Փաշինյանին դեռ հաջողվում է ընդդիմախոսների հակափիառի հաշվին ինչ-որ ռեյտինգ պահպանել, սակայն դա բավարար չէ, որ նա ընտրվի․ քաղաքագետ

«․․․Մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման` մեզ տված մանդատը երկարացնելու է, որովհետև խաղաղության օրակարգը, որ մենք վարում ենք, այդ քաղաքականության հեղինակը ժողովուրդն է»,- ստրասբուրգյան ճեպազրույցում, ի թիվս այլնի, այս վստահ հայտարարությունն է արել Նիկոլ Փաշինյանը։

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ինքնավստահության պատճառը, արդյո՞ք իշխող ուժը 2026 թվականին ունի վերընտրվելու շանսեր՝ 168am-ը հետաքրքրվեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանից։

Ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանը նախ հիշեցրեց, որ Փաշինյանը 2021թ․ մանդատ չի ստացել այն ամենի համար, ինչն ինքն իրականացրել է հաջորդիվ, ապա նաև նկատեց, որ ժողովրդից մանդատ ստացող անձը չի կարող ամեն ինչում մեղադրել ժողովրդին։

«Այն քարոզարշավը, առաջարկները, ծրագիրը, որը ներկայացրել է այդ ժամանակ, ամբողջությամբ տարբերվում է դրանից հետո իրագործված ծրագրից։ Փաշինյանն այդ քվեները ստացել էր ոչ թե որպես անձ, այլ քաղաքականություն վարող, իսկ այդ քաղաքականությունն ինքը փոխել է ընտրվելուց հետո։ Այսինքն՝ Փաշինյանն ընտրողներին խաբել է,- նշեց Հրանտ Միքայելյանը, ապա հավելեց,- Արդյո՞ք ժողովուրդը նրան մանդատ տվել է․ նախ՝ մենք տեսնում ենք՝ իր բոլոր ելույթներում նա փորձում է ասել, որ ժողովուրդը սխալ է, իսկ մյուս կողմից՝ եթե մենք նայենք, թե ինչպես է ժողովուրդը վերաբերվում իշխանության վարած քաղաքականության առանձին դրվագներին, ապա տեսնում ենք բացասական վերաբերմունք՝ սկսած Արցախի հանձնումից, վերջացրած՝ Թուրքիայի հետ բանակցությամբ այս ձևաչափով, կամ՝ դասագրքերում, այսպես կոչված, բարեփոխումներով»։

Կարդացեք նաև

Ամեն դեպքում, քաղաքագետը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանին դեռևս հաջողվում է ընդդիմախոսների հակափիառի ու սեփական փիառի հաշվին ինչ-որ չափով ռեյտինգը պահպանել, սակայն այդ ռեյտինգը բավարար չէ, որպեսզի նա ընտրվի։

«Ու հենց աստեղ արդեն փորձ է կատարվում լռեցնել քննադատությունը բռնաճնշումներով, ինչի ականատեսն ենք մենք։

Այսինքն՝ խոսել այն մասին, որ Հայաստանում մարդիկ ընտրում են, բացարձակապես սուտ է, քանի որ արդեն ամիսներով ձերբակալված են առաջնորդներ, օրինակ՝  Բագրատ Գալստանյանը՝ այս տարիներին ամենամեծ փողոցային պայքարի առաջնորդը, բանտարկված է նաև Սամվել Կարապետյանը՝ ամենախոշոր հայ գործարարը՝ ինչ-որ արտահայտության համար, և այլն։

Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը։ Փաշինյանը վրդովվել է ու թերևս հույս ունի, որ եթե Մոլդովայում կեղծվել են ընտրությունները, ապա ինքն էլ կկարողանա, այդքան բան»,- պարզաբանեց նա։

Հրանտ Միքայելյանն անդրադառնալով արդեն խաղաղության օրակարգի մասին Փաշինյանի դիտարկումներին՝ շեշտեց, որ այդ օրակարգն ի սկզբանե և ամբողջությամբ սուտ է։

«Սկզբում խոսում էր արժանապատիվ խաղաղության մասին, հետո պարզվեց, որ պետք է Արցախը հանձնել, որպեսզի խաղաղությունը լինի, հետո պարզվեց, որ «միջանցքը» պետք է բացվի, իսկ հաջորդ քայլն ակնհայտորեն լինելու է արդեն ադրբեջանցիների տեղափոխումը Հայաստան։ Այսպիսով, մենք տեսնում ենք, որ իրականացվում է ադրբեջանական ծրագիր»,- ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը չի նշում «միջանցք» եզրույթի մասին, որ դա ճանապարհ է, որը կոչել են TRIPP, մասնագետն արձագանքեց, որ դա արվում է ժողովրդի վրա այն ինչ-որ կերպ վաճառելու համար։

«Այսինքն՝ ինքը նույնիսկ չբացառեց, որ այդ ճանապարհով Ադրբեջանը զենքեր է տեղափոխելու»,- մանրամասնեց նա։

Հստակեցրինք, որ ասվել է, որ Հայաստանն էլ կարող է տեղափոխել, Հրանտ Միքայելյանն ասաց․ «Որտեղի՞ց, Նռնաձորից դեպի Մեղրի՞, թե՞ Ագարակ․․․»։

Ըստ նրա՝ ապագայում այդ ճանապարհով տեղափոխվող զենքերը նաև Թուրքիայի համար են, «որպեսզի զինի Միջին Ասիան՝ Ռուսաստանի դեմ, և այդտեղ նոր պատերազմ սկսվի»։

Առհասարակ, քաղաքագետը խաղաղության պայմանագիրը համարում է կապիտուլյացիոն փաստաթուղթ՝ միակողմանի զիջումներով, իսկ դրա այլընտրանքը համարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական զսպումը։

«Դրա համար պետք է օգտագործել բոլոր հնարավոր գործընկերների աջակցությունը, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսկաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Արաբական երկրների։ Այլ տարբերակ չկա․ միայն ստորագրություններով խաղաղությունը չի հաստատվում։ Խաղաղությունն այն մեխանիզմն է, որը խաղաղությունն ապահովում է, այսինքն, այն, օրինակ, վախը կամ այն բարձր գինը, որը հակառակորդը կվճարի, եթե հարձակվի։

Իսկ այն, որ Փաշինյանը բոլորին ասում է, թե եթե, օրինակ, լավ հարաբերություններ լինեն, ապա ոչ ոք չի ուզենա հարձակվել, ինքն ամեն ինչը մեխանիզմներից, ինստիտուտներից, անվտանգային ճարտարապետությունը տեղափոխում է դեպի Ադրբեջանի ցանկությունը։ Նա ասում է՝ մենք պետք է այնպիսի վիճակ ստեղծենք, որ Ադրբեջանը չուզենա Հայաստանի վրա հարձակվել։

Նախ՝ Ադրբեջանի ուզենալ-չուզենալը Հայաստանի ձեռքում չէ, երկրորդ՝ եթե Հայաստանն ամեն տեսանկյունից սխալ է անում (իսկ Փաշինյանը հենց դա է անում. արդեն նախորդ բոլոր նախագահներին ռազմական հանցագործ է հռչակել, Ադրբեջանի համար հող է ստեղծում, որպեսզի Ադրբեջանը պահանջի նաև տնտեսական փոխհատուցումները, որոնք, ըստ թշնամական կողմի հաշվարկների՝ հարյուրավոր միլիարդներ են), ապա մտածել, որ նման պայմաններում խաղաղություն կլինի, հիմարություն է»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս