Իսրայելը կարող է միջուկային զենքով հարվածել Իրանին, Իրանը՝ Իսրայելի միջուկային ռեակտորին. Հայկ Նահապետյան

Հայաստանը կարող է ներքաշվել Իրանի դեմ պատերազմին միայն Ադրբեջանի ներքաշվելու դեպքում. եթե Ադրբեջանը ներգրավվեց Իրանի դեմ ռազմական գործողություններին, Հայաստանը չի կարող խուսափել այդ բախումից։ Այսպիսի կարծիք հայտնեց 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, ռազմական և անվտանգության հարցերի փորձագետ Հայկ Նահապետյանը՝ վերլուծելով Իսրայել-ԱՄՆ-Իրան պատերազմական գործողությունների ընթացքն ու վտանգները Հայաստանի համար։

«Հայաստանը սուբյեկտ չէ։ Մեր կարծիքը որևիցե մեկը չի հարցնում։ Ցավոք սրտի, այդպես է։ Վտանգն այն է, որ մեր տարածքը դառնա ռազմական գործողությունների թատերաբեմ։ Եթե այս պատերազմի աշխարհագրությունն, այնուամենայնիվ, մեծանա, այդ աշխարհագրության մեջ տեսականորեն ներգրավվի Ադրբեջանը, ապա վստահաբար այդ աշխարհագրության մեջ հայտնվում է նաև Հայաստանը։ Կասկած չունենաք։ Միայն այդ դեպքում, ուրիշ պարագայում այստեղ, ինչպես ասում են, ռումբեր չեն ընկնի։ Եթե Ադրբեջանն այս կամ այն ձևով ներգրավվեց այդ բախմանը, Հայաստանը չի կարող խուսափել այդ բախումից»,- մեկնաբանեց Հայկ Նահապետյանը։

Իսկ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան կոալիցիայի ռազմական գործողություններին Ադրբեջանի միանալու իրական հնարավորություն և հեռանկար գնդապետը տեսնում է՝ հաշվի առնելով Ալիևի հեռահար ծրագրերն ու Իսրայելի հետ սերտ հարաբերությունները։

Կարդացեք նաև

Ռազմական փորձագետը համոզված է, որ մարտի 5-ին Նախիջևանում ԱԹՍ-ներով հարվածներով միջադեպն ադրբեջանական սադրանք էր՝ Ալիևն էր կազմակերպել Իրանի դեմ պատերազմի առիթ ստեղծելու նպատակով, բայց հետո Բաքվի բռնապետի «փուքսը թողեց», քանի որ Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը մարտի 7-ին պաշտոնապես խոսեց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իսրայելական ներկայության մասին՝ կոչ անելով հարևան Ադրբեջանին՝ որպես մուսուլմանական երկրի, դուրս բերել սիոնիստական ուժերին իր տարածքից և վտանգի չենթարկել սեփական ժողովրդին և Իրանի անվտանգությունը։

«Ես կարծում եմ՝ իրեն զգուշացրել են, և Ալիևի ականջները հեռախոսով ձգել է Էրդողանը, որ՝ «հանգիստ վե՛ր ընկի տեղդ, սա քո կռիվը չէ»։ Ենթադրում եմ։ Ալիևի վրա երկու ազդակ կա՝ Իրանի շտաբի հայտարարությունը և Էրդողանը, որն ավելի ծանրքաշային խաղացող է»,- կարծում է ռազմական փորձագետը։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ «եթե պետք լինի՝ Մեհրիբանն ու Իլհամը երեկոյան թեյախմություն անեն բունկերում, իրանական անօդաչուն կգա, կմտնի պատուհանից սենյակ, կիջնի Իլհամի ոտքերի մոտ և ոտքերի մոտ կպայթի»։

Փորձագետը կարծում է, որ Իրանը կհարվածի օկուպացված Արցախի տարածքում կամ Նախիջևանում տեղակայված իսրայելական օբյեկտներին, եթե առարկայական վտանգ զգա այդ կողմից, և եթե այդ ուղղությունից օդուժ և հրթիռներ աշխատեն։

Այս համատեքստում ռազմական փորձագետն ընդգծում է, որ Նախիջևանի կարգավիճակի փոփուխությունն Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների կողմից՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության նախաբանից 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումները հանելը ևս կապված է այս իրադարձությունների հետ։

«Ադրբեջանը փորձում է անեքսիայի ենթարկել այդ տարածքը, որի իրավունքն ինքը չունի, որովհետև ըստ պայմանագրի՝ երկու պետություն (Ռուսաստանը և Թուրքիան) երաշխավոր են Նախիջևանի կարգավիճակի ցանկացած փոփոխության։ Հիմա Իլհամի փառասիրությունը, ինչպես ասում են, աստղերի է հասնում, ասում է՝ «կարամ անեմ»։ Օրենքով կարգ է խախտում, պայմանագիր է խախտում։ Վաղը Ռուսաստանը կամ Թուրքիան ականջները ձգելու են, ասելու են. «Էս ի՞նչ ես արել։ Քեզ ո՞վ ա թողել, որ էդ ինքնավարության ստատուսը փոխելու միակամ որոշում կայացնես»։ Երբ Միացյալ Նահանգներն այստեղից հեռանան, այդ ժամանակ Իրանի և Ռուսաստանի ղեկավարներն Ալիևին կանչելու են՝ ասեն. «Տղա ջա՞ն, էդ ի՞նչ ինքնուրույն որոշումներ էիր կայացնում, կարգավիճակ էիր փոխում։ Էդ ո՞ր օրենքով՝ «պանյատկո՞վ»։ Դե հիմա «պանյատկով» քո էրկու ականջը կկտրենք և էլի կախված բաներ կա՝ կկտրենք, կուղարկենք կնոջդ մոտ, եթե «պանյատկով» ես շարժվում»»,- այսպիսի հետաքրքրաշարժ զարգացումներ է կանխատեսում փորձագետը։

Իսկ ընդհանուր առմամբ, ռազմական փորձագետն արդեն  մոտ երկու շաբաթ շարունակվող իրանա-իսրայելա-ամերիկյանն պատերազմի վատագույն սցենարը համարում է միջուկային կամ ատոմային պատերազմի վերածվելը.

«Անտրամաբանական էր ռազմական գերտերություն հանդիսացող Միացյալ Նահանգների հաշվարկը, ըստ որի՝ եթե առաջին օրը գլխատվում է Իրանի վերնախավը, ապա Իրանը հանձնվում է։ Չեք կարծո՞ւմ, որ անտրամաբանական բան է։ Փաստացի, Իրանը չհանձնվեց, և Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ծանր վիճակում են հայտնվել։ Հիմա կամ պարզվում է, որ «փրկչի երկրորդ գալուստը» կամ «արմագեդոնը» բլեֆ էր, եթե իրենք համոզվում են՝ հետքայլ են անում, եթե չեն համոզվում, ապա գնալու են մինչև վերջ, իսկ մինչև վերջը միջուկային պատերազմն է, այսինքն՝ միջուկային զենք օգտագործելը։

Եթե Իսրայելը կրակի, սկզբունքորեն Իսրայել Պետությունը կարող է այլևս չլինել, որովհետև Իրանն ունի հիպերձայնային արագությամբ հրթիռներ, որոնցով կարող է հարվածել Իսրայելի երկու էլեկտրակայանի, քիմիական երկու մեծ գործարանի, միջուկային ռեակտորի անապատում և միջուկային պահեստներին, որին ևս կարող է խփել Իրանը։

Եթե Միացյալ Նահանգները միջուկային հարված հասցրեց, չգիտեմ՝ Իրանի ձեռքերը որքան երկար են։ Եթե Ամերիկան խփեց, ես չգիտեմ՝ հետո Երկիր մոլորակի ճակատագիրն ինչ է լինելու։ Իհարկե, քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգները գնա այս ծայրահեղ քայլին, բայց Իսրայելի տարբերակը ես չեմ բացառում»։

Նահապետյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փաստացի պարտվել են պատերազմում, և հիմա գնում է «ռեսուրսային կռիվ»։

«Էս կռիվը պիտի կանգնի. անտրամաբանական կռիվ է», – հավելում է ռազմական փորձագետը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս