Ի՞նչ հաշվարկ էր Փեզեշքիանի հետ հանդիպումից անմիջապես հետո Էրդողանի գաղտնազերծումը
Օրերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն օկուպացված Ստեփանակերտում մասնակցել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:
Իրանի հասարակական և քաղաքական շրջանակներում Փեզեշքիանի այցը մեծ հակազդեցություն է առաջացրել, անգամ՝ պարսկալեզու աղբյուրներում պահանջել են երկրի նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ սկսել: Ըստ էության, Հայաստանում էլ վերապահումներ կային հարևան երկրի ղեկավարի՝ օկուպացված Արցախ այցի հետ կապված:
Իսկ թե որքանով են մեր դեպքում այս առումով դժգոհություններն արդարացի կամ ոչ արդարացի, 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

«Եթե Իրանը ցանկանում է միաժամանակ պահպանել իր մասով ազդեցությունը Հարավային Կովկասում, հատկապես տնտեսական և տրանսպորտային նախագծերում, և չի ուզում թույլ տալ, որ տարածաշրջանում ամբողջությամբ գերիշխի Թուրքիա-Ադրբեջան դաշինքը, պետք է նմանատիպ ֆորումներին մասնակցի: Դա ուղիղ կապ ունի Իրանի տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի հետ՝ իր հարևանությամբ զգայուն համարվող տարածքներում։ Բացի տնտեսական տրանսպորտային նախագծերի շրջանակներում մասնակցությունից, Իրանի համար առաջնահերթ է նմանատիպ գագաթնաժողովներում խոսել իր կարմիր գծերից, հաստատել իր շահերը տարածաշրջանում և ցույց տալ, որ տարածաշրջանում ցանկացած պրոցեսների մեջ Իրանը դերակատար է:
Գուցե էմոցիոնալ տեսանկյունից հատկապես հայկական տիրույթում ոչ միանշանակ է գնահատվում Իրանի նախագահի այցն օկուպացված Ստեփանակերտ, բայց, ըստ իս, Իրանի այդ քայլը պրագմատիկ է, և կրկնում եմ, ցույց է տալիս, որ իր շահերը գերակա են ցանկացած այլ հարցից, ներառյալ՝ հայկական հարցից։ Սա նշանակում է՝ Իրանը գործակցելու է Բաքվի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա համապատասխանում է իր անվտանգային և տնտեսական շահերին»,- նշեց նա:
Օկուպացված Արցախ այցի ընթացքում Իրանի նախագահ Փեզեշքիանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Շատ չանցած՝ իր երկիր վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ ճեպազրույցում Էրդողանը հայտարարել էր. «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում»։
Թուրքիայի նախագահը նաև նշել էր, որ տարածաշրջանի զարգացումը ոչ միայն Ադրբեջանի համար է հնարավորություն, այլև Հայաստանի, Թուրքիայի, Իրանի և այլ երկրների, և, որ այն ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական հեղափոխության մաս է:
Թե ի՞նչ հաշվարկ էր արել Էրդողանը, երբ անմիջապես Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո փակագծեր բացեց, 168.am-ի հետ զրույցում Շիրազ Խաչատրյաննն ասաց, որ Էրդողանի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելն Իրանի նախագահի «ներկայությամբ» պարզ հաշվարկված ուղերձ էր և սիմվոլիկ նշանակություն ուներ.
«Էրդողանը, բարձրաձայնելով «Զանգեզուրի միջանցքի» թեման, ստուգում է, թե Իրանը որքա՞ն հեռու է գնալու այս «դիմակայության» մեջ։ Թուրքիան Իրանի համար փորձում է հստակեցնել ուժերի հարաբերակցությունը: Նա իրեն համարում է տարածաշրջանի գլխավոր դերակատարը, իսկ նմանատիպ խոսույթով ու մեսիջներով, ըստ էության, Իրանին առաջարկում է երկրորդական դերի հարմարվել։ Էրդողանը փաստացի ասում է՝ «եթե ուզում եք մասնակցել տարածաշրջանային տնտեսական նախագծերին, պետք է չխոչընդոտեք մեր ռազմավարական ծրագրերին (այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքին)»: Թուրքիան փորձում է Իրանի տնտեսական հետաքրքրությունն օգտագործել՝ որպես զիջումների գործիք»,- մանրամասնեց Շ. Խաչատրյանը:
Ի դեպ, Իրանի նախագահն այդ օրերին այցելել էր նաև օկուպացված Շուշի, որտեղ Ալիևը նրան ցույց է տվել «հայերի կողմից մզկիթների ոչնչացման հետևանքները»:

Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բանտում պահվող գործարար Ռուբեն Վարդանյանի՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Արցախի Հանրապետության կառավարության և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում Շուշիում իրականացվել էր Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման ծրագիրը։
Այսինքն, մզկիթի վերականգնման ծրագրում IDeA հիմնադրամը հանդես էր եկել որպես հարթակ Արցախի Հանրապետության կառավարության, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի (Revival of Oriental Historical Heritage Foundation) և դոնորի միջև:
Ծրագրով նախատեսվել էր հիմնովին վերականգնել մզկիթը՝ ապահովելով դրա նախնական տեսքը, բարեկարգել հարակից տարածքը և իրականացնել մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքի կապիտալ ամրակայման աշխատանքները՝ կառույցի հետագա փլուզումը կանխելու համար։

Արդեն 2019-ին պաշտոնապես հայտարարվել էր, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամների ծրագրերի շրջանակներում Արցախի Շուշիում վերականգնվել է Գոհար Տիկնոջ Վերին Մզկիթը, որի վերականգնման համար ծախսվել էր ավելի քան 1,5 միլիոն դոլար:



