
Ռուսական գազի իրանական հեռանկարը և հայկական ճանապարհի ամերիկյան երազանքը․ փորձագետը՝ իրական հեռանկարների մասին

Իրանը հույս ունի, որ ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կկարողանան սկսվել մոտ ապագայում․ «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կսկսվի»,- նշել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն էր Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ հայտարարել, որ ռուսական գազի առաջին մատակարարումներն Ադրբեջանի տարածքով գործող ենթակառուցվածքների միջոցով կսկսվեն 2025-ին՝ տարեկան 1,8 մլրդ խորանարդ մետր ծավալով։
Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը, սակայն, թերահավատ է այս գործակցության հեռանկարի առնչությամբ։
«Դժվար թե այդ ծրագիրն այժմ կարողանան իրականացնել՝ պայմանավորված, առաջին հերթին, ռուս ադրբեջանական հարաբերություններով, որովհետև այդտեղ խնդիրները լուծված չեն, ու մատակարարման հավանականությունը, անկախ Ռուսաստանում Իրանի դեսպանի սպասումներից, քիչ հավանական են,- 168․am-ի հետ զրույցում արձանագրեց Արմեն Մանվելյանը և պարզաբանեց,- Ճի՛շտ է, ընդհանուր համաձայնություն կա այդ ծրագրի շուրջ, բայց, սովորաբար, երբ 3 երկրների ղեկավարներ կնքում են պայմանագիրը, համաձայնության են գալիս մատակարարումների շուրջ, հետո պետք է ավելի ցածր աստիճաններով ընդհանուր համաձայնության գան տեխնիկական հարցերի վերաբերյալ։ Այդ ցածր աստիճանի պայմանագրերը, որոնք ավելի տեխնիկական են, չկան։ Կան նաև այլ տիպի պրոբլեմներ․ Ռուսաստանն Իրանին կապող գազամուղը մեծ հզորություն չունի, հետևաբար, կա՛մ պիտի նոր գազամուղ կառուցեն, կա՛մ պետք է այդ գազամուղի տարանցիկությունն ուժեղացնել, ինչը ևս չի արվել»։
Հենց այս համատեքստը հաշվի առնելով է փորձագետն արձանագրում, որ ռուսական գազի մատակարարման այդ ուղու համար գործնականում քայլեր չեն արվել, հետևաբար՝ քիչ հավանական է այս պայմանում դրա իրականացումը։
Քանի որ Նիկոլ Փաշինյանը վաշինգտոնյան այցի շրջանակում համաձայնագրի ստորագրումից հետո իր հերթական ասուլիսում քաղաքացիներին համոզում էր, թե, այսպես կոչված, Թրամփի անվան ճանապարհը ներառելու է երկաթուղի, նավթի և գազի գծեր և ենթադրելու է միջազգային համագործակցություն, Արմեն Մանվելյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայաստանն այսկերպ հնարավորություն կունենա մաս կազմել միջազգային պրոյեկտներին։
Նա հավանական չհամարեց այդ հնարավորությունը՝ տեսակետը հիմնավորելով տարածաշրջանային նախադեպերով․ «Ադրբեջանը ժամանակին կառուցեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու էդ երկաթգիծը, որը թեև բավական մեծ թողունակություն ունի, բայց աշխատում է իր հնարավորության 10-5 տոկոսի չափով։ Այսինքն՝ եթե նույնիսկ այդ երկաթգիծը չեն կարողանում ամբողջովին, ամբողջ ծավալով աշխատեցնել, ապա ի՞նչ սպասել, այսպես կոչված, Թրամփի ճանապարհից, կամ, այսպես կոչված, «միջանցք»-ից։ Այն ավելի շատ թուրք-ադրբեջանական պրոյեկտ է, նրանց համատեղ շահերից բխող, քան ինչ-որ միջազգային ծրագիր, միջազգային հաղորդակցության համակարգ։
Կան արդեն գործող էֆեկտիվ ճանապարհներ, որոնք քիչ ներդրումով կաշխատեն, բայց չեն աշխատում՝ ելնելով Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական նախասիրություններից»։
Նկատենք՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել դեռևս 2017 թվականին, սակայն այնտեղ շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են։ Չնայած հանգամանքին, որ այս նախագիծն Ադրբեջանի վրա նստել է մոտ 900 միլիոն դոլար, սակայն, ըստ տարբեր հրապարակումների, այն գնահատվում է՝ որպես ցածր ֆինանսական արդյունավետություն ունեցող նախագիծ։