Իլոն Մասկը մի քիչ խախտել է բոլոր կարծրատիպերը… ինչո՞ւ են աշխարհի վերջը միշտ կապում աստերոիդների հետ
168TV-ի զրուցակիցը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն է։
– 2025 թվականը մոտենում է ավարտին․ ինչպիսի՞ն էր Բյուրականի աստղադիտարանի համար։
– Ամենաակտիվ տարիներից մեկն էր։ Գիտական աշխատանքներից բացի, Աստղադիտարանը շատ մեծ գործունեություն է ծավալում․ կազմակերպվում են գիտաժողովներ, գնում ենք գործուղումների։ Տարվա իրադարձություններից հատկապես կնշեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացված միջազգային կոնֆերանսը, որտեղ քննարկվում էր Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգության հարցը։ Կայացավ «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ-3» (ASBD-3) միջազգային գիտաժողովը։ Հիմա համակարգչային գիտության շրջան է, և, իհարկե, ամենաշատ տվյալները գալիս են Տիեզերքից։ Այսօր աստղագիտությունը դարձել է մի գիտություն, որը բոլոր գիտությունների համար տվյալներ է մատակարարում տիեզերքից։ Զարգացնում է քիմիան, ֆիզիկան, կենսաբանությունը, երկրաբանությունը։
Հայաստան էին եկել վիրտուալ աստղադիտարանների, աստղաինֆորմատիկայի ներկայացուցիչներ։ Ունենք ավանդական հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումների շարք, այս տարի 17-րդն էր, Վիկտոր Համբարձումյանը և Եվգենի Խարաձեն են հիմնադրել 1974թ․։ Մեկ տարի անցկացնում ենք Բյուրականում, մեկ տարի՝ Աբասթումանի աստղադիտարանում։ Ունեցանք նաև տարածաշրջանային աստղագիտական ամառային դպրոց երիտասարդ աստղագետների համար։ Դասախոսներ էին եկել՝ սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Չինաստանով։ Այս տարի Իրանի և Չինաստանի հետ կնքեցինք համագործակցության համաձայնագիր։

– Չինաստանն ակտիվորեն զբաղվում է աստղագիտությամբ, պլանավորում են 2030թ․ բույսերի պլանտացիա ստեղծել Լուսնի վրա, հասցրել էին նաև ջուր գտնել այնտեղ։ Համատեղ ուսումնասիրության առումով կա՞ համագործակցություն։
– Տիեզերական ոլորտում, իհարկե, Հայաստանը դեռ տիեզերական պետություն չի կարող համարվել, թեև փոքր փորձեր ենք անում, բայց դա շատ քիչ է, պետական մոտեցում է պետք, որպեսզի ստեղծվի մեծ կառույց ու այդ ամբողջը համակարգի։ Այն աշխատանքը, ինչ արվում է Երկրում՝ Տիեզերքում իրականացնելու համար տարբեր է։ 2,6 մետրանոց դիտակը, որ ունենք Աստղադիտարանում, և «Հաբլի» 2,4 մետրանոց դիտակը գրեթե հավասար են, սակայն գների մեջ 50 անգամ տարբերություն կար։ Բայց ասեմ, տիեզերական ուսումնասիրություններն ապագայինն են։
Որոշ, այդ թվում՝ Եվրոպայի զարգացած երկրներ, միավորվում են, որպեսզի կարողանան միասին ուսումնասիրել։ Ստեղծվել է Եվրոպական տիեզերական գործակալություն, որը թույլ է տալիս հավասար հիմունքներով մրցակցել ԱՄՆ-ի հետ։ Ներառված է 22 պետություն, և համատեղ գումար ներդնելով՝ կարողանում են տիեզերական մեծ ծրագրեր իրականացնել։ Հայտնի է, որ աստղագիտական լավագույն ծրագրերն ԱՄՆ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության կողմից են արվում։ Չինաստանը դեռ հետևում է, չնայած այդ երկրի զարգացման տեմպերն են ֆանտաստիկ, և շատ շուտով կընդգրկվի այդ շարքում։
– Լուսին կհասնեն չինացինե՞րը, թե՞ ամերիկացիները։
– Այդ հայտարարությունները կամ հավակնությունները որ լինում են՝ Լուսնի, Մարսի, մի քիչ չափազանցված են։ Եթե նայենք նախորդ տարիների հայտարարություններին, դրանց կատարումը միշտ ուշանում է։ Միշտ մի բան ասում են, որն այդ տարի հիմնականում տեղի չի ունենում։ 2019թ․ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Կանարյան կղզիներում հավաքվել էին լուսնագնաց աստղագնացներ, որոնք եղել էին Լուսնի վրա։ Պանելային քննարկում էր, հարցրեցին՝ ե՞րբ կլինի Մարսի նախագիծը, նրանք պատասխանեցին՝ ոչ շուտ, քան 2049 թվականին։
Լուրջ, խոշոր նախագծերի համար գոնե 30 տարի պետք է։ «Հաբլի» նախագիծը սկսվել է 1970-ականների կեսերից։ Բացառություն կա՝ Իլոն Մասկը մի քիչ խախտել է բոլոր կարծրատիպերը։ Որոշ ծրագրեր իրականացրեց, որ իսկապես ֆանտաստիկայի ժանրից են։ Նախկինում նման ժամկետներում չէին աշխատում։ Գուցե ֆինանսնե՞րն են ամեն ինչ թելադրում։
– Մասկը նախատեսում է 2026թ․ ռոբոտներին ուղարկել Մարս, որից հետո՝ մարդկանց։
– Կան նախագծեր, որ ֆանտաստիկայի ժանրից են։ Մի ֆրանսիացի կոլեգա ունեի, Անտուան Լաբերի, որ իր ամբողջ կյանքում տիեզերական նախագծեր էր մշակում, որոնցից ոչ մեկը չիրականացավ։ Հիմա կոնկրետ հաստատված ծրագիր չկա։ Աստղագիտության մեջ կա պլան, որ բոլոր պետությունները քննարկում են, օրինակ, Եվրոպական տիեզերական գործակալությունը, և արդեն հստակ ծրագրեր կան՝ տարբեր տեսակի տիեզերական աստղադիտակներ արձակելու հետ կապված։ Մոտավորապես մինչև 2040թ․ պլանավորած տարբեր բաներ կան։

– Որոշ աստղագետներ կարծում են, որ պետք է ստեղծել քարանձավագետ ռոբոտներ, ուղարկել Մարս, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն՝ նշելով, որ հենց նրանք կարող են բացահայտել հնարավոր կյանքի առկայությունը։ Հնարավո՞ր է։
– Իհարկ, ռոբոտները շատ մեծ դեր կխաղան ապագայում։ Իսկ այն, որ մեր բոլոր հարևան մոլորակները և Լուսինը մեծ հարստություն են պարունակում, միանշանակ է։ Կա այսպիսի գնահատական, որ Երկրի վրա մինչև 2050-60թթ․ բոլոր հանքերը սպառվելու են, այլևս բնական հանածոներ չենք ունենալու։ Այստեղ այլընտրանքային մի քանի լուծում կա․ գուցե այլ աղբյուրներով դրանք կփոխարինեն ու բնական հանածո չենք հայթայթի, բայց այլընտրանքը կարող է լինել այլ մոլորակներից այստեղ բերելը։ Դա ահռելի ծախսերի հետ է կապված, որովհետև նույնիսկ մեկ կիլոգրամ ավելի տանելը կամ բերելը հազարավոր դոլարների հետ է կապված։
– Կաղոթեն, որ աստերոիդ գա, ընկնի, որովհետև ասում են՝ ոսկի են պարունակում։
– Այո։ Վերջերս կարդացի, հերթական հաշվարկն էր արվել․ նույնիսկ մեկ աստղակերպի վրա հնարավոր է ավելի շատ ծանր, թանկարժեք մետաղներ հայտնաբերենք։ Փաստ է, որ աստերոիդների բաղադրությունը տարօրինակ է։ Հասցրել են ընկած աստերոիդների ուսումնասիրություն կատարել։ Բացի փոքրերից, եղել են նաև խոշորները, որոնցից մեկն, օրինակ, ըստ վարկածների՝ պայմանավորել է դինոզավրերի վերացումը։ Մեքսիկական ծոցում մի աստերոիդի հետք կա, և ենթադրվում է, որ դա 65 միլիոն տարի առաջ հարվածել է Երկրին ու վերացրել է դինոզավրերին։
Ընդհանրապես ուսումնասիրված են նույնիսկ մինչև 1 միլիարդ տարի առաջ ընկած աստերոիդները։ Ամենախոշոր խառնարանը Հարավային Աֆրիկայում է։ Ի դեպ, չշփոթել հրաբխային խառնարանների հետ։ Երկու խառնարան կա՝ երկնաքարային և հրաբխային։ Նույնը Լուսնի վրա է, խառնարանները՝ հարվածների հետքերը, ցայտուն կերպով երևում են։ Երկրի վրա, ընդհանուր առմամբ, 180 այդպիսի խառնարան կա, որ հայտնաբերել են երկրաբանները։

– Ինչո՞ւ են աշխարհի վերջը միշտ կապում աստերոիդների հետ։ Հիմա էլ նշում են, որ 2029թ․ Երկրին մոտենալու է Ապոֆիս աստերոիդը։
– Երկրի վրա ինչքան էլ ատոմային ռումբ օգտագործեն՝ մի աստերոիդը կարող է ավելի ուժեղ վնաս հասցնել։ Երկնաքարի հարվածից լինում է նաև մթնոլորտի աղտոտվածություն, քիմիական բաղադրության փոփոխություն, անոմալիա։ Ուղղակի հավանականությունը բավական փոքր է, որ երկնաքարը հարվածի։ Այսօր համարվում է, որ 100 մետր և ավելի մեծ տիեզերական մարմինների հսկողության տակ են։ Անընդհատ պետք է հետևել, դիտումներ անել, որովհետև փոքր մարմինները մի այսպիսի սովորություն ունեն՝ անընդհատ շեղում են իրենց հետագծերը, իսկ խոշոր մարմինները բավական կանոնավոր ձևով են։
Օրինակ, Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ, հազարավոր տարիների մեջ չենք զգալու, որ փոփոխություն կա կամ չկա։ Նույնը մյուս խոշոր մոլորակների դեպքում է։ Այն աստերոիդը, որը կգա դեպի Երկիր, տվյալ դեպքում՝ Ապոֆիսը, դեռ այս պահի հաշվարկներով՝ չի հարվածելու, կողքով է անցնելու։ Հարվածելու հավանականությունը 4 տոկոս է գնահատվում։ Իսկ մանրերն ամեն օր են բախվում։ Ասուպները՝ փոքր երկնաքարերը, ընկնում են Երկրի մթնոլորտ, այրվում և ուժեղ հետքեր են թողնում։ Իսկ երբ խորշեր են լինում, դրանք ասուպային հոսքեր են կոչվում, ժողովրդական լեզվով՝ աստղաթափ, աստղային անձրև։ Երկնաքարը ֆիզիկական մարմինն է, ասուպը՝ հետքը։
Հին ժամանակ կարծում էին, որ աստղ է ընկնում։ Չելյաբինսկի երկնաքարի մասով հետին թվով հաշվարկներ էին արել, թե ինչքան կարող է չափը եղած լինել, ու տարբեր գնահատականներ էին տալիս․ 14 կամ 20 մետր։ Սա չի կարող լուրջ վնաս հասցնել, բայց, ամեն դեպքում, խուճապ էր, չնայած միայն կտորներն էին։ Ձայնային հարվածից բազում պատուհաններ էին փշրվել։ Նույնիսկ 100 մետրանոց աստերոիդը կարող է լոկալ, բայց ոչ մասշտաբային աղետ առաջացնել։ Սակայն չի կարող 100 մետրից մեծ մարմին պատահական գալ ու ընկնել, և չիմանանք այդ մասին։ Չելյաբինսկի դեպքում չէին հայտնաբերել, որովհետև փոքր էր ու թեք էր եկել։
– Այդ ընթացքում ուղղությունը կարո՞ղ են շեղել։
– Այո։ Երեք տարբերակ կա․ կա՛մ պետք է փշրենք, կա՛մ մանր կտորների վերածենք, որոնք այդքան վտանգավոր չեն լինի Երկրի համար, կա՛մ շեղել՝ հարվածելու միջոցով և երևի միջուկային զենքով։ Հարվածի հետևանքները կախված են երեք գործոնից՝ չափերից կամ զանգվածից, արագությունից և անկման անկյունից։ Ուղիղ, ճակատային անկումն ամենամեծ վնասներն է հասցնում։ Տիեզերական արագությունները սկսվում են 1 կմ/վրկ արագությունից։ Երկնաքարերը կարող են ունենալ մի քանի կմ/վրկ արագություն։ Երկիր մոլորակն իր ուղեծրում Արեգակի շուրջ շարժվում է մոտ 30 կմ/վայրկյանում, ավելի ճիշտ՝ 29,8 կմ/վրկ։ Մի ժամանակ, երբ մեր երկրի տարածքը 29,8կմ էինք ասում, հիմա չգիտեմ, մի քիչ ուրիշ թիվ են ասում, այն ճիշտ համապատասխանում էր Երկիր մոլորակի արագությանը։ Միշտ զարմանում էի։

– Աստղագետների ուշադրության կենտրոնում նաև Վեներան է։ 2027-2028թթ․ սկսելու են ուսումնասիրել։ Վտանգ սպառնալու դեպքում մարդիկ փորձում են փախչել կամ Մարս, կամ Վեներա, կհասցնե՞ն։
– Վեներան կյանքի համար քիչ նպաստավոր է, այնտեղ մթնոլորտը այլ, մեզ համար թունավոր բաղադրություն ունի։ Կա շատ բարձր մթնոլորտային ճնշում, մոտ 90 անգամ ավելի մեծ է, ավելին՝ ջերմաստիճանն էլ է բարձր։ Չնայած Վեներան ավելի հարազատ մոլորակ է, շատ նման է երկրագնդին իր չափերով, խտությամբ և այլն։ Մարսն իր փոքր զանգվածի պատճառով չի կարող մթնոլորտ պահել, նոսր է։ Եթե Մարսի վրա մարդիկ բնակվեն՝ տաղավարներ պետք է սարքեն, թթվածին լցնեն մեջը կամ թթվածնային բալոններով պետք է անընդհատ քայլեն։ Ֆանտաստիկ ֆիլմերն ու գրականությունը լավ ուղղորդում են։ Շատ գրողներ կարծես կանխագուշակներ լինեն։ Օրինակ, Ժյուլ Վեռնի գրածների զգալի մասը մարդկությունը հերթով սկսել է իրագործել։ Կարծես ուղղորդել են՝ սկսած սուզանավից, մինչև թռիչք դեպի Լուսին։
– Մեր աստղագետները կարո՞ղ են նման խոշոր ուսումնասիրություն կատարող ընկերություններում ընդգրկվել։
– Կարող են առանձին աստղագետներ, եթե դիմեն աշխատանքի համար, իսկ Մեր երկիրը կամ Աստղադիտարանը կարող է մասնակցել, եթե ներդրում ունենա։ Անդամավճար են վճարում բոլոր երկրները։ Եվրոպական հարավային աստղադիտարանը 14 խոշորագույն, մեծ բյուջե ունեցող երկրների է միավորել։ 8 մետրանոց 4 դիտակ ունեն, հիմա կառուցում են 39 մետրանոց աստղադիտակ՝ Չիլիում, որտեղ բարենպաստ աստղակլիմայական պայմաններ են։ Հայաստանը որպեսզի միանար՝ մեզանից ուզեցին տարեկան 700.000 եվրո։ Քննարկումներ եղան, բայց հեշտ չէ այդքան վճարել, չստացվեց համոզել, որ արժե։ Բայց միանալու դեպքում Հայաստանը կշահեր․ բոլոր խոշոր աստղադիտակները, որ Չիլիում կան, մեզ ևս հասանելի կդառնային։ Մենք էլ երևի միջազգային աստղագիտական հանրության կարևոր մաս կդառնայինք։ ԽՍՀՄ տարիներին կարողանում էինք մրցակցել, որովհետև այն ժամանակ շատ պետություններ չունեին լուրջ աստղագիտություն։
– Դիտակների առումով հետ չե՞նք մնում։
– Աստիճանաբար հետ ենք մնում։ 2,6 մետրանոց խոշոր դիտակը տեղադրվել է 1975թ․, և այդ ժամանակ աշխարհի 7-րդ խոշոր դիտակն էր, իսկ հիմա այդ դիտակը 48-րդն է։ Դիտակի չափը հայելու տրամագիծն է։ Երբ նայում էի՝ դիտակների մեծ մասն ԱՄՆ-ում է, Հավայան կղզիներում, իսկ Ասիա, Եվրոպա, Աֆրիկա, Ավստրալիա մեր դիտակն առայժմ 10-յակի մեջ է։ Սակայն մյուս հարցը կա՝ դիտակի վրա լավ սարքեր են պետք։ Ժամանակակից թվային սարքեր պետք է կարողանանք հայթայթել, բայց դրանց արժեքը բարձր է։
Ինչ-որ տեղ ասում են՝ աստղագիտությունը հարուստ երկրների մենաշնորհն է, բայց չեմ ուզում այդ մտքին ենթակա դառնալ, որովհետև փոքր լինելով հանդերձ, տարբեր ուղղություններ ունենք, տարածաշրջանի աստղագիտական կենտրոն ենք, կարևոր դեր դեռ կարողանում ենք կատարել, այն դեպքում, որ, ի տարբերություն այլ երկրների՝ գիտության ֆինանսավորումը 10-յակ անգամ պակաս է։ Հիմա արտասահմանյան երկրները մեծ գումարներ են ներդնում, հրավիրում են այլ երկրների լավ մասնագետների։ Չինաստանում հանդիպել եմ բազմաթիվ եվրոպացի աստղագետների։ Ինձ 4 համալսարանից միանգամից հրավեր եկավ։
Այնքան ակտիվ են, այնքան բաց են։ Ամեն ինչ արագ է զարգանում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած գիտությունով։ Աշխարհում բոլոր պետությունները հասկանում են, որ գիտության շնորհիվ կարող են զարգանալ։

– Մեր նախորդ զրույցներից մեկում ասացիք՝ լավ կլիներ՝ դիտակ լիներ նաև Արագած լեռան վրա, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն, քննարկումներ կա՞ն։
– Քննարկումներ կան, բայց էլի ֆինանսին ենք բախվում։ Եթե լինի բավականաչափ ֆինանս՝ կարող ենք փոքր աստղադիտակ տեղադրել Արագածի գագաթին։ Այնտեղ բոլոր առումներով լավ է, միայն մի քիչ քամիների առկայությունն է շատ։ Բայց, ամեն դեպքում, դիտումները 10-յակ անգամ ավելի արդյունավետ կլինեն։ Բյուրականի աստղադիտարանը ծովի մակարդակից ընդամենը 1405 մետր է բարձր։ Երևանում Ջրվեժում կետեր կան, որ ավելի բարձր են։
– Դիտումներին խանգարո՞ւմ են գյուղի լույսերը։
– Այո։ Երևանն ավելի հեռու է, սակայն ընդհանուր ֆոն է ստեղծում, հետո՝ Աշտարակը, ապա՝ մոտակա բոլոր գյուղերը։ Առանձին մեկ վառված լույսն էլ մեծ ազդեցություն ունի դիտումների որակի վրա։ ԽՍՀՄ ժամանակ կառավարության կողմից որոշում կար, որ Բյուրական գյուղում լուսավորություն չլինի։ Նույնիսկ, եթե տներում լույս էին վառում, պետք է վարագույրով փակեին։ Պատշգամբներում լույս վառել չէր կարելի, էլ չեմ ասում այն, որ շրջակայքում տներ կառուցել չէր կարելի։ 90-ականներից ամեն ինչ խախտվեց, ու անվերադարձ պրոցես է։
Մի զվարճալի դեպք պատմեմ. 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում վախենալով թշնամու ավիացիայի հարվածներից՝ գիշերը բոլորը պետք է պատուհանները փակեին, որ լույս չերևար։ Լոս Անջելեսում այդպես լուսամեկուսացնում էին, և աստղագետներից մեկը հայտնագործություն է կատարել, գտել էր ցեֆեիդների տարբերությունը, որը թույլ տվեց տիեզերական նոր սանդղակը ճշտել։ Մենք առաջ «Հաբլի» ստեղծած տիեզերական հեռավորությունների սանդղակը սխալ գիտեինք, և դրանից հետո նոր կարողացանք տիեզերքի ռեալ մասշտաբները հայտնաբերել։ Շուրջ 15 տարի սխալ պատկերացում ունեինք տիեզերքի չափերի մասին։
– Մեր զրույցը սկսեցինք Բյուրականի աստղադիտարանում այս տարի արված աշխատանքներից, և դրանցից մեկը գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի կողմից 1915թ.-ից չլուծված խնդրի լուծումն էր։ Կարո՞ղ եք մանրամասնել։
– 1915թ․ չլուծված խնդիր ասելով՝ նկատի ունի Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությունը։ Էյնշտեյնն ասում էր, որ լույսի արագությունն է ամենամեծ արագությունը, իսկ ընդհանուր տեսությունը մի քիչ նոր պատկերացումներ տվեց Տիեզերքի, ընդհանրապես տարածության մասին։ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության մեջ զանգվածներ չկան։ Ինքն ընդունել է, որ ամբողջ տարածությունը կորագիծ է, որից կախված՝ արդեն համապատասխան էֆեկտներն են։ Կորագիծ տարածությունում արագությունների շեղումներ են դիտվում, և որոշ հաշվարկներ բերում են նրան, որ արագությունները լույսի արագությունից մեծ են ստացվում։

Արագությունները ստացվում էին լույսի արագությունից մեծ, հենց սա էր խնդիրը, որ երկար տարիներ լուծում չուներ։ Տեր-Ղազարյանը մշակել է տարածության իր պատկերացումը, որտեղ կինետիկ արագությունը երբեք լույսի արագությանը չի գերազանցում։
Աստղադիտարանը շարունակում է այսօր էլ բազմաթիվ հայտնագործություններ ունենալ, մենք հայտնաբերում ենք անկայուն աստղեր և ակտիվ գալակտիկաներ։ Ամեն տարի Բյուրականի աստղադիտարանում որևէ հայտնագործություն կա։
