Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Չինաստանի և Հնդկաստանի հետ. փոխարտգործնախարար
Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և, այո՛, մենք ունենք եվրոպական ձգտումներ, բայց նաև շատ ամուր ու զարգացող հարաբերություններ ունենք Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ։ Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ դրա մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Մենք լավ ենք ճանաչում այդ տարածաշրջանը։ Անկախության ձեռքբերումից հետո մենք բարեկամական հարաբերություններ ենք հաստատել տարածաշրջանի շատ երկրների հետ։ Վերջին տարիներին մենք ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրեր ենք ստորագրել Չինաստանի հետ։ Մենք նաև պաշտպանության ոլորտում շատ լավ համագործակցություն ունենք հաստատված Հնդկաստանի հետ։ Առևտրի ծավալներն աճում են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Վիետնամը։
Ճապոնիայի հետ մենք աշխատում ենք բազմաթիվ ոլորտներում կարողությունների հզորացման ուղղությամբ։ Այնպես որ, մենք շատ խոստումնալից ապագա ենք տեսնում Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր հարաբերությունների համար»,- նշել է Սաֆարյանը։



