Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
Համացանցում տարածված 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է՝ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ Մյասնիկյան պողոտայում մերսեդեսը հարվածում է թիվ 53 ավտոբուսին, ինչի հետևանքով վնասվում են նաև այլ տրանսպորտային միջոցներ։
Տարածված ևս մեկ տեսանյութում մերսեդեսի երիտասարդ վարորդը հրճվանքով մանրամասներ է պատմում իր իսկ պատճառով ստեղծված վթարից։



