Քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Մայիսի 4-5-ը Երևանում տեղի կունենա ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հրապարակման մեջ նշվում է, որ սա նշանակալի քայլ է հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և բարեփոխումների օրակարգին։
Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական Միութունը ներկայացնող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և նախագահ Անտոնիո Կոստան, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Գագաթնաժողովի ժամանակ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների և անվտանգության ոլորտներում: Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության և կայուն աճի ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը: Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում:
Նշվում է, որ երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով։



