Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են նույն կամ շատ նման խոսույթ. Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ մեր համատեղ պատմության ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են նույն կամ շատ նման խոսույթը: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում:
«Ես ինքս էլ շատ հաճախ ասում եմ դրա մասին, Ադրբեջանի նախագահը նույնպես ասում է, որ խաղաղությունը նոր հանգամանք է մեր կյանքում և մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում: Մենք դեռ ուզում ենք հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում խաղաղությունը»,-շարունակեց նա՝ կրկնելով, թե շատ կարևոր է խաղաղության ինստիտուցիոնալացումը, ինչը ենթադրում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը:
«Ուզում եմ նաև ընդգծել, որ սխալ է այն կարծիքը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե հիմք չունի պարտադիր ուժ ունեցող: Որովհետև 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և երկու երկրներում վավերացրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը, որը մեր երկրների միջև ստորագրված առաջին միջպետական համաձայնագիրն է, որն ունի իրավական պարտադիր ուժ երկու երկրներում: Եվ այդ համաձայնագրով Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվում է որպես բազային սկզբունք՝ ՀՀ-Ադրբեջան սահմանների սահմանազատման համար»,-ասաց Փաշինյանը՝ խաղաղության ինստիտուցիոնալացման փաստ համարելով նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը:
Միաժամանակ այս համատեքստում նա նկատեց, որ 40 տարի Ադրբեջանը և Հայաստանն ապրել են թշնամանքի միջավայրում, և հնարավոր չէ՝ «թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել», և դրանով միանգամից վերջ դնել թշնամանքին և ասել՝ այլևս խաղաղություն է:
«Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից: Դա անխուսափելի իներցիոն գործընթաց է, եթե անգամ խաղաղության համաձայնագիրը ստորագրված լիներ: Խաղաղության ամենակարևոր ինստիտուցիոնալացումն այն է, որը տեղի է ունենում մարդկանց մտքերում և սոցիալ-հոգեբանական մակարդակում»,-շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը չի նշանակելու, որ աշխատանքն ավարտվեց:
Մանրամասները՝ տեսանյութում



