Օնիկ Գասպարյանը չի ցանկացել ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին և զեկույցին

Հոկտեմբերի 15-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու՝

– Արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին անդրադարձ կա՞,

– ինչո՞ւ ՀՀ ԶՈՒ նրան չհրավիրեցին հարցաքննության, հատկապես, երբ Անդրանիկ Քոչարյանը ոչ մեկ անգամ ասել է՝ Գլխավոր շտաբի որոշումներին վերաբերող հարցերը հիմնականում Արտակ Դավթյանի ղեկավարման ժամանակահատվածի հետ են կապված, քանի որ 44-օրյա պատերազմից առաջ Օնիկ Գասպարյանը մի քանի ամսվա ԳՇ պետ էր,

– Գաղտնիության ի՞նչ աստիճան են ստացել 2016 թվականի Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողություններին վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցները,

Կարդացեք նաև

– Հուլիսյան մարտերին անդրադարձ եղե՞լ է 44-օրյայի քննիչ հանձնաժողովում այդ ժամանակվա ռազմական ղեկավարության՝ Դավիթ Տոնոյանի և Օնիկ Գասպարյանի փակ հարցաքննությունների ժամանակ:

Անցել է գրեթե 10 օր, սակայն Անդրանիկ Քոչարյանը և նրա աշխատակազմը չի արձագանքել: Չեն արձագանքել նաև մեր հիշեցումներին, որ «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի պահանջով պետք է 5-օրյա ժամկետում տեղեկացվի հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին:

Ավելին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի պաշտոնական էջում մեր թողած մեկնաբանություն-հիշեցումներն անընդհատ հեռացվել են:

Այդ իսկ պատճառով հրապարակման միջոցով ենք անդրադառնում Անդրանիկ Քոչարյանի այս պահվածքին, հատկապես, երբ սա առաջին անգամ չէ, և հատկապես, երբ քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացնել-չներկայացնելու համատեքստում նա անընդհատ օրենքի պահանջ էր հիշատակում, տվյալ դեպքում՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը:

Ինչ վերաբերում է մեր հարցադրումներին, ապա այս ընթացքում մենք հասցրել ենք այլ, այդ թվում՝ բաց աղբյուրներից տեղեկանալ, որ, օրինակ, 2016 թվականի Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողություններին վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցները ստացել են գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն էլ մեզ հետ զրույցում հերթական անգամ շեշտել է, որ հրավերի դեպքում պատրաստ էր գնալ Քննիչ հանձնաժողով:

Իսկ հուլիսյան մարտերը թեման հետաքրքրել էր, որովհետև Անդրանիկ Քոչարյանը գրեթե 20 օր առաջ հայտարարել էր հետևյալը.

«Հուլիսի տավուշյան դեպքերից հետո մենք հայտնվեցինք լրիվ այլ իրականության մեջ: Զոհրաբ Մնացականյանին հարցրել ենք որպես Արտաքին գործերի նախարար՝ ե՞րբ զգացիք, որ ինչ-որ բան փոխվեց, վերջին հաշվով, բանակցային ակտիվ պրոցեսներ կային: Հուլիսյան դեպքերը ինչ-որ տեղ պետք է ավելի խորը ուսումնասիրվեն՝ ո՞նց եղավ մեր մասնակցությունն այդ ինչ-որ անիմաստ պրոցեսին»:

168.am-ը սեպտեմբերի 23-ին գրավոր հարցում էր ուղարկել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պարզելու, թե արդյոք կա՞ որոշում 44-օրյայի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստում ներկայացնելու կամ՝ այլ ֆորմատով (այդ ժամանակ դեռ հայտնի չէր զեկույցի ճակատագիրը), ինչպես նաև՝ Քննիչ հանձնաժողովում հարցաքննված ռազմական և ոչ ռազմական ղեկավարությունից կամ նախկին ու գործող պաշտոնյաներից ով է գրություն ուղարկել, որպեսզի ծանոթանա իր հարցաքննության արձանագրություններին և զեկույցին:

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ «Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար և հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն
ծանոթանալու իրենց մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին և ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ, ինչպես նաև՝ պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, հիմնավորելու իրենց դիրքորոշումն ամբողջությամբ»:

Հարցման առաջին մասին, քանի որ օպերատիվության և հրատապության խնդիր էր առաջացել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը բանավոր էր պատասխանել՝ ասելով, որ 44-օրյա պատերազմի զեկույցը չի քննարկվի ԱԺ-ում․ այն կուղարկվի առաջին բաժին:

Ինչ վերաբերում է հարցման երկրորդ մասին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատակազմը գրավոր տարբերակով հիշեցրել է վերևում հիշատակված «ԱԺ կանոնակարգ» օրենքի 22-րդ հոդվածի համապատասխան պահանջը և հավելել.

«Նմանօրինակ գրություն ստացել ենք միայն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից, որին տրվել է ընթացք, և նա՝ համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի վերոնշյալ դրույթի, կկարողանա ծանոթանալ իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին: Իսկ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից, ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանից նման գրություն չենք ստացել»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ նախկին նախարարին թույլ են տալու ծանոթանալ ոչ թե պատրաստի զեկույցին, այլ արձանագրություններին, որտեղ այլևս փոփոխություններ անելու հնարավորություն չի լինելու, ինչպես օրենքով թույլատրելի է: Մյուս կողմից, եթե օրենքի համապատասխան զեկույցում նշվում է, որ հարցաքննության կանչված պաշտոնատար և հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն նաև «պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ», արդյո՞ք սա չի նշանակում, որ զեկույցին ևս կարող են ծանոթանալ:

Այս համատեքստում հարկ է հիշել, որ, օրինակ, Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի հետ կապված դառը փորձ ունի, երբ պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում նրա ներկայացրած զեկույց-առաջարկն աղավաղված էր գաղտնազերծվել, որպեսզի ցույց տրվեր, որ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստում պատերազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել:

Մյուս կողմից, չի բացառվում, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հիմքում ընկած է պատերազմից հետո ԳՇ-ում Օնիկ Գասպարյանի նախաձեռնած ուսումնասիրությունը, որն ամփոփել էր Արտակ Դավթյանը, և դրա համար Գասպարյանը ցանկություն չի հայտնել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքների վերջնարդյունքին ծանոթանալու:

Տեսանյութեր

Լրահոս