Բարձր ենք գնահատում այն շարունակական աջակցությունն ու օգնությունը, որ տարիների ընթացքում ցուցաբերել եք Հայաստանին․ Վահագն Խաչատուրյանը՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեռ Դե Ռուվերին։
Խաչատուրյանն ողջունել է հյուրին Երևանում՝ նշելով, որ նրա այցը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված ամուր բարեկամության և փոխվստահության վրա հիմնված համագործակցության մասին։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և օրենքի գերակայության նկատմամբ փոխադարձ հանձնառության վրա։
Նախագահը երախտագիտություն է հայտնել Պետեռ Դե Ռուվերին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած հետևողական աջակցության, ինչպես նաև սկզբունքային դիրքորոշման համար Հայաստանի համար կարևոր հարցերում։ Նա բարձր է գնահատել նաև Բելգիայի քաղաքական շրջանակների ներգրավվածությունը՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում՝ առանձնահատուկ ընդգծելով այդ ուղղությամբ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի դերակատարությունը։
«Մենք բարձր ենք գնահատում այն շարունակական աջակցությունն ու օգնությունը, որ տարիների ընթացքում ցուցաբերել եք Հայաստանին։ Առանձնահատուկ գնահատանքի է արժանի Բելգիայի դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործում։ Մենք կարևորում մեր համագործակցության հետագա զարգացումը»,– նշել է նախագահը։
Իր հերթին, Պետեռ Դե Ռուվերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված բանաձևին, որը միտված է Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ամրապնդմանը։ Նախագահը կարևորել է այդ փաստաթուղթը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային աջակցության կարևոր դրսևորում։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով վերջին տարիներին գրանցված առաջընթացը և համագործակցության խորացման շարունակականությունը։ Այս համատեքստում կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որը նպաստում է Հայաստանի կողմից եվրոպական չափանիշների կիրառմանը մի շարք առանցքային ոլորտներում։ Նախագահը նաև ողջունել է Բելգիայի կողմից Երևանում դեսպանատանը հյուպատոսական բաժին ստեղծելու որոշումը՝ նշելով դրա նշանակությունը երկկողմ կապերի զարգացման համար։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին։ Նշվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը դարձել է առավել կայուն և կանխատեսելի, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում խաղաղության գործընթացի առաջմղման համար։



