
Փաշինյանի քաղաքական հաշվարկի «տավուշյան գինը»

Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս-Ոսկեպար հատվածում իրավիճակն ավելի անվտանգ է։
«Եթե նախկինում մեր համայնքների բնակիչների, ինչպես նաև այստեղով տեղաշարժվողների ուղղությամբ կրակելու հավանականությունը մեծ էր, ապա այժմ իրադրությունը փոխվել է, որովհետև արդեն կա սահմանային գոտի, որը երկուստեք համաձայնության արդյունքում վերահսկվում է սահմանապահների, այլ ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից։ Մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա»,- հավելել է նա։
Այսինքն, նախկինում Կողբ համայնքի, այսօր Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարը դրական է գնահատում Տավուշի մարզում իրականացված անօրինական և պիլոտային սահմանազատումը, որի արդյունքում մարզը չի վերադարձրել իր օկուպացված հողատարածքները, իսկ Ադրբեջանի զինուժն ավելի մոտ է, որը չի կարող ռիսկեր չպարունակել, եթե անգամ այսօր Տավուշում դիվերսիաներ և կրակոցներ նախկինի պես չեն լսվում։ Իսկ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլն այս ուղղությամբ դեռ առջևում է։
Նշենք, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը որոշվել էր, որ պետք է «սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:
Սրանից հետո ռազմական և ոչ ռազմական փորձագետները զգուշացրեցին, որ, այսպես կոչված, անկլավային գյուղերի հանձնումը ոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլև հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը: Ավելին, լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսինքն, «անկլավները» զիջելուց հետո ՀՀ հյուսիսարևելյան հատվածը բառիս բուն իմաստով կարող է պարալիզացվել, և ադրբեջանական կողմը վերահսկի ամբողջ Տավուշը, Լոռու մարզի կեսը:
Նման վտանգ չի՞ տեսնում Արսեն Աղաբաբյանը, ով, ի դեպ, ներկայացնում է «Ապրելու երկիր»-ը, բայց, փաստորեն, առնվազն հիշատակված հարցազրույցում նրա պնդումները իշխող կուսակցության և Փաշինյանի որդեգրած տրամաբանության մեջ են։ Նշենք, որ ժամանակին նույն Փաշինյանը Տավուշի հետ կապված այլ պատկերացումներ ուներ։
Մասնավորապես, 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը Գրիգորի Խաչատուրովի՝ ՀՀ ԶՈՒ-3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակվելու առիթով մի հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր․ «Երրորդ բանակային կորպուսն իր մեջ ներառում է Տավուշի մարզի ողջ զորամիավորումները։ Իսկ Տավուշը, ինչպես գիտենք, պաշտպանական առումով բավականին վտանգավոր հատված է: Ադրբեջանը հայկական սահմանները հենց այդ հատվածից է պարբերաբար գնդակոծում և երբեմն մարդկային կորուստներ պատճառում: Հենց երեկ ադրբեջանական զինուժը մոտ մեկ ժամ հրաձգային զենքերից կրակ էր բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա»։
Իսկ արդեն 2019 թվականին, երբ Գրիգորի Խաչատուրովի ղեկավարությամբ 3-րդ բանակային կորպուսը դիրքային լրջագույն բարելավումներ էր իրականացնում, իշխանությունները ոգևորությամբ արձանագրում էին, որ «Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը», որ «Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունն ապահովված է»:
Իշխանական մամուլը ևս խմբագրականներ էր գրել այս մասին:
«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում: Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը:
ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադրբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները»,- մասնավորապես գրել էր «Արմենպրեսը»:
Իսկ 3-րդ բանակային կորպուսը, երբ հրամանատարը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էր, դարձյալ անվտանգային հաջողություններ էր գրանցում և կարողանում զսպել հակառակորդին։ Օրինակները քիչ չեն, բայց տվյալ դեպքում հիշեցնենք 2014 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ ադրբեջանական զինուժը որոշել էր թիրախավորել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, այդ թվում՝ իրենց Քյամարլի կամ Քեմեռլի գյուղի սահմանակից։ Մասնավորապես, 2014 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր․
«Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում՝ ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում»:
Պաշտպանության նախարարության այս հաղորդագրությունից առաջ ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հասցրել էին մեր պատասխան գործողություններից սպանվածների թիվ հայտնել՝ 8-11։
Ավելին, հայկական կողմի պատասխան կրակը ստիպել էր ադրբեջանական գյուղերից (Ղուշչի Այրում, Մազամ, Բալա Ջաֆարլի և այլն) տարհանվել, կամ փախուստի դիմել և սա՝ ադրբեջանական աղբյուրների համաձայն։ Իսկ սահմանին լարվածության թուլացումից հետո իրենց տները վերադարձած Մազամ գյուղի բնակիչները հայկական կողմի համար տեսանելի վայրերում պարզել էին խաղաղության ու հանձնվելու սպիտակ դրոշներ, թերևս, այդ կերպ ընդվզելով ռազմական բախումների դեմ։ Այդ օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի բնակիչները նույնիսկ քարեր են նետել ադրբեջանական զինվորականների ուղղությամբ։
Իսկ այս դեպքերից մեկ տարի հետո՝ 2015 թվականին, Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Մարտական լուրեր Մովսեսից» վերնագրով անանուն (հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն էր գրել) հոդված էր հրապարակել, որտեղ Տավուշում անվտանգային խնդիրների լուծման երեք տարբերակ էր ասռաջարկվում։
Տարբերակ 1 – Հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը: Նման իրական հնարավորություն կա, որովհետև մեր բազմաթիվ դիրքեր այս հատվածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ, և մեր բանակն ունի դիրքային էական առավելություն:
Տարբերակ 2 – Կայուն խաղաղություն է ձեռք բերվում բանակցությունների ընթացքում:
Տարբերակ 3 – Կրակոցների, հարձակումների երկարատև շարքի հետևանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետև մարդիկ իսկապես չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ:
Պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ հաշվով՝ Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը: Լավագույնը, իհարկե, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողությունները կասկածի տակ են դնում դրա ռեալությունը: Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի: Եվ պրոցեսների այսպիսի շարունակության դեպքում կարծես թե առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու: Տեղի զինվորականները մեր թղթակիցների հետ շփումների ընթացքում ասում են, որ այս հատվածի ադրբեջանական դիրքերը գրավելն իրատեսական է ռազմական առումով: Իսկ թե նման գործողությունն ի՞նչ ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական հետևանքներ կառաջացնի՝ դա արդեն քաղաքական հաշվարկի հարց է»:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասի կամ ասում է, որ ընտրել է 2-րդ տարբերակը։ Այլ հարց է, թե որքանով է դա Տավուշն իրապես անվտանգ դարձնելու, հատկապես, երբ առաջին տարբերակում նշված մեր զինուժի ռազմական կարողությունները ոչնչացվում են։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը և Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը կասեն, որ այսօր նախկինի նման չեն կրակում, որ սահմանապահների առկայությունն իրավիճակ է փոխելու, և ոչինչ, որ Տավուշի որոշակի հատվածում Ադրբեջանը 2018 թվականից է զինվորականներին սահմանապահներով փոխարինել, բայց որոնք իրենց զինվածությամբ չեն զիջում բանակայիններին։