել Հայաստանի Հանրապետության, Օսմանյան Կայսրության, Թուրքիայի, Ռուսաստանի և արևմտյան տերությունների միջև, որից 13-ը խախտվել է, Հայաստանի Հանրապետությունը 5 անգամ գնացել է զիջումների կամ կապիտուլյացիայի, և 4 անգամ մեզ լքել են մեր դաշնակիցները։ Հիմնական դասն այս ամենից մեկն է՝ թուղթ ստորագրելով խաղաղության չեն հասնում։

«Ուրեմն, 2500 տարի պատմություն ունեցող միջազգային հարաբերությունների տեսությունը՝ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր հեղինակներով, տասնյակ-հազարավոր գրքերով, հոդվածներով, երևի պետք է դնել մի կողմ, և անգամ համալսարանի առաջին կուրսը չավարտված մարդը պետք է մեզ բացատրի, թե խաղաղությունը ոնց է լինում։ Երևի Իրանը, Միացյալ Նահանգները, Իսրայելը, Լիբանանը, հութիները չեն հասկանում, որ խաղաղությունն ինքն իրեն ապահովվում է՝ ինչո՞ւ են կռվում… Ավելի լավ է՝ մենք այս խելագարությունները չմեկնաբանենք, որովհետև մարդ սկսում է ինքը խելագարվել՝ ամեն օր այս հիվանդ մարդու ասածները վերլուծելով։

Ինչ վերաբերում է մեր պատմական հիշողությանը՝ սա նախ մեր նահատակների հիշատակի հարցն է, այս մասին գրվել են բազմաթիվ գրքեր, բազմաթիվ վկայություններ։ Այն հիմարությունները, որ ռուսներն են մեզ հիշեցրել սրա մասին, սրանք հիվանդ մարդու զառանցանքներ են։ Այս մասին գրել են անգլիացիները՝ Ջեյմս Բրայսը, Առնոլդ Թոյնբին, անգամ գերմանացիները՝ Առնոլդ Վագները, Յոհաննես Լեփսիուսը, այդ մասին խոսել են ֆրանսիացիները՝ Անատոլ Ֆրանսը, Ռոմեն Ռոլանը, այս մասին խոսել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, Նորվեգիայում՝ Ֆրիտյոֆ Նանսենը։ Էս մարդուն խնդրե՛ք՝ չխոսի։ Ես խնդրում եմ։ Սա գժվելու բան է։ Կան հազարավոր գրքեր սրա մասին գրված, այս հարցով լուրջ մարդիկ են զբաղվել։ Սրան խնդրե՛ք՝ «քյալլայից» խոսի, էլի։ Նա ցեղասպանության հետ գործ չունի»։

Հիշելով Անտանտի դաշնակիցների, բոլշևիկյան Ռուսաստանի մեղքերի, «մեծ քեռիների» դավաճանության, մեր սխալների ու «թղթե շերեփի» մասին՝ Արթուր Խաչիկյանը հավելում է՝ չորսն էլ «քցեցին» մեզ՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը։

«Մենք ուզում ենք երեխայի պես որոշել՝ ով է լավ «քեռին», ով է վատ «քեռին»։ Ձեր ասածով՝ չորսն էլ մեզ քցեցին. Ամերիկան չընդունեց մեր մանդատը, Ֆրանսիան հանձնեց Կիլիկիան, Անգլիան ստիպեց, որ ղարաբաղցիները ենթարկվեն Ադրբեջանին, Ռուսաստանն էլ բոլշևիկյան կառավարության օրոք օգնեց քեմալական Թուրքիային և երկու կողմից բաժանեց այն ժամանակվա Հայաստանը»,- մեկնաբանեց Խաչիկյանը։

Քաղաքագետը կարծում է, որ Իրանը փաստացի հաղթող է դուրս գալիս Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ պատերազմում, բայց կանխատեսում է, որ հայ-իրանական սահմանի և ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված՝ երկու կողմից աճելու է ճնշումը Հայաստանի վրա, և «մեր Սյունիքը դառնալու է Հորմուզի նեղուց»։

Ինչ վերաբերում է Իրանի դեմ տարածաշրջանային պատերազմի հավանական ելքերին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետագա քայլերին՝ Արթուր Խաչիկյանը համոզված է, որ «Թրամփի ապագան արդեն պարզ է՝ նա երկար չի մնա Սպիտակ տանը»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930