Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանին մեղադրել է հանրապետությունում քաոս սերմանելու ցանկության համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի պատգամավորներին մեղադրել է եվրոպական արժեքներից հեռանալու, հանրապետությունում ազատ ԶԼՄ-ների վրա հարձակվելու, վրաց ժողովրդին անայցագիր ռեժիմի հնարավոր արգելքով շանտաժի ենթարկելու և երկրում քաոս սերմանելու ցանկության համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Երբ Եվրախորհրդարանի պատգամավորները հարձակվում են Վրաստանում ազատ ԶԼՄ-ների վրա, երբ Եվրախորհրդարանում բարձրացնում են վիզաների ազատականացված ռեժիմի հնարավոր դադարեցման հարցը, սա վրաց ժողովրդի համար խայտառակություն է ու շանտաժ», – հայտնել է Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում:
Այսպես է նա մեկնաբանել մայիսի 5-ին Եվրախորհրդարանի հավանությունը Վրաստանի շուրջ զեկույցին, որով պահանջվում է պատժամիջոցներ սահմանել վրացական երեք հեռուստաընկերությունների («Իմեդի», «Ռուսթավի 2» և PosTV) նկատմամբ և քննարկել Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ռեժիմի հնարավոր դադարեցման հարցը։
Այս զեկույցի հիման վրա Եվրախորհրդարանը մտադիր է առաջիկայում ընդունել Վրաստանի շուրջ հերթական բանաձևը։
«Եվրոպացի բյուրոկրատները շատ են ցանկանում քաոս և անկարգություններ Վրաստանում՝ դրա համար օգտագործելով տարբեր գործիքակազմեր, այդ թվում նաև շանտաժ՝ Եվրամիությանը մեր երկրի անդամակցության հետ կապված», – ասել է Կոբախիձեն։
Մեկնաբանելով մայիսի 4-ին Երևանում եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ հարցը՝ Կոբախիձեն հայտարարել է, որ առավելագույն պրագմատիկություն է պահպանում։
«Նույնիսկ երբ քո երկրին թշնամաբար են վերաբերվում, դու պետք է առավելագույնս առաջնորդվես քո ազգային շահերի պաշտպանությամբ, առավելագույնս պրագմատիկ լինես և դիվանագիտորեն գործես», – ասել է Կոբախիձեն՝ նշելով, որ գագաթնաժողովի շրջանակներում զրուցել է Եվրոպայի գրեթե 30 ղեկավարի հետ։



