ԿԱ ՄԻ ԱՆՍԱՍԱՆ ԳԱՂԱՓԱՐ` ԻՐԱՆՆ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱՃԱՌԻ ՈՉ ՄԻ ՈՒԺԻ. ԻՐ ԱՄԲՈՂՋ ՈՒԺՈՎ ԿԱՆԳՆԱԾ Է. ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԽԱԼԻԼ ՇԻՐՂՈԼԱՄԻ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի զրույցը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ:

 Վահե Դավթյան.- Հարգելի պարոն դեսպան, նախ շնորհակալություն այս զրույցի հնարավորության համար: Կարծում եմ, հաշվի առնելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, թե դուք՝ դիվանագետներդ, թե մենք՝ փորձագիտական դաշտի ներկայացուցիչներս, պետք է ավելի համակարգված մոտենանք երկկողմ հարաբերությունների հարցերի ու խնդիրների լուսաբանմանն ու մեկնաբանմանը: Դա հատկապես արդիական է այսօր, երբ Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան ագրեսիան, էսկալացիայի աճը Մերձավոր Արևելքում ռիսկեր են ձևավորում նաև Հարավային Կովկասի ու, մասնավորապես, Հայաստանի համար: Սկսենք ընդհանուր իրավիճակի գնահատումից: Ինչպե՞ս եք գնահատում կոնֆլիկտի դինամիկան, ի՞նչ կանխատեսումներ ունեք դրա վերաբերյալ:

Դեսպան Խալիլ Շիրղոլամի.- Տեսե՛ք՝ Իսրայելն ու Ամերիկան Իրանի դեմ ձեռնարկել են հարձակումների մի ալիք։ Այս ագրեսիան նրանք են ընտրել՝ հարձակվելով մեր երկրի վրա։ Մեր հոգևոր առաջնորդը նահատակվեց նրանց հարձակման հետևանքով, սպանվեցին նաև մեր հրամանատարներից մի քանի հոգի, քաղաքացիական բնակչության շրջանում նույնիսկ ևս եղան զոհեր։

Նրանք հույս էին փայփայում, որ դրանով Իրանի համակարգի ողնաշարը կջարդեն, և Իրանը կհանձնվի։ Ինչպես տեսնում եք, Իրանը ճգնաժամային իրավիճակում չհայտնվեց, քաղաքական, վարչական և պաշտպանական համակարգերը չփլուզվեցին։ Իրանը մի հաշվարկված ռազմավարության շրջանակներում նախևառաջ որպես հակահարվածի թիրախ՝ ընտրեց տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները, որի նպատակն ամերիկյան հարձակումների պոտենցիալն ու հնարավորություններն առավելապես նվազեցնելն էր։ Այս նպատակին մենք հնարավորինս կարողացանք հասնել։

Կարդացեք նաև

Տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները, որոնց ստեղծման ուղղությամբ Ամերիկան ծախսել էր հարյուրավոր միլիոն (որոշների գնահատմամբ՝ նույնիսկ տրիլիոն) դոլարներ, մեծ մասը ոչնչացվեց կամ չեզոքացվեց։ Իսրայելի ռեժիմի վերաբերյալ, Իրանը ի սկզբանե սկսեց հրռիթների մեծ ալիքի արձակմամբ, անօդաչու թռչող սարքերը, որպես դրանք լրացնող բաղադրիչներ՝ ևս մտան ասպարեզ։ Նպատակն Իսրայելի պաշտպանական համակարգերի ճանաչումն ու չեզոքացումն էր։

Հաջորդ փուլերում Իսրայելի պաշտպանական և մշտադիտարկման համակարգերի մեծ մասը ոչնչացվեցին։ Եվ հիմա իրանական հրթիռների ճշգրիտ խոցման գործակիցը բավականին բարձր է, և Իսրայելի ռեժիմն իրական ճգնաժամի մեջ է գտնվում։ Մեր երկիր Իրանում, որը մեծ երկիր է, մարդիկ ակտիվ ներկայություն են ապահովում փողոցներում․ վստահ եմ՝ տեսել եք, որ գիշերները, չնայած մշտապես լսվող ռումբերի և հրռիթների ձայներին, հավաքվում են՝ ի աջակցություն երկրի պաշտպանության։ Միևնույն ժամանակ Իսրայելում բոլորն ապաստարաններում և նկուղներում են․ կյանքը կանգնել է։

Մյուս կողմից՝ Իրանը, ցանկանալով ավելի բարձրացնել ագրեսոր հակառակորդների համար ագրեսիայի արժեքը, թույլ չի տալիս առանց Իրանի թույլտվության որևէ նավթատար նավ անցնի Հորմուզի նեղուցով, ինչն ագրեսորների համար էներգետիկ ոլորտում նոր ծախսեր ու խնդիրներ է ստեղծում։ Ստեղծված այս բալանսը, չեմ կարծում, որ այն պատկերն է ստեղծում, որտեղ Իրանը կարելի է դիտարկել՝ որպես պարտված կողմ։ Իրանն իր ամբողջ ուժով կանգնած է, Իրանի պաշտպանական ռազմավարությունն ու հաշվարկները միանգամայն ճգրիտ են։ Հետևաբար, մենք հուսով ենք, որ ագրեսորներն, ի վերջո, այնպիսի մեծ ծախսերի բախվեն, որ ստիպված լինեն դադարեցնել իրենց գործողությունները։ Մենք, բնականաբար, անհանգստացած ենք հարևանների, այդ թվում՝ Հայաստանի անվտանգային հարցերով, և մեր բոլոր ջանքերը կենտրոնացած են այն բանի վրա, որ մեր բարեկամ երկրները որևէ կերպ իրենց վրա չզգան այս իրավիճակի հետևանքները։

Վ. Դավթյան.- Էսկալացիայից ընդամենն օրեր առաջ Օմանից ստացվեց տեղեկություն, որ կողմերը շատ մոտ են «միջուկային գործարքի» շուրջ համաձայնությանը: Փետրվարի 26-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նաև հայտարարեց բանակցային գործընթացում առաջընթացի մասին: Զուգահեռաբար քննարկվում էր «տնտեսական բանաձևի» կիրառումը, ինչը դրական սպասման մթնոլորտ էր ստեղծում: Արդյո՞ք սա դիվանագիտական մանևր էր, տեղեկատվական պատերազմի արգասիք, թե՞ պարզապես խաբեություն՝ միջազգային նորմերի կոպտագույն խախտմամբ: Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը մինչև փետրվարի 28-ը:

 Դեսպան.- Անցած բանակցություններին նայելով՝ մենք հասկանում ենք, որ Ամերիկան ազնիվ չի եղել այդ բանակցություններում և դրանցում իր հետապնդած նպատակներում։ Ամերիկացիներն, ըստ ամենայնի, չունեին իրենց ցանկությունների և ակնկալիքների որևէ սահմանաչափ։ Այն, ինչը մենք տեսանք, այս բանակցություններին մասնակցող պարոն Ուիթքոֆը և պարոն Քուշները բանակցությունների վարագույրների հետևում իրանական կողմից հնչող առաջարկներն անվանում էին լավ և գրավիչ, սակայն իրենց մայրաքաղաք վերադառնալուն պես կա՛մ նրանք չունեցան անհրաժեշտ ազնվությունը՝ դրույթները ներկայացնելով թերի, ոչ ճիշտ և բացասական կերպով, կա՛մ էլ մայրաքաղաքում տարբեր գործոններ և լոբբիստական ուժեր իրավիճակն այնպես էին աղավաղում, որ Իրանը որևէ զիջման պատրաստ չէ։

Հետ նայելով այս գործընթացին՝ կարող ենք ասել, որ բանակցությունների ողջ ընթացքն է մի մեծ սուտ եղել Ամերիկայի կողմից, որը դավաճանեց դիվանագիտության սկզբունքներին։ Եվ պատճառներից մեկը, որ Իրանը, չնայած տարբեր մեսիջներ է ստանում հրադադարի մասին, չի կարողանում Ամերիկային վստահել, հենց բանակցային գործընթացն է, որում Ամերիկան անազնիվ դիրքորոշմամբ էր մասնակցում, երբեք լուծում չէր փնտրում, ինչն ակնհայտ էր, հիմա էլ նկատելի է։ Ի սկզբանե Ամերկան այս բանակցություններում լուծում չէր փնտրում։ Մենք լավ հիշում ենք, որ բանակցելուն զուգահեռ՝ Իրանի շուրջն ամբողջ երկայնքով կուտակում էր իր սպառազինություններն ու ռազմական ուժերը։ Սա մեզ մի եզրակացության է հանգեցնում, որ Ամերիկայի համար բանակցությունները սոսկ պատերազմական ռազմավարության մի մասն էին։

Վ. Դավթյան.- Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ուզում եմ ցավակցություն հայտնել Ձեզ Այաթոլլա Ալի Խամենեիի վախճանի կապակցությամբ ու միաժամանակ՝ շնորհավորել նոր գերագույն հոգևոր առաջնորդի՝ Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ընտրության առթիվ: Կարծում եմ, այդ անցումը վկայում է Իրանում առկա կայացած ինստիտուցիոնալ համակարգի մասին: Այստեղից էլ հարցս. ի՞նչ ազդեցություն ունեցավ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունն Իրանի ներքին սոցիալ-քաղաքական դինամիկայի վրա՝ ռազմական էսկալացիայի պայմաններում։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ իրադարձությունը նպաստեց իրանական հասարակության համախմբմանն արտաքին սպառնալիքի շուրջ, և ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ քաղաքական ինքնության, հասարակական համերաշխության և պետություն-հասարակություն հարաբերությունների վրա։

Դեսպան.– Իրանի հասարակության բնույթն ընկալելու համար անհրաժեշտ է խորքային և նուրբ կողմերը հաշվի առնող գիտելիք ունենալ իրանական քաղաքակրթության, իրանցիների առանձնահատկությունների և մենթալիտետի վերաբերյալ։ Եվ հենց սա է պատճառը, որ Արևմուտքում սխալվում են Իրանի հասարակության պատկերացման հարցում։ Իրանական հասարակության գիտակցության սկզբունքային և մեծամասնության կողմից ընդունված գաղափարն այն է, որ Իրանի հոգևոր առաջնորդը պայքարի, իմպերիալիզմին և բռնարարության դիմադրության ճանապարհին անցկացրած մի ամբողջ կյանքից հետո՝ 86 տարեկան հասակում, իրապես տղամարդուն վայել կերպով նահատակվեց թշնամու ագրեսիայի հետևանքով։ Այսինքն՝ նրա վերջին րոպեները չանցան մահճակալի մեջ պառկած․ նա ընտրեց հերոսական մահը, ինչպես վայել է տղամարդուն։

Մահվան մասին իրանական նմանօրինակ էպիկական պատկերացումը մեծապես կապված է շիայական կրոնի գաղափարների, Աշուրայի դեպքերի, Իմամ Հոսեյնի նահատակության հետ, որոնք որ Իրանի շիայական էպիկական մշակույթի անքատկելի մասն են կազմում։ Մեր հոգևոր առաջնորդն էլ էպոսներում նկարագրված մահվան արժանացավ, սակայն նրա մահվանից հետո մարդիկ ավելի համախմբվեցին և նախկինից էլ ավելի քաջ կերպով գիտակցեցին՝ թշնամին, ում հետ գործ ունեն, ունակ է տմարդի եղանակով՝ ոտնահարելով բոլոր միջազգային իրավական և բարոյական նորմերը, սպանել այլ երկրի առաջնորդին։ Իրանի քաղաքական համակարգը, ի հեճուկս թշնամու ունեցած ակնկալիքներին, չփլուզվեց և պահպանեց իր կուռ կառուցվածքը։

Չնայած անվտանգային և պատերազմական ոչ բարենպաստ պայմաններին, նոր հոգևոր առաջնորդն ընտրվեց Փորձագետների ժողովի կողմից՝ օրինական մեխանիզմի համապատասխան։ Այն, ինչ անհերքելի է, նոր հոգևոր առաջնորդի անձնային հատկանիշներն, ի լրումն հասարակության դիրքորոշման և ցանկությունների, մի փոխլրացնող համակարգ են ստեղծելու, որը, հաշվի առնելով տիրող իրավիճակն ու Իրանի շուրջ ստեղծված պայմանները, կարող են հասարակության ներսում, կառավարման համակարգում և արտաքին քաղաքականության մեջ նոր ռազմավարություններ ու տեսակետներ սահմանել։ Սակայն կա մի անսասան գաղափար․ Իրանն իր անկախությունը չի վաճառի ոչ մի ուժի, արտաքին քաղաքականության մեջ իր իրավասությունը ոչ մեկին չի հանձնի և Իրանի նկատմամբ հարգանքը ցանկացած երկրի կամ ուժի հետ փոխգործակցության հիմքում ընկած գաղափարն է լինելու։

Վ. Դավթյան.- Արևմտյան մեդիա դիսկուրսում գնալով ամրապնդվում է այն թեզը, ըստ որի՝ Իրանի կողմից Պարսից ծոցի երկրների ուղղությամբ իրականացվող հարվածները չեն հանգեցնում նշանակալի ռազմավարական արդյունքների։ Տարածված է նաև այն մոտեցումը, որ նման գործողություններով Թեհրանը նպատակ ունի ազդելու Ծոցի երկրների վրա՝ նրանց միջոցով ճնշում գործադրելու ԱՄՆ-ի վրա՝ հակամարտության դադարեցման ուղղությամբ։ Որքանո՞վ է այս մոտեցումն օբյեկտիվ, և ինչպիսի՞ այլ ռազմավարական հաշվարկներ են ընկած Իրանի գործողությունների հիմքում։

 Դեսպան.- Նախևառաջ պետք է ընդգծել, որ Իրանը ոչ մի հարևան երկրի վրա չի հարձակվել։ Իրանի թիրախ են եղել բացառապես տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաները, որոնց օգնությամբ ԱՄՆ-ը իրականացնում է իր ագրեսիան մեր երկրի դեմ։ Ըստ միջազգային իրավունքի՝ այս ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ հակահարվածի համար։ Մենք դրանք համարում ենք ԱՄՆ-ի տարածքային իրավասության տակ գտնվող ռազմաբազաներ, ոչ թե մեր հարևանների իրավասությանը ենթարկվող տարածքներ։ Հետևաբար, Իրանը ոչ մի հարձակում չի իրականացրել իր հարևանների դեմ։

Այնուհետև հարկ է ընդգծել, որ եթե Արևմուտքը պնդի, որ Իրանի հարվածները տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաների վրա ռազմավարական տեսանկյունից ոչ մի ազդեցություն չնե ունեցել, սա մի կարևոր գաղափար է կրում իր մեջ. Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ը կատարյալ անտարբերություն են տածում այդ երկրների անվտանգության նկատմամբ։ Նրանք տասնամյակներ շարունակ Ամերիկայից ձեռք են բերել ամենաառաջադեմ և ամենաթանկ զենքերը՝ փորձելով «գնել» իրենց անվտանգությունն ԱՄՆ-ից, Ամերիկային «հյուրընկալել են իրենց երկրներում» և բազմաթիվ ռազմաբազաներ տրամադրել նրանց։

Սակայն այսօր նրանց համար պարզ է, որ այս ամենի արդյունքում որևէ անվտանգության ու կայունության ձեռքբերման մասին խոսք անգամ գնալ չի կարող․ նրանք ստացել են միմիայն անկայունություն։ Արևմտյան երկրների պնդումը, որ Իրանի գործողությունները «ազդեցություն չեն ունեցել», նշանակում է, որ նրանց համար կարևոր չէ, թե ինչ խնդիրների կբախվեն այդ երկրները. նրանց համար կարևոր են միայն ամերիկացի զինվորները և Իսրայելի անվտանգությունը։ Սա ցավալի եզրակացություն է, որին հանգել են այդ երկրները։

Սակայն մեր տեսանկյունից իրավիճակն այսպիսին է․ տարածաշրջանում, հատկապես Պարսից ծոցի շրջանը, որը համարվում է աշխարհի էներգետիկ գլխավոր աղբյուրներից մեկը, էներգետիկ տեսանկյունից այս իրավիճակի շոկը զգաց իր վրա․ Իրանը կարողացել է նկատելիորեն սահմանափակել ԱՄՆ ռազմաբազաների գործողությունները, քանի որ դրանց մեծ մասն արդեն չեզոքացվել է և օպերատիվ տեսանկյունից պիտանի չէ։ Սա օգնել է Իրանին ավելի արդյունավետ կերպով իրականացնել իր ինքնապաշտպանությունը։

Մենք հույս ունենք, որ ապագայում տարածաշրջանի երկրները, որոնք արդեն իսկ գիտակցել են, որ ԱՄՆ-ը միայն անկայունության աղբյուր է, կձգտեն իրական հավաքական անվտանգության վրա հիմնված լուծումների, դուրս կմղեն ԱՄՆ-ին տարածաշրջանից և թույլ կտան, որ տարածաշրջանում ձևավորվեն մշակութային բնիկ սկզբունքների վրա հիմնված կառավարման մեխանիզմներ։

Վ. Դավթյան.- Ովքե՞ր են այսօր Իրանի իրական դաշնակիցները ներկայիս ռազմական էսկալացիայի պայմաններում։ Կարո՞ղ ենք խոսել Ռուսաստանի և Չինաստանի կողմից Թեհրանին ցուցաբերվող գործնական աջակցության մասին, թե՞ այդ աջակցությունը հիմնականում սահմանափակվում է քաղաքական հայտարարություններով։ Ինչպե՞ս կգնահատեք Իրանի հարաբերություններն այս երկու գերտերությունների հետ ներկայիս ճգնաժամի պայմաններում, և կարելի՞ է արդյոք դրանք բնութագրել՝ որպես լիարժեք ռազմավարական փոխգործակցություն։

Դեսպան.- Ինչ վերաբերում է Իրանի դաշնակիցներին, ապա պետք է նշել, որ մենք «դաշնակից» այն իմաստով, ինչ ավանդապես ընդունված է միջազգային քաղաքականության մեջ, չունենք։ Մենք շատ բարդ և խրթին այս տարածաշրջանում մեր ուրույն առանձնահատկություններով օժտված երկիր ենք։ Բնականաբար, մշակութային և քաղաքական տեսակետից որոշ երկրներ մեզ ավելի մոտ են, իսկ որոշները՝ հեռու։ Ռուսաստանը և Չինաստանն Իրանի կարևոր գործընկերներն ու բարեկամներն են։ Մենք ունեցել ենք և ունենք համագործակցություն տնտեսական, քաղաքական և պաշտպանական ոլորտներում։ Սակայն Իրանն իրապես որևէ երկրից չի ակնկալում անմիջական և ուղղակի մասնակցություն պատերազմական գործողություններում կամ օգնության ցուցաբերում։ Քանի որ խնդրի նկատմամբ մեր ընկալումները նույնը չեն։

Ի լրումն դրա, Իրանի ունեցած պոտենցիալը բավականին մեծ է։ Բնական է, որ Իրանը կարող է որոշակի սպասելիքներ ունենալ, որ իր բարեկամ երկրները տեխնոլոգիական և այլ եղանակներով աջակցություն ցուցաբերեն, ինչը որոշ չափով իրականացվել է։ Սակայն Իրանը չունի «դաշնակից» այն դասական իմաստով, որ դուք նկատի ունեք։ Եվ կարիք էլ չունենք, որ մյուսները ներգրավվեն այս պատերազմում մեր կողմից՝ մեր շահերի հիման վրա։ Բնականաբար, նրանք իրենց գործողություններն իրականացնում են՝ իրենց սեփական շահերի վրա հիմնվելով։

Այնուամենայնիվ, մենք հասկանում և հավատում ենք, որ Իրանի չեզոքացումն այս տարածաշրջանում ԱՄՆ-ի առաջին քայլն է Չինաստանը զսպելու համար։ Չգիտեմ՝ չինացիները դա գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ, սակայն, եթե Մերձավոր Արևելքում չեզոքացնեն Իրանին և իրենց վերահսկողության տակ առնեն տարածաշրջանի էներգետիկ աղբյուրները, ապագայում նրանք ստանալու են ամենակարևոր առավելությունը Չինաստանի դեմ էներգետիկ ոլորտում պայքարելու համար։ Այս իրավիճակում Չինաստանը հիմնական պարտվողն է լինելու, և, իհարկե, Ռուսաստանի վրա ևս այս իրավիճակը կանդրադառնա։

Վ. Դավթյան.- Եթե խոսենք ոչ միայն գլոբալ, այլև տարածաշրջանային մակարդակի մասին, ապա ովքե՞ր են այսօր Իրանի հիմնական գործընկերներն ու դաշնակիցները։ Ի՞նչ դեր ունեն այս համատեքստում Եմենի հութիներն ու «Հեզբոլլահը»։ Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ ներկայիս էսկալացիայի պայմաններում ձևավորվում է Իրանի շուրջ գործող տարածաշրջանային դիմակայության ցանց, և որքանո՞վ են այդ ուժերը պատրաստ համակարգված կերպով աջակցել Թեհրանին քաղաքական, ռազմական կամ ռազմավարական մակարդակներում։

Դեսպան.- Ինչ վերաբերում է դիմադրության շարժումներին, ապա Միացյալ Նահանգներն ու սիոնիստական ռեժիմը պնդում էին, թե տարածաշրջանում դիմադրությունը մարել է։ Նրանք մոռացության են տալիս, որ դիմադրությունը մի գաղափար, մի իդեալ և հասկացություն է։ Դիմադրությունը միայն ֆիզիկական երևույթ չէ։ Քանի դեռ շարունակում են գոյություն ունենալ բռնությունը, օկուպացիան և իմպերիալիստական վարքագիծը, դիմադրությունը տարածաշրջանում շարունակելու է գոյություն ունենալ և արտահայտվել։

Այսօր մենք տեսնում ենք, որ տարբեր դիմադրության շարժումներ ակտիվ են Իրաքում, Եմենում և Լիբանանում։ Վստահ ենք, որ իրենք մասն են կազմում օկուպացիայի և ԱՄՆ-ի ու Իսրայելի բռնարար գործողությունների դեմ պայքարի և իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում պայքարում են նրանց ագրեսիայի դեմ։

Ուստի, իրատես ցանկացած ոք կհասկանա, որ այս շարժումները, որոնք իսկական են և ձևավորվել են բռնության, օկուպացիայի դեմ դիմադրության գաղափարի հիման վրա, չեն կարող ճնշվել կամ ոչնչացվել։ Այժմ էլ նրանք իրենց դերակատարումն ունեն և հանդիսանում են ամերիկյան իմպերիալիզմի և սիոնիստական ռեժիմի բռնարար էության դեմ պայքարող Իրանի բնական դաշնակիցները։

Վ. Դավթյան.- Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրեց համաշխարհային շուկայում նավթի գների կտրուկ աճին: Միաժամանակ, բացասական միտումներ են առկա գազի շուկայում: Որքանո՞վ է այդ միջազգային նշանակության երթուղու փակումը նպաստում Թեհրանի գեոռազմավարական նպատակների առաջմղմանը կոնֆլիկտում։ Որքանո՞վ է արդյունավետ այս ռազմավարական լծակը՝ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա ազդելու և արտաքին դերակատարների վրա ճնշում գործադրելու համար։

Դեսպան.- Տեսե՛ք, մենք մի երկիր ենք, որն այժմ ինքնապաշտպանություն է իրականացնում։ Մենք ենթարկվել ենք Ամերիկայի և սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումներին, և որոշ այլ ուժեր էլ աջակցում են նրանց։ Ամեն դեպքում, աշխարհը պետք է հասկանա, որ եթե անկայունություն և ագրեսիա լինեն, դրանց բացասական հետևանքները կազդեն բոլորի վրա։ Շատերը արդեն հասկանում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ու հանդուգն վարքագիծը կարող է անվտանգային և տնտեսական խնդիրներ ստեղծել ամբողջ աշխարհի համար։

Հորմուզի նեղուցը Իրանի վերահսկողության տակ է գտնվում։ Մեր շուրջը անկայունության իրավիճակի ստեղծման կամ մեր դեմ ագրեսիա և հարձակում իրականացնելու պարագայում, բնական է՝ մենք թույլ չենք տա, որ այն ուժերը, որոնք իրականացնում են այս ագրեսիան, օգտնվեն տարածաշրջանի և Պարսից ծոցի հնարավորություններից։ Մենք վստահ ենք, որ սա կազդի ագրեսորների հաշվարկների վրա։ Միգուցե կարճաժամկետ կտրվածքում դա շոշափելի չլինի, բայց միջնաժամկետ հեռանկարում դրա ազդեցությունը լիովին կզգացվի։ Ուստի Իրանը հայտարարել է, որ ոչ մի նավթատար նավ իրավունք չի ունենա անցնել Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի թույլտվության։

Վ. Դավթյան.- Անդրադառնանք Հարավային Կովկասին։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում տարածաշրջանի համար էսկալացիայի հնարավոր շարունակության պայմաններում։ Մասնավորապես, այս փուլում ի՞նչ տնտեսական և ռազմավարական սպառնալիքներ կարելի է արդեն իսկ առանձնացնել՝ հաշվի առնելով տարածաշրջանի հաղորդակցային, էներգետիկ և անվտանգային խոցելիությունները։

Դեսպան.- Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի տարածաշրջանին, ապա հարկ է նշել, որ Ամերիկայի գործողությունները և նրա հանդուգն վարքագիծն անկայունություն և անվտանգության սպառնալիք են ստեղծել միջազգային համակարգում։ Եվրոպական երկրները, որոնք Ամերիկայի մոտ դաշնակիցներն էին, ամենաառաջինը զգացին դա իրենց ողջ էությամբ։

Թրամփի վարքագիծը և նրա անօրինական գործողությունները համընդհանուր ատելության առարկա են դարձել։ Շատերը, նույնիսկ, եթե հրապարակայնորեն չարտահայտեն դա, հասկացել են, որ ԱՄՆ-ը, հատկապես Թրամփի նախագահության տակ գտնվող Ամերիկան, հանդիսանում է անկայունության, սպառնալիքների և անօրինականության աղբյուր, ինչի հետևանքով աշխարհը վերածվում է ջունգլիի։ Թրամփի նմանօրինակ մոտեցումը Հարավային Կովկասի վերաբերյալ, բնականաբար, չի կարող բերել խաղաղություն և կայունություն, քանի որ Թրամփը մտածում է միայն իր հանդուգն շահերի մասին։

Իրանի դեմ իրականացված ագրեսիայի և Իրանի ինքնապաշտպանության մասին խոսելիս հարկ է նշել, որ մեր ողջ ջանքերն ուղղված են եղել և կշարունակեն ուղղված լինել այն բանին, որ տարածաշրջանի երկրները՝ Իրանի հյուսիսում գտնվող երկրները, հատկապես մեր լավ բարեկամ Հայաստանն, այս իրադարձություններից որևէ ազդեցություն կամ վնաս չկրեն։ Սա մեր լրջագույն ուշադրության տակ գտնվող հարցերից է եղել և շարունակում է մնալ։

Բարեբախտաբար, մեր բարեկամ Հայաստանն ԱՄՆ-ի կամ սիոնիստական ռեժիմի ռազմական կամ անվտանգային ներկայությանը միտված ոչ մի բազա չի ունեցել և չունի, և մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։ Տարածաշրջանի այլ երկրները, որտեղ հնարավոր է ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական կամ անվտանգային ներկայության առկայություն, մենք լուրջ նախազգուշացում ենք տվել այն մասին, որ ոչ մի պարագայում չպետք է թույլ տան թեկուզ ամենաչնչին ագրեսիան այդ երկրների տարածքից Իրանի դեմ։ Մինչ այժմ սա պահպանվել է։ Մենք հույս ունենք, որ այդ կանոնները կշարունակեն պահպանվել, քանի որ մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում պահպանվեն խաղաղությունն ու կայունությունը։

Վ. Դավթյան.- Այս համատեքստում կխնդրեմ գնահատել իրանաադրբեջանական հարաբերությունները, որոնք հատկապես վերջին տարիներին լուրջ վայրիվերումներ են դրսևորում: Օրեր առաջ էլ Նախիջևանի քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածը գնահատվեց Բաքվի կողմից՝ որպես ահաբեկչական ակտ: Դրան հաջորդեց տրանսպորտային փոխադրումների դադարեցումը կողմերի միջև: Շատ է խոսվում Ադրբեջանի՝ կոնֆլիկտի կողմ դառնալու հնարավորության մասին՝ հաշվի առնելով նաև իսրայելաադրբեջանական խորքային փոխգործակցությունը մի շարք ռազմավարական ուղղություններով: Ու թեև դիվանագիտական սրման կուլմինացիան, թերևս, հաղթահարվեց ՓեզեշքիանԱլիև հեռախոսազրույցից հետո, սակայն փորձագիտական տիրույթում շատ է խոսվում նման սցենարի զարգացման մասին: Կխնդրեմ տալ Ձեր գնահատականը:

Դեսպան.- Տեսե՛ք, ինչպես նախկինում էլ ես ասել եմ այս թեմայով, եթե Իրանը որոշի ռազմական գործողություններ իրականացնել, դա չի իրականացնի ծածուկ։ Նախիջևանում տեղի ունեցած դեպքը մեզ համար շատ կասկածելի էր։ Դա կարող էր լինել սցենար, կարող էր լինել «false flag»՝ Իրանի և նրա հարևանների միջև խնդիր ստեղծելու համար։ Ցավոք սրտի, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները շտապեցին, արագ եզրակացություններ արեցին և արագ կերպով կոշտ արձագանքով հանդես եկան։ Սակայն այդ կտրուկ մոտեցումն արագ մարեց, քանի որ նրանք հասկացան, որ սխալվել են և իրավիճակը ճիշտ չեն գնահատել։ Ամենայն հավանականությամբ, նրանք էլ հասկացան, որ այս գործողությունը շատ կասկածելի է, և տեղի ունեցած զրույցների արդյունքում՝ կայացրած որոշումները հետ կանչվեցին։

Մենք տարածաշրջանում մեր բարեկամ երկրներին հայտարարում ենք, որ զգոն լինեն և ուշադրություն դարձնեն ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հնարավոր դավադրություններին, որոնք միտված են բարեկամական հարաբերությունների խաթարմանը։ Նախկինում էլ ասել ենք, որ եթե Ադրբեջանի տարածքում առկա է ԱՄՆ-ի կամ սիոնիստական ռեժիմի անվտանգային կամ ռազմական ներկայություն, դրանք չպետք է օգտագործվեն Իրանի դեմ։ Այս դիրքորոշման մեջ մենք շատ հաստատակամ ենք և էսկալացիայի որևէ ձգտում չունենք։

Նրանք հասկացան, որ իրականացված դրոնային գործողությունը բավականին կասկածելի էր։ Իրանի դրոնները ճշգրիտ են, կենտրոնացած են սահմանված թիրախների վրա և հասնում են ճիշտ թիրախին։ Ուստի, բարեբախտաբար, կարող ենք արձանագրել, որ իրավիճակը կառավարվել է հաջողությամբ։

Վ. Դավթյան.- Անդրադառնանք TRIPP-ին: Պաշտոնական Թեհրանը բազմից է հայտարարել Հարավային Կովկասում իր «կարմիր գծերի մասին»: Մշտապես ընդգծվել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը», այժմ էլ՝ TRIPP-ը, անընդունելի է իր համար, քանի որ սահմանափակում է Իրանի գեոռազմավարական ու տրանսպորտային ներուժը: Ինքս էլ այդ կարծիքին եմ՝ հաշվի առնելով, որ այն ռիսկեր է ստեղծում ՀյուսիսՀարավ լոգիստիկ ռազմավարության համար, որի ներքո Հայաստանը կարող է դառնալ կապող օղակ Իրանի շահերից բխող Պարսից ծոցՍև ծով մուլտիմոդալ կապի ներքո: Համամի՞տ եք, որ այսօր, էսկալացիայի պայմաններում, TRIPP-ի վտանգներն էլ ավելի հստակ են ուրվագծվում:

Դեսպան.- Մենք չենք ցանկանում նախապաշարմունքների կամ կանխակալ դատողություններ անել։ Զանգեզուրի միջանցքը սկզբունքայնորեն այլ նշանակություն ուներ՝ հաշվի առնելով, որ այն արտատարածքային մոտեցում էր ենթադրում իրականացնել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ուստի մենք դեմ էինք դրան, այդ տեսակետը հայտարարեցինք և մեր աջակցությունը ցուցաբերեցինք Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի այդ մոտեցումը չհաղթեր։

Այժմ այն ուղին, որը հայտնի է որպես TRIPP` ԱՄՆ-ի մասնակցությամբ, բնական է, հաշվի առնելով ԱՄՆ-ի ներգրավվածությունը և Իրանի նկատմամբ նրա մշտապես ունեցած թշնամական քաղաքականությունը, բնական է, որ ԱՄՆ- ներգրավվածության հետևանքով Իրանը զգում է սպառնալիք։ Հիմա, առավել քան երբևէ, բոլորի համար ակնհայտ է Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական դիրքորոշման մասշտաբները։

Այնուամենայնիվ, մենք այս հարցը քննարկել ենք Հայաստանի իշխանությունների հետ, և նրանք միշտ վստահեցրել են, որ սա երբեք չի վերածվի Իրանի դեմ սպառնալիքի աղբյուրի։ Ուստի մենք կանխակալ դատողություններ չենք անում, և, բնականաբար, սպասում ենք հետագա զարգացումներին։ Այս պահին գերակա է փոխադարձ վստահությունն և երկու երկրների միջև առկա բարեկամությունը։ Մենք ողջունում ենք Հայաստանի՝ իր տրանսպորտային կարողությունների լավ օգտագործումը՝ արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ։ Մենք հույս ունենք, որ այս համատեքստում տրանսպորտային ուղիները կբացվեն, ինչը ձեռնտու է բոլորի համար, և Իրանն էլ կարող է իր պոտենցիալով օգնել այդ գործընթացին։

Վ. Դավթյան.- Ի՞նչ ակնկալիքներ ունի Թեհրանը Հայաստանի նկատմամբ ներկայիս բարդ էսկալացիոն պայմաններում։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քաղաքական ու ռազմավարական դիրքորոշում պետք է որդեգրի Երևանը:

Դեսպան.- Մենք Հայաստանը համարում ենք մեր բարեկամ և եղբայր երկիր։ Այս պատերազմական իրավիճակում մենք տեսել ենք Հայաստանի կառավարության և ժողովրդի զորակցությունը, որի համար անչափ շնորհակալ ենք։

Բնական է, երբ Իրանի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն անօրինական և դաժան հարձակումների են ենթարկվում, մեր ակնկալիքն է, որ դա դատապարտեն։ Այս պատասխանատվությունը միայն Հայաստանի վրա չէ, այլ ամբողջ աշխարհի և միջազգային հանրության պարտականությունն է։ Քանզի, եթե սկսեն իշխել Թրամփի կողմից տարածվող «ջունգլիի օրենքները», օրենքի բացակայության և անկարգության բացասական հետևանքներից ոչ մի երկիր անվտանգ և զերծ չի մնա։

Սա այն բարեկամական ակնկալիքն է, որը մենք ունեցել ենք և ունենք մեր բոլոր ընկերներից։ Հայաստանի հետ մենք լավ կապեր ունենք, և որոշ մարդասիրական հարցերում Հայաստանի կառավարությունը մեզ կարևոր օգնություն է ցուցաբերել, ինչպես, օրինակ՝ թռիչքների չեղարկման հետևանքով ի հայտ եկած հարցերում, ինչի համար մենք շնորհակալ ենք։

Միևնույն ժամանակ, այս պատերազմական իրավիճակում մենք ցանկանում ենք և ակնկալում ենք Հայաստանի կառավարության կողմից հետևյալը․ երբ որոշ թշնամական տարրեր և սահմանափակ թվով անձինք, որոնք իրենց իրանցի են համարում, սակայն այն պայմաններում, երբ իրենց երկիրը սարսափելի ագրեսիայի է ենթարկվել, և նրանց հայրենակիցները սպանվում են, սակայն այդ անձինք իրենց ուրախությունն են արտահայտում և աջակցում են Թրամփի քաղաքականությունն ու ամերիկացի զինվորների գործողությունները՝ հաճախ նույնիսկ մեծարելով Իրանի վրա հարձակվող ամերիկացի զինվորին, մեր ակնկալիքն է, որ նրանց նկատմամբ լուրջ քայլեր ձեռնարկվեն և թույլ չտրվի հանդես գալ նման գործողություններով։ Սա է մեր լուրջ ակնկալիքը մեր Հայաստանի բարեկամ պետությունից։

Վ.Դավթյան.- Մեր առանձնազրույցի ժամանակ Դուք ասացիք, որ Իրանի հաղթանակն անխուսափելի է։ Ի՞նչ եք հասկանում՝ հաղթանակ ասելով: Խնդրում եմ նաև մանրամասնել՝ այդ պարագայում ինչպե՞ս եք տեսնում Հարավային Կովկասում ուժերի դասավորությունն ու անվտանգության ճարտարապետությունը։ Ի՞նչ ռազմավարական կամ քաղաքական փոխակերպումների պետք է ենթարկվի տարածաշրջանը հետկոնֆլիկտային փուլում։ Միաժամանակ, ինչպիսի՞ փոխակերպումներ կարող են ունենալ հայ-իրանական հարաբերությունները:

Դեսպան.– Ինչ վերաբերում է վերջին հարցին, ապա պետք է նշել, որ հաղթանակը հարաբերական հասկացություն է։ Եթե հաշվի առնենք Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի հետապնդած նպատակներն Իրանի վրա հարձակման ժամանակ, ապա արդեն հիմա կարելի է ասել, որ Իրանը հաղթել է՝ առանց որևէ կասկածի։ Սա պարզապես իմ անձնական կարծիքը չէ. ես կարող եմ ձեզ ներկայացնել ամերիկացի բազմաթիվ փորձագետների և վերլուծաբանների տեսակետներ, որոնք կրկնում են նույն միտքը։

Փաստն այն է, որ Միացյալ Նահանգները և սիոնիստական ռեժիմը չեն հասել իրենց նպատակներին, որոնք էին՝ Իրանի փլուզումը, երկրի օկուպացիան, քաղաքական համակարգի փոփոխությունը, ինչպես նաև քաոսի ստեղծումը և երկրի մասնատումը։ Այս ամենը նրանց ծրագրերի մաս էին կազմում, և դրանց չհասնելն ինքնին նշանակում է պարտություն։ Իրանն ամուր կանգնած է, հակահարվածներ է տալիս և պաշտպանում է իրեն։ Այն պատասխանում է իրականացվող հարձակումներին, զգալի վնասներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, ինչպես նաև մեծ վնասներ է պատճառել Իսրայելի տարբեր ենթակառուցվածքներին։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ Իրանը գործում է գրեթե միայնակ։ Դուք գիտեք, որ մենք փաստացի միայնակ ենք պատերազմում թշնամու դեմ, և այս ազգային պաշտպանության ընթացքում ոչ մի երկիր մեր կողքից և մեր կողմից չի մասնակցում և չի աջակցում մեզ։ Մինչդեռ Միացյալ Նահանգները մարդկության պատմության մեջ ամենահզոր ռազմական ուժին է տիրապետում, իսկ Իսրայելի ռեժիմը ամբողջովին միլիտարիզացված համակարգ է, որը հագեցած է մեծապես ամերիկացիների կողմից նրանց տրամադրած կամ սեփական զինանոցից դուրս եկած գերժամանակակից սպառազինությամբ։

Ուստի, եթե այս պայմանները և իրավիճակը հաշվի առնենք, ապա պարզ կդառնա, որ նույնիսկ այս պայմաններում Իրանին՝ որպես միայնակ պատերազմող երկիր, որը պայքարում է բացառապես իր սեփական հնարավորությունների վրա հիմնվելով, արդեն իսկ կարելի է համարել հաղթող։ Թշնամին չի հասել իր նպատակներին, իսկ մեր հակառակորդների համար ծախսերն օրեցօր աճում են և շարունակելու են աճել։ Մենք լիովին վճռական ենք, որ Իրանն այս պատերազմից դուրս չի գա՝ որպես պարտված կողմ։

Տեսանյութեր

Լրահոս