Լրագրողները պարզել են Ուկրաինայի հետ պատերազմում զոհված 186 հազար 102 ռուսաստանցի զինծառայողների անունները

BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա»-ն և կամավորների թիմը պարզել է Ուկրաինայի հետ պատերազմի չորս տարիներին զոհված 186 հազար 102 ռուսաստանցի զինծառայողների անունները:

Վերջին ամսում զոհվածների հաստատված անունների թիվն աճել է գրեթե 120 հազարով, ինչը ռեկորդային աճ է հաշվարկների ամբողջ ընթացքում, հաղորդում են հետաքննող լրագրողները: Ընդ որում, ընդգծում են հետաքննության հեղինակները, զոհվածների թվի աճը կապված չէ ռազմաճակատում ընթացիկ իրավիճակի հետ:

Առանձին նշվում է, որ զոհվածների մեջ շարունակում է աճել կամավորականների բաժինը. այժմ նրանց թիվը հաստատված բոլոր կորուստների մեկ երրորդն է կազմում: Կամավորականների կեսից ավելին զոհվել են վերջին մեկուկես տարում:

Հաշվարկման մեթոդաբանության հիմքում ընկած է բաց հաղորդումների վերլուծությունը, իրական թիվը կարող է շատ ավելին լինել:

Պատերազմի ընթացքում Ռուսաստանի կորուստների ընդհանուր թիվը, ըստ Bloomberg գործակալության, գերազանցել է 1.2 միլիոնը: 2025 թվականի դեկտեմբերին ռուսական բանակը կորցրել է օրական միջինը 1130 մարդ՝ սպանված կամ վիրավոր, ամսվա ընթացքում կորուստները հասել են 35 հազարի: Հունվարին Ռուսաստանի կորուստների մակարդակը գերազանցել է կամավորականներով համալրման տեմպերը:

Տեսանյութեր

Լրահոս