Ռուսաստանը նոր անօդաչու թռչող սարքեր է ներկայացրել
«Ռոստեխ» պետական կորպորացիան Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ Մոսկվայում ներկայացրել է տարբեր նշանակության ութ տեսակի նորագույն անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվում են հատուկ ռազմական գործողության գոտում: Այս մասին հայտնում է պետական կորպորացիայի մամուլի ծառայության Telegram-ալիքը:
Բացի անօդաչուներից, կորպորացիայում ներկայացվել են հանդերձանքի և մոտոտեխնիկայի նմուշներ, ինչպես նաև զինամթերք, հակառակորդի դրոնների դեմ պայքարի միջոցներ և այլն։ Ընդհանուր առմամբ ավելի քան 140 արտադրատեսակ:
Անօդաչու թռչող սարքերի շարքում ցուցադրվել են տարբեր կառուցվածքի ապարատներ՝ ինքնաթիռային տիպի, ուղղահայաց թռիչքի հնարավորությամբ, կվադրոկոպտերներ, մուլտիկոպտերներ՝ ինչպես էլեկտրական շարժիչներով, այնպես էլ ներքին այրման շարժիչներով:
«Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը պատմել է, որ ցուցահանդեսում ներկայացվել են նաև «Կալաշնիկով» կոնցեռնի, «Ռոսէլ» հոլդինգի և այլ ձեռնարկությունների մշակումները:
Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ այսօր անօդաչու թռչող սարքերի զարգացումը «Ռոստեխի» աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկն է:



