Կառավարությունը Սևանից ի՞նչ է ուզում… պետք է փրկել Սևանը, առանց նրա՝ Հայաստանը գոյություն չի ունենա․ Բարդուղ Գաբրիելյան

Սևանա լճի պահպանության և առկա խնդիրների մասին զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանի հետ։

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն անկախ մարմին է, պարբերաբար ուսումնասիրում է Սևանա լիճը, տալիս եզրակացություն։ Այս պահին ինչպիսի՞ էկոլոգիական վիճակ է Սևանա լճում։

– Սևանա լճի մակարդակի իջեցումը, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ կազմում է մոտավորապես 11 սմ տարբերություն, բավականին բացասական երևույթ է և կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ հետագայում։ Դա ավելի շուտ կերևա ամռանը՝ ծաղկման կամ այլ ձևերով։ Այդ պատճառով Սևանի մաքրման աշխատանքները, որ ընթանում են վերջին տարիներին՝ պետք է ավելի ինտենսիվ տեղի ունենան, որ ավելի քիչ օրգանական նյութ ունենանք Սևանա լճում։

Կարդացեք նաև

Կարևորում եք մաքրման կայանների առկայությունը Սևանի ավազանում, կա՞ն։

– Ոչ միայն մաքրման կայանները, այլև հսկողությունը և ափամերձ գոտու մաքրման աշխատանքները պետք է պատշաճ ձևով կատարվեն։ Մարդկանց գիտակցությունը պետք է բարձր լինի։ Տեղի բնակիչներն անընդհատ ասում են՝ սա մեր տունն է, բայց երբ իրենց տնից դուրս են գալիս՝ մոռանում են և աղբ են թափում, մեքենա լվանում գետերի մեջ, և աղտոտված ջրերը ներհոսում են Սևանա լիճ։

Պաշտոնական տվյալներով՝ հոկտեմբերի 1-15-ը Սևանից ջրառ չի իրականացվել։ Որքա՞ն ժամանակ չպետք է ջրառ իրականացվի։

– Ջրառ չի իրականացվել երևի թե նրա համար, որ անձրևներ եկան։ ԱԺ-ն թույլատրել էր՝ հավելյալ ջրառ իրականացնել Սևանա լճից, դա չի օգտագործվել։ Եթե անձրևային եղանակներ լինեն, ապա երևի թե շատ ջուր չվերցնեն Սևանից։

Հնարավոր չէ՞ ընդհանրապես ջուր չվերցնել Սևանից։

– Այստեղ կա երկու հակասություն․ առաջինն էկոլոգիական պրոբլեմն է, որը կապված է Սևանի ջրի որակի, էկոհամակարգի բարելավման հետ, և երկրորդը` տնտեսական պրոբլեմն է, որը կապված է հիմնականում Արարատյան դաշտավայրի ոռոգման և էլեկտրաէներգիայի ստացման հետ։ Պարզ է՝ չենք կարող անտեսել տնտեսական պրոբլեմները, բայց պետք է կոմպրոմիսային լուծում գտնվի: Բացի դա՝ հրատապ միջոցառումներ ձեռնարկվեն, ոչ թե սպասենք, որ եղանակներն անձրևային լինեն, ջրառը քչացնենք, այլ առաջինն արագացնել այն նախատեսված ջրամբարների կառուցումը կամ վերանորոգումը, որն ինչ-որ չափով կապահովի Սևանից ջրառի նվազեցումը։ Եվ երկրորդը, կորուստները, որ լինում են ջրատարների, ջրամբարների, ՋՕ-երի կողմից, մոտավոր հաշվարկով կարող են հասնել 80 տոկոսի։ Դա շատ մեծ թիվ է, փաստորեն ջրի մեծ մասը չենք օգտագործում։ Դա պետք է անպայման հսկողության ներքո լինի։ Առաջարկել ենք Կառավարությանը, որ ստեղծվի համապատասխան հանձնաժողով, և եթե հաշվարկվի, ու հասկանանք, թե բուսատեսակների աճեցման համար իրոք ինչքան ջուր է անհրաժեշտ, ապա վստահ եմ, որ այդ պահանջը բավականին կիջեցվի։ Պետք է նաև խիստ հսկողություն լինի, որ ջուրն առանց օգտագործելու չհոսի։ Ջրաչափերով պետք է գնա մարդկանց մոտ, ու օգտագործեն այնքան, ինչքան անհրաժեշտ է։ Բայց հիմա, երբ գյուղեր ես գնում՝ տեսնում ես, որ ջուրը գետի նման գնում է, կորչում։

– Հսկողություն ինչո՞ւ չկա։ Կարդում ենք, որ Վանա լճի վիճակն է վատ, Ուրմիա լիճն է ցամաքել։ Ի՞նչ անենք, որ այդ վտանգը մեզ չսպառնա։

– Հիմա, իհարկե, ցամաքելու մասին խոսք չի գնում։ Կվատանա էկոհամակարգի վիճակը, կունենանք թունավոր կապտականաչ ջրիմուռներով ծաղկման ուժեղացում, ջրի որակի վատացում, իսկ մեզ համար ամենակարևոր հարցը ջրի լավ որակ ունենալն է։ Այլ հարց է, թե ի՞նչ որակի ջուր ենք ուզում ունենալ, որովհետև Սովետական Միությունից մինչև այսօր մեր բոլոր կառավարություններն այդ հարցը չեն լուծել, որովհետև պետք է հասկանանք, թե Սևանա լճի ջրի որակից ի՞նչ ենք պահանջում՝ ուզում ենք լինի ոռոգման ջրի ռեզերվուա՞ր, ձկնարդյունաբերական ինչ-որ լի՞ճ, խմելու ջրի պահուստային ջրամբա՞ր։ Մինչև այդ հարցը չլուծվի՝ բոլոր այս գործողությունները դառնում են ոչ հստակ։ Մասնագետների մի մասն ասում է՝ ջրի մակարդակը պետք է բարձրացնել ևս 3 մետրով, մյուս մասն ասում է՝ 18, 30։ Սա պետք է գա նրանից, թե կառավարությունը Սևանից ջրի ի՞նչ որակ է ուզում։

Դուք ո՞ր տարբերակի կողմնակիցն եք։

– Չեմ կարող ասել, որովհետև այստեղ կան գերակայող հարցեր։ Մեզ համար կարող է՝ հրատապ են պաշտպանական հարցերը, որոնք պետք է արվեն, օրինակ, ի հաշիվ էկոլոգիական հարցերի։ Կամ՝ կարող է՝ կարևոր է տնտեսական հարցը՝ էլի ի հաշիվ Սևանի ջրերի։ Մի ժամանակ ջրի մակարդակը հենց այնպես չիջեցրեցին։ Պատերազմից հետո տնտեսական պրոբլեմներ կային, պետք էր բարձրացնել տնտեսությունը, և ջուրն օգտագործեցին, որ էներգիա ստանան, ոռոգման ջուր լինի, և այլն։ Հիմա, ելնելով այսօրվա վիճակից, թե որոնք են գերակայող հարցերը, կառավարությունը պետք է որոշի։ Ես չեմ տիրապետում այսօրվա բոլոր պրոբլեմներին, որ կարողանամ ասել՝ որն է ճիշտ։ Պետք է որոշեն՝ ելնելով Հայաստանի այսօրվա դրությունից։

– Շատ են խոսում այն մասին, որ մութ ու ցուրտ տարիներին ձկնային պաշարները կարևոր դեր են կատարել մեր ու հարևան երկրների համար։ Ինչպե՞ս էր իրականացվում այդ «օգնությունը»։

– Այդ ժամանակ ոչ միայն Հայաստանը, այլև հարևան երկրները ճգնաժամային դրության մեջ էին, ժողովուրդը չուներ որակով սնունդ, որ կարողանար օգտագործել։ Հայաստանն ավելի վատ վիճակում էր, քան հարևան երկրները, որովհետև շրջափակման մեջ էր գտնվում։ Սևանա լիճը, ի դեմ սիգի, որը հանդիսանում է շատ բարձր որակի սնունդ, փաստորեն հիմնականում փրկեց Հայաստանին, հարևան երկրների ժողովրդին, որ գալիս-գնում էին։ Վաճառքն էլ էր ինչ-որ գումար բերում։ Մեր բախտից այդ ժամանակահատվածում Սևանի ձկնային պաշարները մաքսիմալ էին, համարյա 28․000 տոննայի էին հասնում, որն աննախադեպ էր Սևանի համար։ Բայց այսօր մեր պաշարներն այնքան քիչ են, որ երևի Սևանի ավազանի ժողովրդին հազիվ հերիքի։

Այն ժամանակ երևի շատ չեն գողացել։

– Գողանալու հարցը չէ։ Այստեղ էկոլոգիական փոփոխությունների հարցն է․ ծաղկումներն անհետք չեն անցնում։ Նրանք ոչ անմիջապես կարող են ազդել ձկան վրա։ Ազդում են կերի վրա, որովհետև ձկներն ավելի շարժուն են, կարող են խուսափել ծաղկման տեղերից։ Թույն է արտադրվում։ Բայց կերը որ քչանում է՝ վատանում է ձկան վիճակը՝ վերարտադրություն, կերակրում, և սա հանգեցնում է նան, որ պաշարները կամաց-կամաց քչանում են։

Սովետական Միության ժամանակ հսկողությունն ավելի խիստ էր, կարգավորված։ Ձկնորսական մեկ կազմակերպություն կար, կոչվում էր «Ձուկ կոմբինատ», որը տարբեր տեղերում ուներ մի քանի բաժին, և իրենք էին որսում, հսկողություն հեշտ էր իրականացվում։ Հիմա որ անցան մասնավորներին՝ հազարավոր մարդիկ են որսում և հսկողությունը դժվար է։

Հաշվարկն էլ է դժվար՝ ռեալ իմանալու, թե ինչքա՞ն են որսում։ Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտը տարին եկու անգամ իրականացնում է հաշվարկ, բայց դա ոնց որ տալիս է արդյունքը, թե ինչքան ձուկ է մնացել ամռանը և ինչքան՝ տարվա վերջում։ Դրանից հետո համապատասխան առաջարկ է արվում, թե ինչքան պետք է որսան կես տարվա մեջ։ Հաստատ ավելի շատ են որսում։ Նոյեմբերի 20-ից պետք է սկսվի որսի արգելքը․ ձվադրման շրջանը շատ կարևոր է։ Հսկողությունը պետք է ուժեղացնել ոչ միայն ձմռանը, այլև գարնանը, երբ որսում են նաև մանրաձուկ, այսինքն՝ այն ձկները, որոնք դեռ չեն հասունացել և չեն գնացել բազմացման։ Եթե մի կենդանին գոնե մեկ անգամ չի վերարտադրվել՝ նրան չի կարելի որսալ։ Իսկ մեզ մոտ տեսնում եք, որ գարնանը մանրաձուկն արկղերում դրած վաճառում են։

Ճիշտ է, բուն բազմացումը չի սկսվել, բայց արդեն հասունացած ձկնկիթով ձկները, այսինքն՝ բազմացող վտառը որսում ենք։ Շուկաներում հիմա ձկնկիթն ամաններով վաճառում են։ Մի ժամանակ հսկողություն սահմանվեց, որ ձկնկիթ չի կարելի վաճառել, բայց հիմա փակում են աչքերը, մինչև բուն արգելքը չսկսվի։

Մեր քաղաքացիներն ինչո՞ւ չունեն այն գիտակցումը, որ չի կարելի որսալ, մեկ ամիս էլ կարելի է գումար չաշխատել։

– Շատ դժվար հարց է, որովհետև, եթե գումարային հարց է, այդ գիտակցումը մի կողմ են դնում։ Բացի այդ՝ մենք ինչ-որ առաջարկներ արել ենք. ձկնորսության համակարգը պետք է փոխվի, այսպես սխալ է։ Ձկնորսներին էլ պետք է հասկանալ՝ իրենք էլ են ընտանիք պահում, և եթե 1-2 ամիս եկամուտ չունեն, դա նշանակում է, որ իրենց երեխաները պետք է սոված մնան։ Դրա համար պետությունը պետք է վերցնի իր ձեռքը, ստեղծվեն որոշ կոոպերատիվներ։ Առաջարկի իմաստն այն է, որ որոշ կազմակերպություններ գնեն ձկնորսից ու ձկնորսները ստանան աշխատավարձ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ որսի արգելման սեզոն է։ Պարզ է, այդ դեպքում չեն որսա։ Ձմռան ամիսներին շատ դեպքերում վտանգում են նաև իրենց կյանքն ու խորտակման դեպքեր են պատահում։ Ձկնորսը պետք է իմանա, որ եթե խախտում կատարի՝ իր ստաբիլ եկամուտից կզրկվի։

Այսօր սիգը, որն աշխարհում հանդիսանում է շատ թանկարժեք ձկնատեսակ, կոչվում է սպիտակ ձուկ ու գինը տասն անգամ ավելին է, քան Հայաստանում։ Եթե այստեղ 1 կգ-ն 1000 դրամ է, նույնը Էստոնիայում 27 եվրո է։

Սիգը ներմուծված տեսակ է, կա՞ն այլ ձկնատեսակներ, որ կարելի է ներմուծել։

Որպես էկոլոգ՝ կասեմ, որ դեմ եմ Սևանի նման ունիկալ էկոհամակարգ ունեցող լճում ինչ-որ ներմուծումներ անելուն։ Առանց դրա էլ, եթե առաջ ունեինք 3 էնդեմիկ ձկնատեսակ, այսօր 9-ն է, և դա շատ վատ է, որովհետև արդեն կարծես մրցակցություն է տեղի ունենում մեր ձկնատեսակների հետ։ Կարասն, օրինակ, մրցակցում է կողակի և բեղաձկան հետ։ Մնացած մանր ձկները սնվում են այն սննդով, որոնցով սնվում է մեր ձկնատեսակների մանրաձուկը, և փաստորեն, նրանք քչացնում են այդ կերը։ Որևէ ներմուծում վատ է՝ ի տարբերություն սիգի, որը ներմուծվել է 1920-30-ականներին, բայց դա եղել է գիտականորեն հիմնավորված, քանի որ տեղի ձկնատեսակները սնվել են հիմնականում հատակային կենդանիներով, և խեցգետնակերպերի նիշը չէր օգտագործվում, և գիտնականները նշեցին, որ այս ձուկը շատ հարմար է, քանի որ թանկարժեք ձուկ է, կսնվի մեր ձկնատեսակների կողմից չօգտավործվող կերով՝ դրանով իսկ լճում քչացնելով օրգանական նյութը։ Սա հաջող կլիմավարժեցում էր, որը սիգը դարձրեց հիմնական արդյունագործական տեսակ։

– Տարիներ առաջ նշում էիք, որ կողակի վիճակը վատ է, նույնիսկ հատով կարելի է հաշվել։ Հիմա որևէ բան փոխվե՞լ է։

– Վերջին տարիներին ոնց որ սկսել են առանձնյակներ հանդիպել լճում, բայց հիմնականում նրա պոպուլյացիան մնում է խզված։ Պետք է նշեմ, որ կողակի վերականգնման պրոբլեմն ավելի բարդ է, քան իշխանինը, որովհետև կողակն ավելի երկարակյանք ձուկ է, վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Օրինակ, եթե իշխանի համար 5-6 տարին բավական կլինի, ապա կողակի համար դա 10-ից ավելի է։ Հիմա ինչ-որ փորձարարական աշխատանքներ տարվում են «Սևանի իշխան» հիմնադրամում, և մոտ ապագայում երևի բացթողումներ կլինեն լիճ։

Շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել էր, որ 2026թ լիճ բաց կթողնվի իշխանի 1,2 մլն մանրաձուկ։ Սակայն ավելի վաղ Դուք նշել էիք, որ պետք է մանրաձուկը մոլեկուլյար անալիզի ենթարկվի՝ հասկանալու, դա իշխա՞ն է, թե՞ հիբրիդ։ Անալիզը հիմա արվո՞ւմ է։

– Հիմա բաց թողնվող ձուկն, իրոք, իշխան է, «Գեղարքունի» և «Ամառային» ենթատեսակներն են։ Ինչ վերաբերում է՝ հիբրիդ է, թե ոչ, այդ խնդիրն, իրոք, եղել է՝ մանավանդ «Գեղարքունի» իշխանի հետ։ Դա չի վերաբերում «Ամառային բախտակ»-ին, որն ունիկալ ենթատեսակ է, միակն է սաղմոնազգի ձկներից, որը բազմանում է գարուն-ամառ շրջանում։ Այդ ժամանակ որևէ սաղմոնազգի չի բազմանում, և պարզ է, որ չի կարող հիբրիդ ունենալ, եթե արհեստականորեն չանեն։ Ինչ վերաբերում է «Գեղարքունի»-ին, ապա, երբ տենդեր էր հայտարարվում, որը սխալ էր, բոլորը, ովքեր ֆորել՝ իշխանի նման ձկնիկներ ունեին, բերում, լիճ էին բաց թողնում։ Հայտնի չէր՝ այլ տեղի՞ց են բերված, հիբրի՞դ են, թե՞ ինչ են։ Չէին ստուգում։

Մեր ժողովուրդը բոլոր սաղմոնազգիներին ասում է իշխան, բայց իրականում այդպես չէ։ Իշխանը Սևանի ձկնատեսակն է, մնացածը ֆորելներ են։ Օրինակ, ծիածանափայլ իշխան չէ՝ ֆորել է (քաղցրահամ ջրերում ապրող սաղմոնաձկներ)։

Խանութներում վաճառվողն իշխա՞ն է։

– Մեկ-մեկ իշխան էլ է վաճառվում։ Եթե դա Կարճաղբյուրի գործարանից է՝ հստակ իշխան է։ Եթե փողոցում են վաճառում՝ ոչ ոք հստակ չի կարող ասել՝ ի՞նչ է, իշխա՞ն է, հիբրի՞դ, թե՞ ֆորել։

Ի՞նչ կասեք փողոցում իրականացվող վաճառքի մասին, ձուկը դրսում դրված է։

– Ո՞նց եք պատկերացնում, եթե հիմա մեկը փողոցում բերի կով կամ ոչխար մորթի ու միսը տեղում վաճառի։ Նույնն էլ ձուկն է։ Ինչպե՞ս կարելի է թարմ ձկնամթերքը վաճառել փողոցում։ Մարդիկ իրենք են ստուգում, մի հատ խռիկն են նայում, գույնը, փորը ու դրանով որոշում են՝ թա՞րմ է, թե՞ չէ։ ՍԱՏՄ-ն, ոստիկանությունը պետք է արգելեն։ Ձկան փողոցային վաճառքը պետք է վերացվի։ Նախկինում ժավելի մեջ էին դնում ձկները, որ գույնը չփոխեր, չգիտեմ՝ ինչ նյութեր են օգտագործում։ Գուցե թունավորումներ են եղել ու մարդիկ չեն իմացել, որ դրանից է։

– Մարդիկ խուսափում են արհեստական լճերում բազմացված ձուկ գնել՝ մտածելով, որ հորմոններերով հարստացված է։ Որքանո՞վ է այն վտանգավոր առողջության համար։

Իրականում չեն խուսափում, հենց այդպես էլ սնվում են։ Ոչ արհեստական կերով մեծացված ձկները շատ ավելի թանկ արժեն։ Բայց հիմա պրոբլեմն այն է, որ եթե անգամ օվկիանոսից կամ ծովերից են որսում, այնտեղ էլ կան նյութեր, որոնք նույնպես վնասակար են, ավելի, քան հորմոնները։ Մի քիչ դժվար է հիմա որոշել, թե որն է ավելի լավ։ Արհեստական լճերում աճեցվող ձկների մոտ թույլատրելի քանակի կերեր են, եթե բարձր որակի են՝ չպետք է ազդեն մարդու առողջության վրա։ Բայց էկոլոգիապես մաքուր, վայրի միջավայրում աճող ձկներն ավելի առողջարար են։ Մեր սիգն ամենաառողջ ձկնամթերքն է։ Աճում, սնվում են բնական կերով։ Մենք մեր սիգը չենք գնահատում։

– Ինչպե՞ս է Ձեզ մոտ սեր արթնացել դեպի ձկնաբանությունը։

– Սեր կար դեպի կենդանական աշխարհը և, երբ համալսարան ընդունվեցի՝ որոշել էի, որ կենդանաբանությամբ պետք է զբաղվեմ։ Երբ եկավ ժամանակը, որ դիպլոմային աշխատանք պետք է գրեի, առաջարկեցին գնալ Սևանի ջրակենսաբանական կայան և այնտեղ գրել դիմպլոմայինը։ Երբ սկսեցի աշխատել՝ ձկները դուրս եկան, ու շարունակեցի ձկնաբանությամբ զբաղվել։

Մտածե՞լ եք որևէ օվկիանոսում կամ ծովում հայտնվել ու այնտեղի ձկնատեսակներն ուսումնասիրել։

– Հայտնվել և ուսումնասիրել եմ։ Սովորել եմ Շոտլանդիայի, Իսպանիայի համալսարաններում և այնտեղ ուսումնասիրություններ անում էինք։

Այդ դեպքում ո՞րն է սիրելի ձկնատեսակը։

– Դժվար է ասել, բայց ուտելու տեսանկյունից համային առումով կգերադասեի ապխտած օձաձուկը։ Ցավոք, մեզ մոտ չկա, ուզում էին աճեցնել «Ուգր» ասվածը, բայց ինչպես հասկացա՝ փորձերը հաջող չէին։

Երիտասարդները հետաքրքրվո՞ւմ են ձկնաբանությամբ։

– Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը շատացավ, երիտասարդ գիտնականներին արտասահման վերապատրաստման են ուղարկում։ Եթե լավ են աշխատում՝ աշխատավարձը բավականին բարձր է։ Վերջին տարիներին հոսք կա, բայց, ցավոք, չունենք մասնագիտացված ամբիոններ, հիմա նոր էրազմուս ծրագրով Ագրարային համալսարանում դասավանդում են ձկնաբանություն, ագրոկուլտուրա և այլն, բայց դիմողները քիչ են։ Սակայն տարբեր համալսարանների քիչ թե շատ բանիմաց երիտասարդ գիտնականներին վերցնում ենք, դարձնում մասնագետ։

Վերադառնանք Սևանի հարցին, ի՞նչ պետք է անենք այն փրկելու համար։

– Ոչ թե խոսքերով, այլ գործով պետք է օգնենք Սևանին։ Պետք է հասկանալ, որ առանց Սևանի՝ Հայաստանը գոյություն չի ունենա։ Սևանը մեր ռազմավարական այն օբյեկտն է, որը և՛ պատերազմի, և՛ խաղաղ ժամանակահատվածում մեզ տալիս է ամեն ինչ՝ և՛ լույս, և՛ ոռոգման ջուր, և՛ բարձրակարգ սնունդ՝ ի դեմս ձկան։ Այնպես որ՝ պետք է սրտացավորեն մոտենանք մեր Սևանին։

Տեսանյութեր

Լրահոս