Եթե ռազմական դրության ժամանակ Փաշինյանը չէր կարող գերագույն հրամանատար լինել, ինչի՞ էին ամեն ինչ իրեն զեկուցում, և ինքն էր որոշում կայացնում. Տիրան Խաչատրյան
Վերջին օրերին քննարկման օրակարգ է բերվել 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակի և ՀՀ զինված ուժերի պատասխանատվության չափաբաժինը՝ կարևոր հատվածներում պաշտպանական գծի ճեղքման, մարտավարական խորությամբ ադրբեջանական մխրճումների և Շուշիի կորստի վերաբերյալ:
Մասնավորապես, սրա համար հիմք էր ծառայել ապրիլի 17-ին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի 2025թ. կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիմում-հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մեկ ամիս՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը, պահել են:
«Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել-հասել Շուշի, Բերձոր, Բերդաձոր և Հայաստանի Հանրապետության սահմաններ` Գորիս, Կապան, Մեղրիի սահմանները: Հիմա դուք ասում եք՝ փախել են գեներալները, փախել են ձեր ղեկավարությամբ, գնացեք և որոշում ընդունեք»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել էր Օհանյանը:
Ավելի ուշ 24TV–ի հետ զրույցում նա նշել է, որ Արցախի պաշտպանության գոտում մխրճման համար առաջին գծում պատասխանատվությունն Արցախի Պաշտպանության բանակինն է, բայց եթե հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացնում է ճեղքման գոտու ուղղությամբ և մխրճվում է պաշտպանության գոտի մարտավարական խորությամբ, դրանից հետո խնդրին միանում են ՀՀ զինված ուժերը՝ հապատասխան զորամիավորմամբ և այլ ուժերով: Այսինքն, ըստ Սեյրան Օհանյանի, այս դեպքում որոշումներն ընդունվում են ՀՀ իշխանությունների կողմից, և հիմնական պատասխանատուն Փաշինյանն է:
«Արցախի պաշտպանության գոտու աջ կողմում մի մեծ տարածություն է` Արաքսի գետի հունով մոտ 100 կմ՝ մինչև ՀՀ սահմաններ, այդ ուղղությամբ է, որ Ադրբեջանը կարողացել է զարգացնել իր հարձակումը և հասնել ՀՀ սահմաններ։ Իսկ ՊԲ-ի համար շատ դժվար էր այդ հատվածում, այսպես ասած, իր աջ թևը պտտացնել, որ կարողանա իր պաշտպանությունն ամբողջությամբ իրականացնել։ Եթե ժամանակին մարտավարական խորությամբ հակառակորդն այդտեղ կանգնեցվեր, ապա չէր լինի Հադրութի և Շուշիի գրավումը»,- շարունակել է նա:
Նշենք, որ այս միտքն առավել ընդգրկուն Ս. Օհանյանն ասել է դեռևս 2023թ. 168.am-ի հետ հարցազրույցում:
«ՊԲ-ն ունեցել է 283 կմ պաշտպանական գոտի, 2 տեղում հակառակորդը հարված է հասցրել հարավային ուղղությամբ՝ Հադրութ, Ջաբրայիլ, և հյուսիսային՝ Մարտակերտի ուղղությամբ: Հարավային ուղղությամբ հակառակորդը կարողացել է ճեղքել պաշտպանական գիծը: Այդ ճեղքումով հակառակորդը կարողացել է 52 կմ մինչև Շուշի հասնել, մինչև 70-100 կմ հասնել Մեղրի, Կապան, Գորիս, Սև լճի հատվածներ: …Հակառակորդը կարողացել է մխրճվել և առաջ շարժվել այն վայրով, որի ուղղությամբ որոշման հաստատումը ՀՀ ղեկավարի պարտականությունն էր: Շուշիի օպերացիան մենք պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում: Առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար»,- մանրամասնել էր Պաշտպանության նախկին նախարարը:
Այլ հարց է, որ Ս. Օհանյանը վերջին օրերին խուսափեց պատասխանել ռազմական կամ պատերազմական գործողությունների վերաբերյալ մեր հարցերին, այդ թվում՝ Շուշիի պաշտպանության առնչությամբ:
Հադրութ, Շուշի գնալը ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի պատասխանատվության գոտում չի եղել
Մենք փորձեցինք լսել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի մասնագիտական կարծիքը, ով եղել է հարավային ուղղության պատասխանատուն, և այս օրերի խոսակցությունների համատեքստում կարող էին թյուր պատկերացումներ ստեղծվեին:
«Հադրութ, Շուշի, ով մի քիչ պատկերացում ունի, պիտի հասկանա, որ դա իմ պատասխանատվության գոտու հետ հեչ կապ չունի, ընդհանրապես որևէ առնչություն չունի, այդ գոտուց դուրս է: Այդ ուղղությունը, որ Հադրութից գնացել են Շուշի, հարավային խմբավորման հետ ընդհանրապես կապ չունի: Ասում եք՝ Սեյրան Օհանյանն Արաքսի ափի անուն է տալիս, որ՝ «Արաքսի գետի հունով մոտ 100 կմ մինչև ՀՀ սահմաններ, այդ ուղղությամբ է Ադրբեջանը կարողացել զարգացնել իր հարձակումը և հասնել ՀՀ սահմաններ», Ս. Օհանյանն ուրիշ բան է ասում, ինքն ասում է, որ ռազմավարական խորությունում պաշտպանություն կազմակերպելու պատասխանատվությունը Ն. Փաշինյանի վրա է:
Իսկ Արաքսի ափը, որ ասում է՝ Արցախի 9-րդ պաշտպանական շրջանի պաշտպանության գոտին է եղել, որը գործել է Արցախի ՊԲ-ի կազմում մինչև վերջ: Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսին, ապա նա ինչ խնդիր ստացել է, որքանով ուժերը բավարարել են, կատարել է դրանք: Իսկ ճեղքումը, հետո՝ առաջխաղացումը, դա ՀՀ զինված ուժերի 1-ին ԲԿ-ի հետ առնչություն չունի: Հադրութ, Շուշի գնալը ո՛չ առաջին բանակային կորպուսի պատասխանատվության գոտում է եղել, ո՛չ էլ ուրիշ մեկի: Դա եղել է Արցախի ՊԲ պատասխանատվության գոտի, ՊԲ հրամանատարության հետ կապված խնդիրներ են: Ուրիշ բան, որ իրենց ուժերը դիմակայելու, պաշտպանելու… կամ՝ կազմակերպական առումով ճիշտ խնդրավորելու համար ինչ-որ բան այն չի արվել:
Եթե ավելի դետալացնենք. եղել է պաշտպանության ինչ-որ հենակետ, դիրք, հենակետ, շրջան, հետո՝ ՊԲ պատասխանատվության գոտի, և այդ ամեն ինչից հետո ավելի խորքում Շուշի կա»,- պարզաբանեց գեներալը՝ կրկնելով, որ Ս. Օհանյանն ասել է՝ գլխավոր պատասխանատուն երկրի ղեկավարն է, գերագույն հրամանատարը, նա պետք է հասկանա, թե ինչ որոշման տակ է, այսպես ասած, «ստորագրում»:
Հակադարձմանը՝ Ն.Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ ինքը ռազմական գործի մասնագետ չէ, և պարտավոր չէ հասկանալ նեղ հարցերից, մյուս կողմից, 168.am-ը գրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի ժամանակ վարչապետը չի կարող լինել գերագույն հրամանատար, այսինքն՝ ԳՇ պետը ենթակա է Պաշտպանության նախարարին, Տիրան Խաչատրյանն արձագանքեց.
«Բա եթե մասնագետ չի, ինչի՞ է ղեկավարում: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, այդ դեպքում հարցրեք՝ ինչի՞ համար էին ամեն ինչ իրեն զեկուցում, և ինքն էր որոշում կայացնում»:
Հնարավոր է՝ Հայաստանն ինչ-որ բան պահանջել է, բայց Ադրբեջանն ասել է՝ հեռու խաղացեք
Հաշվի առնելով, որ Տավուշի հատվածում ինչ-որ պահի տեղի է ունենալու սահմանազատման և սահմանագծման երկրորդ փուլը, իսկ քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքով՝ անկլավային գյուղերի հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլև հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը, մենք ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալի հետ զրույցում չէինք կարող անտեսել տավուշյան հատվածում տեղի ունեցած զարգացումները:
Ի վերջո, այն, որ 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հանվեց Տավուշի մասին կետը, իր ներդրումն է ունեցել նաև Տիրան Խաչատրյանը:
Այս համատեքստում չենք շրջանցել Տավուշի հատվածում 2019թ. ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի շնորհիվ մեր արձանագրած դիրքային բարելավումները, երբ իշխանություններն արձանագրում էին, որ՝ «հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողովակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները»:
Սրանից հետո 2020թ. հուլիսին տեղի ունեցան մարտական գործողություններ, որի ժամանակ Հայաստանը ևս դիրքային բարելավումներ ապահովեց: 2024թ. 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Տավուշում 2020թ. հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019թ. փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից»:
Բայց հուլիսյան մարտերից տարիներ հետո Ն. Փաշինյանը պիլոտային սահմանազատման և սահմանագծման գործընթացի միջոցով ոչնչացրեց հուլիսյան մարտերի հաջողությունները:
Տիրան Խաչատրյանը հաստատում է՝ «այդ ժամանակ կատարել ենք դիրքային բարելավման խնդիրներ»:
«Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ապա այսօր ոչ մի հարց էլ չենք լուծել մեր օգտին, մենք կատարել ենք հակառակորդի կողմից առաջ քաշված պահանջները: Մենք մեզ համար ոչ մի հարց չենք լուծել: Կարո՞ղ եք ինչ-որ տեղ նշել, որ պատմական արդարության, իրականության վերականգնման, կամ, ինչո՞ւ չէ՝ ներկայի համար ամրագրված կարգով իրավիճակը հօգուտ մեզ շտկելու համար բան է արվել: Չի՛ եղել նման բան: Եվ մտածել, որ հետագայում էլ մեզ համար ինչ-որ հարց է լուծվելու, չի՛ լինելու նման բան: Չկա՛ նման բան:
Ինչ որ Ադրբեջանն ասել է, ուզել է, դա ստացել է: Եթե նույնիսկ մեր կողմից որևէ բան էլ ներկայացվել է, այսպես ասած՝ ավելի բերանին տվել և աղբամանն են գցել, եթե եղել է: Ամեն դեպքում, որևէ հարց մեզ համար (և դրանք քիչ չեն՝ դեռևս խորհրդային շրջանի սահմանների վերականգնման առումով) չի արվել: Առկա քարտեզներում մեզ օգուտ բաներ կան, որ հայկական են եղել և հիմա մերը չեն: Ես չգիտեմ՝ գուցե պահանջել են դրանք, բայց ասվել է՝ հեռու խաղացեք: Վիճակը դա է ցույց տալիս»,- նշեց գեներալը:





