
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԳՈՐԾԻՔՆԵՐ ՈՒՆԻ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐՔՆ ԱԳՐԵՍԻԱ Է, ԻՍԿ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱՂԱՂ ԳՈՅԱԿՑԵԼ. ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Եկեղեցու և հանրային իշխանության միջև առճակատման սերմերը նկատելի էին դեռևս 2018թ.-ից, երբ հասարակական նախաձեռնությունը գործող Կաթողիկոսի պայմաններում, ակնհայտորեն ուներ պետական հովանավորություն։ Հասարակության յուրաքանչյուր անդամի համար տեսանելի է հարձակումը Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Ի սկզբանե Միքայել սրբազանի հետ տեղի ունեցածը պետք է դիտարկել հենց այս՝ կրոնական ազատությունների համատեքստում։
- Սամվել Կարապետյանի դեպքում առհասարակ բռնության կոչ չկար, որը երկրում ապստամբությունների կամ այլ վտանգավոր գործողությունների կհանգեցներ։ Խոսքը եկեղեցուն սատարելու մասին էր, ու այստեղ է, որ քաղաքական հետապնդման տարրն է առաջ գալիս՝ արտահայտված պատժիչ ձևով։ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են տեղի ունենալու, և կատարվողը պետք է դիտարկել այդ համատեքստում։
- Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) իշխանության ձեռքում գտնվող ռեսուրս է, և նա չի կարող շեղվել այն ուղուց, որին դավանում է պետական իշխանությունը։ Սրանով է պայմանավորված այն կոնտենտը, որը հեռարձակվում է Հանրայինով։
- Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողը մենք կարող ենք բնորոշել որպես հարձակում անձի վրա՝ պայմանավորված նրա քաղաքացիական դիրքորոշմամբ, որը համակցվեց տնտեսական ռեպրեսիվ գործիքակազմով։ Անձին պատկանող բիզնեսները հայտնվեցին պետության թիրախում։
- Այո, ՀԷՑ-ի հետ կատարվածը բիզնեսի, սեփականության խլում է:
- Միջազգային արբիտրաժի որոշումներն իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա են, որոնք չեն կատարվում քաղաքական նկատառումներով։ Կոնկրետ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) հետ տեղի ունեցածը Հայաստանին պատճառել է ռեպուտացիոն վնաս։ Ու դրանք բացասաբար են անդրադառնալու տնտեսական զարգացման տեմպի, ներդրումային միջավայրի վրա ու հետևանքներ են թողնելու։ Եթե մենք ունենանք վերջնական դատական ակտ, որն իմ համոզմամբ՝ արձանագրելու է սեփականության իրավունքի խախտումները, կարձանագրենք իրավունքի կենսունակությունը։ Բացի դրանից, դրսում գտնվող ՀՀ տնտեսական ակտիվները դառնալու են ռիսկային։ Ավելին, միջազգային գործընկերների հետ հարաբերվելիս վերջիններս միշտ գնահատում են միջազգային արբիտրաժի վճիռների կատարման ցուցանիշները, ուստի տեղի ունեցածից օգուտները հանրային իշխանությունների համար կարճաժամկետ են, բայց միջնաժամկետ հեռանկարում իշխանությունը վերջնարդյունքում չի հաղթելու, ու տնտեսական շատ հարաբերություններ վերանայվելու են։
- Գերիների գնդակահարության դեպքեր ենք ունեցել 2020թ., մասնավորապես՝ Հադրութի՝ գնդակահարության ցուցադրական դեպքը։ Գերիների գնդակահարության դեպքեր ունեցանք նաև Սև լճի մոտակայքում, երբ 9 գերիներ գնդակահարվեցին։ Ադրբեջանական բանտերում ինքնասպանության դեպքեր եղել են, կան նաև կանխված դեպքեր։
- Նիկոլ Փաշինյանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին (ՄԽ) հարցաքննելու միջնորդությունները տակտիկական քայլ են եղել։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտեր, որ դրանք մերժվելու են, բայց այդ միջնորդությունները կարևոր էին, որ նրանց գործողություններն ահաբեկչություն չորակվեն, որովհետև եթե իրենց գործողությունները ահաբեկչական են եղել, ուրեմն հանցակիցների այլ շրջանակ էլ պետք է փնտրել։ Հարց է առաջանում՝ եթե այդ մարդիկ ահաբեկիչներ են եղել, ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խումբը հարաբերվել նրանց հետ, ինչպե՞ս են այլ պետություններ բանակցել, պայմանագրեր կնքել նրանց հետ, ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը նրանց անունից ստորագրել Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը։ Կարծում եմ՝ այս միջնորդությունը ներկայացնելով՝ նպատակ են ունեցել, որ թեև Ադրբեջանի դատարաններում դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը, այն երբեք չի կարող ահաբեկչական միավոր լինել, այլապես պետք է դատվեն նաև Մինսկի խմբի բոլոր համանախագահները։
- Լիբանանահայ Վիգեն Էուլքեջյանի իրավունքներն Ադրբեջանում խախտվում են նաև երկքաղաքացի լինելու հիմքով։ Նրան ներկայացնում են՝ որպես վարձկան, ով Հայաստանի կողմից ներգրավվել է Ադրբեջանի դեմ կռվելու համար։ Տվյալ դեպքում աղավաղված իրականության հետ գործ ունենք, իսկ այստեղ Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների վերաբերյալ հարուցված քրեական վարույթների նյութերը գաղտնի են պահում ու անունները չեն էլ տալիս հարցման դեպքում։
Հիշեցնենք, 2023թ. հունվարին ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000-ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, նրանցից շուրջ 300 ահաբեկիչներ նույնականացվել են։
«Sputnik Արմենիան» օրեր առաջ գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե և խնդրել վարձկանների մասին տվյալներ տրամադրել։ «2020 թվականի 44-օրյա մարտական գործողություններին մասնակցած 300 վարձկանները նույնականացվել են, սակայն նշված տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտնել էր Քննչական կոմիտեն։
Նշենք, որ նույն հարցազրույցում Քյարամյանը նաև նշել էր, որ հետաքննությամբ հիմնավորվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված բազմաթիվ հանցագործություններ՝ ինչպես մարդկության դեմ ուղղված, այնպես էլ՝ ագրեսիվ պատերազմ հրահրելու, վարելու, չթույլատրված զինատեսակներ կիրառելու, գերիներին խոշտանգելու, գերեվարված անձանց սպանելու, դիակների նկատմամբ անարգանք դրսևորելու վերաբերյալ։
- Հայաստանը՝ ի դեմս իշխանությունների, իրավական հարթակներում պրոակտիվ դեր զբաղեցնելուց հետ է նահանջում՝ դատական հայցերի հետկանչ նախաձեռնելով։ Որևէ կասկած չունեմ, որ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելուց զատ, Հայաստանը հետ է կանչելու նաև Թուրքիայի դեմ ներկայացված հայցերը։ Այդպիսով, Հայաստանի իշխանությունները փակում են իրավական պայքարի ուղին։
- Վերադարձի իրավունքը քաղաքական իրավունք է, և այն պետք է իրացվի կոլեկտիվ ձևով։ Վերադարձի իրավունքն արձանագրված է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Վերադարձի իրավունքն ապահովելու համար պետք է իրականացվի քաղաքական ճնշում, բայց փոխարենը՝ մենք ՀՀ իշխանությունների կողմից տեսնում ենք հրաժարում վերադարձի իրավունքից։ Փաշինյանի հայտարարությունը, որ արցախցիների վերադարձի հարցը փակված է, ես դիտարկում եմ՝ որպես խաղաղության հակաթեզ։ Այո, հիմա դա անհնար է, որովհետև արցախցիները պարզապես ֆիզիկապես կոչնչանան, որովհետև չկա խաղաղություն։ Բայց եթե լինի խաղաղություն, ինչո՞ւ այդ վերադարձը հնարավոր չէ։ Եթե Ադրբեջանը, օրինակ, փոխի իր մոտեցումները, հրաժարվի հայատյացության քարոզից, ագրեսիվ հռետորաբանությունից, Ռամիլ Սաֆարովին հետ ուղարկի Հունգարիա՝ պատիժը կրելու, հնարավոր կլինի մտածել խաղաղության մասին։ Այլ պարագայում դա անհնար է։
- Վաշինգտոնյան հռչակագրի տեքստից չի բխում, որ երաշխիքներ են տրված, որ Ադրբեջանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները, բայց կարծում եմ՝ ցանկության դեպքում ԱՄՆ-ը կկարողանա զսպել Ադրբեջանին։ Ամերիկյան կողմն ունի գործիքներ՝ կանխելու պատերազմը։
- Գազայում տեղի ունեցողի օրինակով կարելի է տեսնել՝ ինչպիսի բարոյալքված վիճակում է գտնվում միջազգային իրավունքը։
- Իրականում կան ստվերային պայմանավորվածություններ, որոնք հասարակության տեսանելիության տիրույթից դուրս են։ Թրամփի ասած «կորիդորն» այդ համատեքստում էլ կարելի է դիտարկել։
- Ամերիկան համակարգ է, և բացի երկկուսակցական կառավարումից, ունի նաև ստվերային կառավարիչներ։ Անկախ նրանից՝ ով է նախագահը, գործում է համակարգը:
- Մենք բոլոր տեսակի զիջումների դիմաց ստանում ենք խաղաղության խոստում։ Իսկ իրականում մեր ձեռքբերելիքը պետք է լիներ երկարաժամկետ կայուն խաղաղությունը, որը նաև զարգացման համար հնարավորությունների պատուհան կբացեր։ Այո՛, խաղաղությունն այնպիսի արժեք է, որի համար կարելի է գնալ զիջումների, բայց մենք չենք տեսնում այդ խաղաղության նախադրյալները, օրինակ՝ ատելության խոսքի մեղմումով, մարդասիրական խնդիրների լուծմամբ… մենք դա չենք տեսնում։
- Սյունիքը կորցնելու մտավախությունները հիմնավոր են, դրանք գոյության իրավունք ունեն, ու այդ մտավախությունը կանխող երաշխիքներ մենք առնվազն չունենք։ Օրինակ՝ այդ Թրամփի ուղով անցման ռեժիմն ինչպիսի՞ն է լինելու, զինվորականները և՞ս կարող են անցնել, և այլն, և այլն։ Կանգառի իրավունք ունենալո՞ւ ենք, անցակետերը որտե՞ղ են տեղադրվելու։ Շատ հարցեր կան։
Ադրբեջանական զորքն այս պահին գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Դա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս է հնարավոր այդ պայմաններում խոսել հնարավոր խաղաղության մասին:
- Օտարերկրյա տարածքում գտնվող զորքն ագրեսիա է։ Զորքի շարունակական պահպանումը ոչ տվյալ երկրին պատկանող տարածքում շարունակական ագրեսիա է։ Ագրեսիայից պետք է պաշտպանվել։ Ագրեսիայի հետ չի կարելի խաղաղ գոյակցել։ Մեզ մոտ ագրեսիան ներկայացվում է՝ որպես խաղաղության հետ ներդաշնակեցված պրոցես։ Խաղաղությունն առանց ճշմարտության ու արդարության չի կարող ձեռք բերվել։
- Մենք հարցում ենք ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե և դատախազություն՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել արդեն բացահայտված ու հետախուզվող ադրբեջանցի գործիչների վերաբերյալ։ Ցավոք սրտի, մենք առ այսօր Քննչական կոմիտեից պատասխան չենք ստացել, իսկ դատախազությունից ստացել ենք վերացական տվյալներ։ Հղում են տալիս նախաքննական գաղտնիքին ու հրապարակման ոչ ենթակա տվյալներ լինելուն։
- Քանի որ բռնի տեղահանվածների հարցերն ընդգրկված են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4-րդ գանգատում, ու քանի որ արդեն հայտնի է, որ հայցերը հետ են կանչվելու, մենք դիմում ենք անհատական գանգատների օգնությանը, որպեսզի այդ մարդիկ ու նրանց սեփականության իրավունքը պաշտպանված լինեն։
- Ինձ համար հասու և ընկալելի չէ՝ ինչ է Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Չորրորդ Հանրապետությունը»։
- Ակնկալում ենք, որ նոյեմբերի 4-ին Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին տեղեկատվություն կստանանք։
Մանրամասները՝ տեսանյութում։