ԱՄՆ-ը 5000 զինծառայող է դուրս բերում Գերմանիայից. Reuters
Միացյալ Նահանգները 5000 զինծառայող է դուրս բերում ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից, ուրբաթ հայտարարել է Պենտագոնը՝ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպայի միջև Իրանի հետ պատերազմի վերաբերյալ սրվող տարաձայնությունների պայմաններում։ Դրա մասին հայտնում է Reuters-ը։
Այս շաբաթ ավելի վաղ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած տարաձայնություններից հետո, սպառնացել էր կրճատել զորքերի թիվը։ Վերջինս երկուշաբթի հայտարարել էր, թե իրանցիները նվաստացնում են ԱՄՆ-ին երկամսյա պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում։
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, որը հանդես է եկել անանունության պայմանով, հայտարարել է, որ Գերմանիայի վերջին հռետորաբանությունը եղել է «անտեղի և անօգուտ»։
«Նախագահն արդարացիորեն արձագանքում է այդ հակաարդյունավետ դիտողություններին»,- ասել է պաշտոնյան։
Պենտագոնը նշել է, որ զորքերի դուրսբերումը նախատեսվում է ավարտել առաջիկա վեցից տասներկու ամսում։
Պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ զորքերի թվի կրճատումը թույլ կտա Եվրոպայում ամերիկյան ուժերը վերադարձնել մոտավորապես այն մակարդակին, որը կար մինչև 2022 թվականը, երբ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենին դրդեց ավելացնել զորակազմը։
Ըստ պաշտոնյայի՝ այժմ Գերմանիայում տեղակայված բրիգադային մարտական խումբը դուրս կբերվի երկրից, իսկ հեռահար կրակային աջակցության գումարտակը, որը Բայդենի վարչակազմը ծրագրում էր տեղակայել Գերմանիայում այս տարվա վերջին, այլևս չի տեղակայվի։



