Եթե ՔՊ-ն վերընտրվի Ազգային ժողովի ընտրություններում՝ Հայաստան չի լինելու։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում նախազգուշացնում և կանխատեսում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ խոսելով տարածաշրջանային և քաղաքական գործընթացների մասին։
«Ցավոք, պատմության դասերը յուրացված չեն։ Պատմությունն իր աքսիոմատիկ օրինաչափություններով մեզ թելադրում է, որ պետք է փոփոխվի առկա ուղեգիծը։ Եթե Հայկական հարցը լուծման նախաձեռնություններ է ունեցել որևէ պետության կողմից, դա եղել է Ռուսաստանը, բայց դրանք վիժեցվել են արևմտյան տերությունների ջանքերով։ Միաժամանակ, դա պայմանավորված է ոչ թե ռուսական պետության մարդասիրությամբ, այլ մեր տարածաշրջանում արդեն մոտ 200 տարի ընթացող Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ։ Արևմուտքի գործելակերպը թելադրված է այստեղից Ռուսաստանին հանելու մտադրությամբ, դա նրանց գլխավոր նպատակն է, որի համար նրանք կզոհաբերեն ամեն ինչ, այդ թվում՝ հայերին»: