Անդիպչելի Հայաստան. Իշխանության հետ համագործակցության ապականությունը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին Նիկոլ Փաշինյանի ուղղակի ցուցումով աշխատանքից ազատելը՝ տոտալիտար համակարգին բնորոշ այլանդակություն լինելուց բացի, վկայում է մեկ այլ՝ կոնկրետ այս դեպքի հետ կապ չունեցող երևույթի մասին:
Խոսքը գործող իշխանության պայմաններում պետական կառավարման համակարգում աշխատելու և դա այս կամ այն կերպ հիմնավորելու մասին է: Պետական կառույցներում, ամենատարբեր ՊՈԱԿ-ներում ու սրան-նրան առընթեր մարմիններում աշխատողների մի քանի խմբեր կան: Դրանց մի մասը՝ թքած ունենալով այս իշխանության հակապետական քաղաքականության վրա, զուտ նյութական բարեկեցության համար աշխատում է տարբեր կառույցներում՝ ընդհանրապես չմտածելով, որ թեկուզ փոքր չափով նպաստում է նույն հակապետականությանը:
Նրանց կողքին կան նաև իրապես բարձրորակ մասնագետներ, այդ թվում՝ քաղաքացիական բարձր գիտակցությամբ, որոնք ազնվորեն հավատում են, թե հնարավոր է այս կամ այն համակարգին մաս կազմելով՝ գոնե սեփական գործունեությամբ կանխել դրա հակապետականությունն ու ապազգայնությունը:
Սա պայմանականորեն կարելի է անվանել «համակարգը ներսից փոխելու» մոտեցում: Դրանով, սակայն, առաջնորդվում են ոչ միայն տարբեր կառույցների իրապես ազնիվ աշխատակիցները, այլ նաև նրանք, ովքեր առաջին խմբի նման՝ ներքուստ թքած ունենալով իշխանության հակապետականության վրա, միևնույն ժամանակ սեփական դեմքը փրկելու մղումով արդարանում են, թե իրենք ծառայում են ոչ թե իշխանությանը, այլ պետությանը:
Բայց ավելի էական է համակարգը ներսից փոխելու հայեցակարգին դեռևս հավատացող խավը, որն անգամ ամենաազնիվ մղումներով, իրականում ակամայից ծառայում է իշխանության կեղտոտ քաղաքականությանը՝ մասնագիտական որակներով դեռևս ապահովելով այն կառույցների կենսունակությունը, ինչը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե պետության, այլ սեփական իշխանության դիրքերն ամրացնելուն է ծառայում:
Էդիտա Գզոյանի հետ տեղի ունեցածը հերթական անգամ, բայց թերևս վերջնականորեն հօդս ցնդեցրեց այն առասպելը կամ փուչիկը, որ փաշինյանական ու ՔՊ-ական իշխանությանը ենթակա պետական համակարգը հնարավոր է եթե ոչ՝ փոխել ներսից, ապա՝ գոնե զերծ պահել հակապետականությունից ու արդեն իսկ ինստիտուցիոնալացող կոլաբորացիոնիզմից:
Այս դեպքը ցույց տվեց, որ անկախ այս կամ այն պաշտոնյայի, մասնագետի անհատական որակներից, նրանք պետք են իշխանությանն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց մասնագիտական ու քաղաքացիական արժանապատվությունից բխող գործունեությունը չի հակասում իշխանության ստորաքարշ քաղաքականությանը: Իսկ երբ դա տեղի է ունենում՝ անմիջապես որակվում է որպես «սադրանք», ինչպես տեղի ունեցավ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի արդեն նախկին տնօրենի պարագայում:
Ժողովրդավարական փաթեթավորմամբ ավտորիտար համակարգեր ունեցող երկրներում այլասերման աստիճանի հասնող դեգրադացված իշխանության համար կենսականորեն կարևոր է գոնե ցուցադրական համագործակցությունը հանրության որակյալ, արժանապատիվ խավերի ներկայացուցիչների հետ:
Ինչպես որ, նման համակարգերի դեմ պայքարում առավել քան կենսականորեն կարևոր է համագործակցության իսպառ, բացարձակ, տոտալ բացառումն իշխանության հետ՝ սկսած սոցիալական շփումներում, մարդկային հարաբերությունների հարթությունում ցուցադրական մերժումից («Բարև չտալու» սկզբունք)՝ վերջացրած, առավել ևս, անգամ ամենաազնիվ հիմնավորումներով որևէ աշխատանքային, մասնագիտական շփում որևէ, նույնիսկ իշխանության հետ հեռավոր առնչություն ունեցող համակարգի հետ:
Խորքային առումով Հայաստանի իշխանություններից ազատվելու ճանապարհն ընտրությունները չեն, ոչ էլ անգամ բազմահազարանոց փողոցային ակցիաները: Ընտրություններն էլ, բողոքի ցույցերն էլ կարևոր են, բայց դրանք սոսկ մեխանիկական ակտեր են, եթե հանրությունը՝ լայն զանգվածներով, և էլիտաները՝ անվերապահորեն, բացարձակորեն չեն մերժում համագործակցությունն իշխանության անգամ ամենավերջին բջիջի հետ:
Որևէ քիչ թե շատ նորմալ հանրությունում Փաշինյանն ու նրա թիմը կարժանանային այնպիսի հանրային մերժման, որի լավագույն օրինակը հնդկական կաստաների կողմից «անդիպչելիների» նկատմամբ վերաբերմունքն է:
«Դալիթներ» կոչվող այդ խավին անգամ ձեռքով դիպչելը համարվում է ապականություն: Հայաստանում դա տեղի չի ունենում, ինչի պատճառով նաև Փաշինյանը պետությունն է վերածել անդիպչելի միավորի, որի հետ աշխարհում եթե համագործակցում են, ապա միայն օգտագործելու համար:
Փաշինյանն ինքը հաճույքով օգտագործվում է բոլորի կողմից՝ դրա արդյունքում անխուսափելիորեն առաջացող նվաստացումը սուբլիմացնելով իր հետ անգամ հանուն պետության համագործակցողների օգտագործելով: Եվ ազատելով նրանց, երբ պահանջում են իրեն օգտագործողները:
Հարություն Ավետիսյան



