Վազգենն ասեց՝ լսի՛, աչքիս ոնց որ Լևոնն ուզում է քեզ Պաշտպանության նախարար նշանակի. Ռիտան ու ծնողներս կատեգորիկ դեմ էին տեղափոխությանը. Սերժ Սարգսյան
Ինչո՞վ էր պայամանավորված պատերազմի ընթացքում՝ 1993 թվականին, Արցախի Ինքնապաշտպանության կոմիտեի և ինքնապաշտպանության ուժերի ղեկավար Սերժ Սարգսյանին Հայաստան բերելն ու ՊՆ պաշտոնում նշանակելը. «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակում ՀՀ Երրորդ նախագահից հետաքրքրվեցին հաղորդավարները:
Երրորդ Նախագահն արձագանքելով՝ նախ խոսեց նախապատմության մասին. «1993 թվականի ապրիլին ադրբեջանցիների հարձակման հետևանքով գրեթե հայաթափվել էր Մարտակերտի շրջանը, և մի օր Զորի Բալայանը եկավ, ինձ ասաց, որ Հաթերքի և շրջակա գյուղերի կռվող տղաներն ուզում են քեզ հետ հանդիպել: Գնացի, խոսք գնաց այն մասին, որ՝ ախր, դժվար է կռվել, մենք նույնիսկ համազգեստ ու զինվորական կոշիկ չունենք: Ես խոստացա, որ կարճ ժամանակում անպայման այդ խնդիրը լուծվելու է: Ես մեծ հույս ունեի, որ, իրոք, կարելի է դա լուծել:
Մայիսի առաջին տասնօրյակում ես եկա Երևան, արդեն պատրաստվում էի գնալ Մոսկվա` այդ խնդիրները լուծելու համար, ինձ Վազգենն ասաց՝ լսի՛, աչքիս ոնց որ Լևոնն ուզում է քեզ Պաշտպանության նախարար նշանակի: Ասացի՝ Վազգե՛ն ջան, մինչև քո աչքինն իրականություն դառնա, ես երկու կարևոր խնդիր պետք է լուծեմ՝ պետք է գնամ Մոսկվա, տղաներին տվածս խոստումը կատարեմ, և երկրորդ՝ պետք է վերադառնամ Ստեփանակերտ և այնտեղ իմ մարտական ընկերներին, Ռոբերտ Քոչարյանին ասեմ, որ այսպիսի առաջարկ կա, ի՞նչ են կարծում դրա մասին: Ասեց՝ շատ լավ, պայմանավորվեցինք, գնա, շուտ արի:
Գնացի, երևի անցել էր մեկուկես ամիս, Վազգենը զանգեց-ասեց՝ լսի՛, Լևոնը հարցնում է՝ չե՞ս գալու: Ասեցի՝ Վազգե՛ն ջան, գրեթե ավարտել եմ, գալու եմ, ասեց՝ շատ լավ: Արդեն այդ ընթացքում հասցրել էինք տեղափոխել և՛ համազգեստ, և՛ կտոր, և՛ կոշիկ: Երբ վերադարձա, Վազգենն ասեց՝ իրոք, նման առաջարկ կա, ասեցի՝ շատ լավ, գնամ Ստեփանակերտ, հետ վերադառնամ, եկա, բոլորն էլ ասեցին՝ երևի ճիշտ է»:
Սերժ Սարգսյանը դժվարացավ ասել, թե որն էր իր նշանակման պատճառը:
«Միգուցե պատճառը նա էր, որ մենք կարողացել ենք դիմակայել ադրբեջանական հարձակումներին, ձեռքբերումներ ունեինք և այլն: Առաջին նախագահը, երևի նաև Վազգենի հավանությամբ, որոշեց, որ Պաշտպանության նախարարը ճիշտ կլինի, որ Ղարաբաղի ինքնապաշտպանության կոմիտեի նախագահը լինի. Այդպես, ես դարձա ՀՀ պաշտպանության նախարար»,- հավելեց նա:
Նախագահը հիշեց, որ իր լուսահոգի տիկին Ռիտան կատեգորիկ դեմ էր:
«Խոստացել էի` երբ ռազմական գործողությունները դադարեն, անպայման իրենց հրավիրելու եմ Երևան, ու երբ ես արդեն ԱԱԾ կոմիտեի նախագահ նշանակվեցի, իրենց հրավիրեցի»,- հիշեց նա:
Սերժ Սարգսյանը հուզմունքով մտաբերեց նաև ծնողների արձագանքը. նրանք ևս դեմ են եղել որոշմանը՝ իրենց տեղափոխությանը:
«Առաջին հերթին մայրս էր դեմ. ասում էր՝ ճիշտ չէ իրենց տեղափոխվելը Երևան՝ մեկ, որ մարդիկ ի՞նչ կասեն՝ ինքը գնացել է, հիմա ծնողներին է տարել, եթե այստեղ անվտանգ է` ինչո՞ւ է ծնողներին տարել, և երկրորդ՝ ասում էր՝ ես ու հերդ տանջանքով տուն ենք կառուցել, ես իմ տունը թողնեմ ու՞ր գնամ: Ինձ համար դա շատ համոզիչ էր, որովհետև այդ ռմբակոծումների ժամանակ մայրս մեր տնից մի վայրկյան չի բացակայել: Ընդ որում, 44-օրյա պատերազմի օրերին էլ ասում էր՝ ես պետք է գնամ, ու գնացել է»,- պատմեց նախագահը:

