Բաժիններ՝

Եղեք նախանձախնդիր և հաստատակամ, հոգու ամրությամբ. Գարեգին Բ–ն՝ նորաօծ քահանաներին

Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, քահանայական կոչմանն արժանացած նորաօծ յոթ քահանաներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի:

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանը Նաթան արքեպիսկոպոսը ներկայացրել է նորաօծներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը ձեռնադրյալներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց քահանա հայրերին հովվական ծառայության կոչվելու առիթով` նրանց փոխանցելով իր հայրական պատգամն ու օրհնությունը։

Նորին Սրբությունն անդրադարձավ քահանայական կոչմանն ու առաքելությանը՝ կարևորելով եկեղեցականի պատասխանատու և նվիրյալ ծառայությունն ի նպաստ Եկեղեցու պայծառության և Հայրենիքի բարօրության ու առաջընթացի։

Վեհափառ Հայրապետը պատգամել է երիտասարդ հոգևորականներին իրենց սպասավորության մեջ լինել նախանձախնդիր և հաստատակամ, հոգու ամրությամբ և արիությամբ դիմագրավել բոլոր փորձություններն ու դժվարությունները, Հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի հանդեպ անսակարկ սիրով, զոհողության և հանձնառության ոգով բարի օրինակ լինել հավատացյալների համար՝ զորացնելով համայնքային կյանքը և բարձր պահելով Եկեղեցու բարի համբավը։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանա հայրերին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031