Հայաստանն իր էներգետիկ անվտանգությունը թողնում է Ադրբեջանի ու Թուրքիայի բարեհաճության հույսի՞ն․ Արմեն Մանվելյան
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ամիսներ առաջ հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, այսօր արդեն խոսում են այս «համերաշխ» հեռանկարի շուրջ բերել-միավորել մեկ այլ թշնամական պետության՝ Թուրքիային։ Ավելին՝ նշում են, թե պատրաստ են օր առաջ այդ աշխատանքները մեկնարկել։
Այն համատեքստում, երբ Թուրքիան ռազմավարություն է որդեգրել՝ առաջիկա տարիներին զարկ տալ էլեկտրաէներգիայի արտահանմանը՝ ներառյալ հարավկովկասյան շուկաներ, դառնալ տարածաշրջանի էներգետիկա հեգեմոն, ի՞նչ անվտանգային ռիսկեր են սպասվում Հայաստանին այս համագործակցության հեռանկարի դեպքում հատկապես։
168․am-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշեց․
«Սկզբունքորեն, Հայաստանը կարիք չունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր էներգետիկ համակարգերը սինքրոնացնելու։ Մենք նույն աշխատանքն արել ենք Իրանի հետ, Վրաստանի հետ և լրացուցիչ նմանատիպ սինքրոնացման կարիք չկա, առավել ևս, երբ գաղտնիք չէ՝ այս երկրները թշնամաբար են Հայաստանի նկատմամբ տրամադրված։ Այլ բան է, որ կարող է անձամբ Փաշինյանի և նրա ռեժիմի նկատմամբ բարեկամաբար լինեն, բայց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ թշնամի երկրներ են»
Իրականում, խնդիրը հետևյալն է`թե՛ Արևմուտքը, թե՛ Եվրամիությունը, թե՛ Ադրբեջանը և Թուրքիան պահանջում են Ատոմակայանի փակումը, և հիմա, քանի որ ատոմակայանի փակումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի՝ լրջագույն հետևանքներով, կողմերը եկել են համաձայնության, որ դրա դիմաց Ադրբեջանը և Թուրքիան կսկսեն Հայաստանին տալ էլեկտրաէներգիա։
Այսինքն՝ Հայաստանը կդառնա էլեկտրաէներգիա ներմուծող պետություն՝ կախվածության մեջ հայտնվելով Թուրքիայից ու Ադրբեջանից, և նրանց բարեհաճության վրա կհիմնվի մեր ամբողջ էներգետիկ անվտանգությունը՝ կունենանք էլեկտրաէներգիա, չենք ունենա»։
Արմեն Մանվելյանը նկատեց՝ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, և ինքը կարող է արտահանել։
«Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք ՀՀ-ի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միացման հարցը»,- լրագրողների հետ զրույցում օրերս հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Դիտարկմանը՝ անվտանգային խնդիրների առաջացման ռիսկ չի՞ տեսնում, Դավիթ Խուդաթյանն արձագանքեց. «ՀՀ էներգետիկ համակարգը միացված է Իրանի, Վրաստանի էներգետիկ համակարգերին, այս երկրներից էլեկտրաէներգիա ենք ներմուծում և արտահանում, նույնը պատրաստվում ենք անել նաև Թուրքիայի հետ»։



