Հայաստանը՝ անորոշության խաչմերուկում

Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ապացուցել են, որ իրենց համար առաջնայինը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու կայունությունն է, այլ սեփական իշխանության պահպանումը։ Զարմանալի չէ, որ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում՝ փոխարենը մտածելու խաթարված ներքին կայունությունն ու միասնականությունը վերականգնելու մասին, իշխանական խմբակը գնում է երկիրը շարունակաբար պառակտելու ու թուլացնելու ճանապարհով։

Այլևս պարզ է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչքան կշարունակվի իրանա-իսրայելական հակամարտությունը, դա իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա։ Ազդեցությունը կլինի՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ։

Կարճաժամկետ ազդեցություններն այսօր արդեն սկսել են զգացնել տալ՝ հատկապես տնտեսական հարթության մեջ։

Տուժել են առաջին հերթին՝ Իրանով իրականացվող բեռնափոխադրումները։ Բեռնափոխադրողները կանգնած են լոգիստիկ խնդիրների առաջ ու ստիպված են նոր ուղիներ փնտրել՝ բեռները տեղ հասցնելու համար։

Կարդացեք նաև

Խոսքը վերաբերում է Իրանով իրականացվող՝ ինչպես ներմուծումներին, այնպես էլ՝ արտահանումներին։

Այս պահին իրանական անցումը բեռնափոխադրումների համար գրեթե ամբողջապես դադարել է գործել։ Հույսը փոխադրման այլ ուղիներ գտնելն է, որը, սակայն, միշտ չէ, որ տնտեսապես ձեռնտու է։ Դա ժամանակ ու լրացուցիչ միջոցներ է պահանջում, ինչը թանկացնում է այդ բեռների ինքնարժեքը։ Այն լինելու է ի վնաս՝ ինչպես ներքին սպառողի, այնպես էլ՝ տեղական արտադրողի։ Ներմուծվող ապրանքները թանկանալու են, արտահանվողները բախվելու են մրցունակության թուլացման հետ։

Իրավիճակը բարդանում է նրանով, որ հայկական բեռնափոխադրողներն աչք չեն բացում մնացած միակ ցամաքային ճանապարհով փոխադրումներ իրականացնելու ժամանակ պարբերաբար առաջացող դժվարություններից։ Արդեն տևական ժամանակ է, ինչ Վրաստանն է խոչընդոտներ ստեղծում հայկական բեռների, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների արտահանման համար։ Թեև շաբաթներով ու ամիսներով քնեցնելուց հետո, երբեմն-երբեմն որոշ քանակությամբ ավտոմեքենաներ բաց են թողնում, այնուհանդերձ խնդիրը մնում է չլուծված։ Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում վրացական կողմի ստեղծած արհեստական անհարմարություններին լուծում տալ։ Այս իրավիճակը հեռանկարում հանգեցնելու է ռուսական և այլ շուկաներում հայկական արտադրության ալկոհոլային խմիչքների աստիճանաբար դուրսմղմանը, եթե արդեն չի հանգեցնել։

Սակայն բեռնափոխադրումներն այն միակ խնդիրը չէ, որին Հայաստանի տնտեսությունը բախվել է հարևան ու բարեկամ Վրաստանի իշխանությունների կամայականությունների ու իրանա-իսրայելական հակամարտության հետևանքով։ Իրանը Հայաստանի համար հանդիսանում է ոչ միայն տարանցիկ երկիրը, այլև տնտեսական կարևոր գործընկեր։

Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալներով Իրանը չորրորդն է։

Մեծը կշիռ ունեն հատկապես ներմուծումները, որոնք իրականացվում են հիմնականում ներքին սպառման նպատակով։ Հաշվի առնելով՝ ինչպես փոխադրումների հետ կապված անվտանգային խնդիրները, այնպես էլ՝ այն հանգամանքը, որ Իրանի տնտեսությունը դադարել է աշխատել ամբողջ ծավալով, առաջիկայում կարող է խաթարվել այդ ապրանքների կանոնավոր մատակարարումը։

Տնտեսական ծրագրերի սառեցման մասին խոսելը նույնիսկ անիմաստ է։ Վտանգի տակ է երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքների շարունակումը։ Հազիվ թե այսօր դա առաջնահերթություն է Իրանի իշխանությունների համար, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրի ֆինանսական ապահովումն իրանական կողմի վրա է։

Տարածաշրջանային լարվածությունից Հայաստանի տնտեսության համար թելադրված մարտահրավերներն ուղղակի են նաև զբոսաշրջության պարագայում։

Անվտանգության խնդիրները միշտ էլ առաջնային դեր ունեն տուրիստական հոսքերի համար։ Վերջին տարիներին Հայաստանն այդ առումով փայլուն վիճակում չի եղել, բայց տարածաշրջային վերջին սրացումից հետո ռիսկերն ավելի են մեծացել։ Ճիշտ է, պատերազմի ու ներքին անվտանգային խնդիրների պատճառով Իրանից որոշակի հոսքերի ակտիվություն կա դեպի Հայաստան, բայց դրանք ոչ այնքան տուրիստական, որքան պարտադրված հոսքեր են, երբեմն՝ այլ երկրներ մեկնելու նպատակով։

Մինչև վերջին իրադարձություններն էլ Հայաստանը դադարել էր զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնել Իրանի քաղաքացիների համար՝ պայմանավորված այն հայտնի հանգամանքներով, որոնք ի վնաս զբոսաշրջության են։ Խոսքը, մասնավորապես, ապրանքների ու ծառայությունների այն բարձր գների մասին է, որում վերջին տարիներին հայտնվել է Հայաստանը։ Որպես այդպիսին, Հայաստանն էապես կորցրել է մատչելիությունը՝ ինչպես շատ այլ երկրների, այնպես էլ՝ Իրանի քաղաքացիների համար։

Տարածաշրջանային վերջին իրադարձություններից հետո, տարեսկզբից նկատվող զբոսաշրջային հոսքերի կրճատումը, ամենայն հավանականությամբ, շարունակելու է խորանալ։

Հայաստանի տնտեսությունն այս ամենի հետևանքով բախվելու է նաև ներդրումային ռիսկերի հետ։ Թեև առանց այդ էլ, այսօր Հայաստանում ներդրումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած անվտանգությունից, վերջացրած դրանց չպաշտպանվածությամբ։ Որքան էլ այս պահին հայ-իրանական սահմանային հատվածներում տագնապալի զարգացումներ կարծես չկան, այնուհանդերձ իրանա-իսրայելական կոնֆլիկտի հետ կապված անորոշությունը բավական է, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումային անվտանգության հետ կապված բաղադրիչն ավելի մեծանա։

Սրանք այն ակնհայտ ռիսկերն են, որոնց Հայաստանը հասցրել է բախվել կարճաժամկետում։ Եթե հակամարտությունը շարունակվի, երկարաժամկետում դրանք ավելանալու են։ Կան շատ ավելի թաքնված հետևանքներ, որոնք այս պահին այդքան էլ տեսանելի չեն, բայց դրանց ազդեցություններն աստիճանաբար սկսելու են դրսևորվել։ Մի կողմից՝ էապես աճել են մատակարարման շղթաների, տնտեսության ու սպառողական շուկաների հետ կապված ռիսկերը, մյուս կողմից՝ սկսել է թուլանալ տնտեսական ակտիվությունը։ Գնաճի նկատվող ակտիվացումը շարունակվելու պայմաններում՝ առաջիկայում Կենտրոնական բանկը ստիպված է լինելու կրկին վերադառնալ զսպողական քաղաքականության, որը մեծացնելու է ճնշումը տնտեսության վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս